Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք պետք է արժանապատիվ ներկայանանք»

Մարտ 18,2006 00:00

Ասում է ֆուտբոլի մինչեւ 17
տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Արսեն Չիլինգարյանը Արսեն
Չիլինգարյանը Հայաստանի մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն
է: Վերջերս մասնակցել է նաեւ մարզիչների որակավորմանը եւ ստացել ՈՒԵՖԱ-ի «Բ» կարգի
արտոնագիր: Ստորեւ ներկայացնում ենք նրա նկատառումները. «Դեռեւս տարվա սկզբից մինչեւ
17 տարեկանների ազգային հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնության
որակավորման փուլին: Նախապատրաստվել ենք թե ուսումնամարզական հավաքների ծրագրերն
ու մոտեցումները կազմելու, թե սելեկցիոն աշխատանքի առումով: Դեկտեմբերին արդեն ուսումնամարզական
հավաք անցկացրինք Ծաղկաձորում՝ շեշտը դնելով ֆուտբոլիստների ֆիզիկական հատկանիշների
բարելավման վրա: Երկրորդ ուսումնամարզական հավաքն անցկացրինք Արարատում եւ նոր ենք
վերադարձել այնտեղից: Այս հավաքի նպատակն արդեն տեխնիկատակտիկական եւ խաղային մի
շարք խնդիրներ լուծելն էր: Միաժամանակ մասնակցեցինք Հունան Ավետիսյանի հուշամրցաշարին:
Առայժմ ծրագրային խախտումներ չունենք: Բավարարված եմ ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:
Բոլորն էլ պատասխանատվության բարձր զգացում ունեին: Սա բարոյահոգեբանական առումով
լուրջ խթան է: Մեծ ֆուտբոլ խաղալու ցանկությունը նրանց մեջ շատ մեծ է: Նրանք անում
են ամեն ինչ, որպեսզի հաստատվեն հավաքականի կազմում: Գիտակցում են, որ սա դեռ հավաքականի
հիմնական կազմը չէ: Իսկ դա նշանակում է պայքարել, պայքարել՝ ուժերը չխնայելով, հասկանալով,
որ մեծ ֆուտբոլը մեծ ջանքեր է պահանջում: Լավագույն կազմ ձեւավորելու համար մենք,
իհարկե, շարունակում ենք թեկնածուներ փնտրել: Մեր առջեւ լուրջ խնդիրներ են դրված:
Մրցաշարը Հայաստանում է անցնելու եւ այնտեղ արժանապատվորեն հանդես գալը միայն մարզական
նշանակություն չունի: Սրա մասին բոլորս պիտի մտածենք: Այսօրվանից բոլորս պիտի նախապատրաստվենք
այդ հանդիպումներին՝ թե մենք, թե հանդիսատեսը, թե բոլոր նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը,
ովքեր ցավում են մեր ֆուտբոլի համար: Եթե մի լավ բան անելու հնարավորություն ունեն,
թող անեն, լավ ֆուտբոլիստի տեղ գիտեն, թող ասեն: Սա մեր բոլորի պատվի խնդիրն է: Առաջիկայում
կվերսկսենք մարզումներն արդեն Երեւանում: ՀՖՖ գործադիր կոմիտեն արդեն չափազանց կարեւոր
որոշումը կայացրել է: ՀՖՖ նախագահի նախաձեռնությամբ մեր հավաքականի կորիզը կազմող
տղաներից կձեւավորվի «Պատանի» անունով թիմ, որը հանդես կգա հանրապետության 1-ին խմբի
առաջնությունում: Մայիսի 1-10-ը Իրանում կազմակերպվելու է մեր տարիքային խմբի հավաքականների
միջազգային մրցաշար: Մենք ընդունել ենք հրավերը: Մրցաշարը, անշուշտ, մեծ դեր կխաղա
մեր հավաքականի նախապատրաստության գործում: Բացի այդ, ցանկանում ենք օգոստոսին մասնակցել
Պալանգայում կայանալիք միջազգային մրցաշարին: Մայիսից մինչեւ օգոստոս հնարավոր է
մեկ այլ միջազգային մրցաշարի մասնակցել՝ Ռուսաստանում կամ Ուկրաինայում: Ցանկալի
է, որ Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի մեկնարկից առաջ հավաքականը
5-6 ստուգողական հանդիպումներ անցկացնի: Սրանք ահռելի ֆինանսական ներդրումներ են
պահանջում, բայց միջազգային հանդիպումների փորձը միանգամից այլ հարթության վրա է
դնում ֆուտբոլիստին թե՛ խաղային, թե՛ բարոյահոգեբանական, թե՛ կամային այլ որակներով:
Մենք շարունակում ենք նաեւ սելեկցիոն լուրջ աշխատանքը: Հայազգի լավ ֆուտբոլիստներ
կան Իրանում: Իրանական մրցաշարի օրերին հենց տեղում կծանոթանամ նրանց հնարավորություններին:
Եթե բավարարեն, միանշանակ կհրավիրեմ: Լավ կադրեր ունի Մոսկվան: Հավանաբար՝ ես, կամ
ֆեդերացիայի ներկայացուցիչները կմեկնեն տեղում այդ խաղացողներին տեսնելու: Արդեն
խոսել եմ Ուկրաինայում հանդես եկող հայազգի մի քանի երիտասարդ ֆուտբոլիստների ծնողների
հետ: Այս գործընթացը դադար չի ճանաչում: Փնտրտուքը շարունակելու ենք: Հունիսին կամ
հուլիսին եւս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնենք, արդեն դրսից հավաքագրված ֆուտբոլիստներին
փորձարկելու համար: Մենք անպայման պետք է արժանապատվորեն ներկայանանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել