Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետականն անմրցունա՞կ է

Մարտ 18,2006 00:00

Գյումրիի մանկավարժականը կարծես թե «խփում» է մասնավոր բուհերի բիզնեսին

Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում վերջերս բացվեց մանկավարժության հետ ընդհանրապես կապ չունեցող 2 ֆակուլտետ՝ սոցիալական մանկավարժության եւ դեղագործական քիմիայի: Արդյոք շուկա՞ն է թելադրում նմանատիպ բաժինների գործունեությունը եւ ինչպե՞ս է գործազրկությամբ նմանը չունեցող Շիրակի մարզում լուծվում տարեկան մոտ 450–500 շրջանավարտների աշխատանքի տեղավորվելու հարցը: Մեր թերթին արդեն իսկ հասել են բազմաթիվ դժգոհություններ առ այն, որ Շիրակի մարզի, հատկապես Գյումրիի դպրոցներ մտնելը՝ ուսուցիչ աշխատելու համար, թանկ հաճույք է: Այս հարցերը փորձեցինք պարզաբանել մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի հետ: Ըստ բուհի ղեկավարի, եթե Շիրակի մարզը բարենպաստ է բուսական դեղագործության զարգացման համար, ինչո՞ւ չպատրաստել համապատասխան կադրեր, հատկապես որ՝ քիմիկոս-դասախոսների կարիք բուհը չի զգում, մնում է միայն մայրաքաղաքից հրավիրել գիտական կոչում ունեցող դեղագործների: Իսկ պետական համակարգում օր օրի ավելացող մասնագիտությունները չե՞ն խլում մասնավոր բուհերի պոտենցիալ կոնտինգենտին: «Ես ընդունում եմ, որ աշխարհի լավագույն համալսարանները մասնավորներն են, բայց դրանք Հայաստանում ձեւավորման փուլում են, մեր բուհը 75 տարվա ճանապարհ է անցել, բայց հազարավոր խնդիրներ ունի՝ եւ կադրային, ինչու չէ՝ նաեւ որակի հարցում: Նրանք էլ պիտի ճանապարհ անցնեն: Մենք այսօր դիմորդներին չենք կարող ասել՝ մի դիմեք մանկավարժական բուհ, գնացեք մասնավոր»,- ասում է Վարդեւան Գրիգորյանը:

Իսկ ինչպե՞ս է լուծվում շրջանավարտների աշխատանքի հարցը, արդյոք Շիրակի մարզին անհրաժե՞շտ են այդքան մեծ թվով մանկավարժներ, մանավանդ որ, վիճակագրության համաձայն, այստեղ բարձրագույն կրթությամբ գործազուրկները բավական մեծ թիվ են կազմում: Պարոն Գրիգորյանի ասելով, աշխատանքի պրոբլեմ բուհի ոչ բոլոր շրջանավարտները կունենան: Օրինակ, հեռակա բաժնում սովորողներն աշխատանքով արդեն իսկ ապահովված են: Մոտ երկու հարյուր ուսանողներ 15 տարվա մանկավարժներ են, որոնք, սակայն, նախկինում մանկավարժական կրթություն չեն ունեցել եւ այժմ օպտիմալացման ահուսարսափից դրդված՝ ստանում են երկրորդ կրթությունը: Բացի այս, ըստ ռեկտորի, ուսուցիչների մեծ պահանջարկ կա սահմանամերձ եւ բարձրլեռնային գյուղերում, շատերը բուհ ընդունվում են նպատակային տեղերով՝ համայնքի պահանջարկով, որը հետագայում վավերացվում է մարզպետարանի, բուհի ու համայնքի միջեւ կնքած պայմանագրով, ու, բնականաբար, կրթություն ստանալուց հետո շրջանավարտը պարտավորվում է աշխատել գյուղում: «Չնայած հակասություն կա զինապարտության մասին օրենքի հետ, բուհն ավարտելուց հետո նպատակային տեղով ընդունված տղաներին անմիջապես բանակ են տանում՝ չպարտավորեցնելով գոնե բանակից հետո աշխատել գյուղում: Բայց չէ՞ որ պետությունն է հոգում նրանց կրթական ծախսերը: Կարծում եմ, որ կամ պայմանագրով պետք է այս կետը մտցնել, կամ էլ պետք է փոփոխել զինապարտության մասին օրենքը՝ նմանատիպ դեպքում ազատելով բանակից: Խորհրդային տարիներին ինչպե՞ս էր. 3 տարի գյուղում աշխատողներին բանակ չէին տանում»,- առաջարկում է ռեկտորը: Իսկ ընդհանուր առմամբ, ի տարբերություն շատերի, Վարդեւան Գրիգորյանը գոհ է պետության քաղաքականությունից. այն ավելացնում է բուհի դիմորդների թիվը. դպրոցը, ուշ թե շուտ, շրջանավարտների համար դառնում է հաստատուն աշխատատեղ, կամաց-կամաց ավելանում է ուսուցիչների աշխատավարձը: Մինչդեռ շրջանավարտներից շատերը վստահեցնում են, որ աշխատավարձի բարձրացումը իր հերթին թանկացնում է դպրոց մտնելու «հախը». շրջանառվող լուրերի համաձայն՝ Գյումրիի դպրոցներում այն հասնում է 300- 500 դոլարի:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել