Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՊԻԿԸ ՄԵՆԱ՞Կ Է ՄՆԱՑԵԼ

Մարտ 18,2006 00:00

ԳԱԱ նախագահության կողմից վերջերս ստեղծված
հատուկ հանձնաժողովն արդեն մեկ ամիս է՝ ուսումնասիրում է ակադեմիկոս Անրի Ներսիսյանի
մեղադրանքները՝ ուղղված նախագահությանը եւ նախագահ Ֆադեյ Սարգսյանին: Դրանք
հիմնականում վերաբերում են ֆինանսական չարաշահումներին: Այսօր Անրի Ներսիսյանը պնդում
է, որ հանձնաժողովի աշխատանքները բնականոն հունով չեն ընթանում, որովհետեւ Ֆ. Սարգսյանը
հրահանգել է աշխատակազմին՝ չտրամադրել ոչ մի փաստաթղթի պատճենը: Մենք դիմեցինք
Ա. Ներսիսյանին հարցով, թե ի՞նչ երաշխիքներ ուներ նա, որ հանձնաժողովը անկախ էր գործելու,
չէ՞ որ անդամները հիմնականում ԳԱԱ նախագահի համակիրներն էին: «Ընդհանրապես իմ համաձայնությունը
պետք է լիներ ցանկացած դեպքում, ես պարտավոր էի մասնակցել այդ աշխատանքներին, որովհետեւ
նախագահությունն էր որոշել դա: Տեսնենք: Ես հակված չեմ հիմա խոսել հանձնաժողովի աշխատանքների
մասին, բայց կան հանգամանքներ, որ բացասաբար են ազդում հանձնաժողովի աշխատանքի վրա,-
ասում է պրն Ներսիսյանը՝ ավելացնելով, որ մինչեւ վերջերս աշխատանքները նորմալ ընթացք
են ունեցել: «Փաստորեն ինձնից թաքցնում են փաստաթղթեր, որոնք անմիջականորեն կապված
են իմ մեղադրանքների հետ: Ծաղրանք է պարզապես, երբ ասում են, որ պրեզիդենտը չի թողնում
փաստաթուղթ տրամադրել: Ընդհանրապես ցանկացած մարդ, ըստ «Տեղեկատվության ազատության
մասին» օրենքի, իրավունք ունի դիմել ցանկացած հիմնարկություն եւ որոշակի ժամկետում
ստանալ պատասխան: Իսկ այս դեպքում սահմանափակվում է իմ՝ այս հանձնաժողովի անդամիս
իրավունքը նաեւ: Հենց ինքը՝ նախագահը պետք է շահագրգռված լիներ՝ բոլոր փաստաթղթերը
դնել սեղանին. դա է ճանապարհը, որով նա պետք է արդարանար: Պետք է ասեմ, որ ես մի
փաստաթուղթ ստացել եմ, եւ հրաժարվել իմ մեղադրանքների մի ենթակետից, քանի որ տեղյակ
չէի համապատասխան հրամանագրի մասին, որ ընդունել էր կառավարությունը. խոսքը վերաբերում
է վերահսկիչ հանձնաժողովի լուծարմանը. պարզվում է՝ բոլոր հիմնարկներից է դա հանված:
Պատրաստ եմ նույնիսկ ներողություն խնդրել նախագահից՝ դրա համար»: Հենց սկզբից
մտավախություն կար, որ Անրի Ներսիսյանին ընդգրկել են այս հանձնաժողով, որպեսզի նրա
ձեռքի տակ եղած փաստերին ծանոթանալով՝ դրանց համապատասխանեցնեն որոշ «վտանգավոր»
փաստաթղթեր: «Հենց այդպես էլ ստացվում է: Եթե մինչեւ հիմա ասում էին, որ ժամանակ
է պետք այդ բոլոր փաստաթղթերը հանելու համար, ապա հիմա պարզապես հեռվից են ցուցադրում,
եւ դա ես պետք է հալած յուղի տեղ ընդունեմ: Ծիծաղելին այն է, որ ԳԱԱ նախագահը
իր մոտ է պահում եւ չի տրամադրում նաեւ նախագահության կանոնադրությունը: Ուրեմն այնտեղ
մի կետ կա, մի պատճառ կա, որ չի տալիս: Նա իր ամբողջ աշխատակազմին է հրամայել, որ
ոչ մի փաստաթղթի պատճենը չտան: Իսկ դա անօրինական հրաման է: Որովհետեւ նախագահությունն
ավելի բարձր է, քան նախագահը: Նախագահը ոչ մի իրավունք չունի նախագահության կողմից
ստեղծված հանձնաժողովին թղթեր չտալու մասին հրահանգ տալ, դա նշանակում է՝ միտումնավոր
ճնշում գործադրել, որպեսզի ինչ-որ փաստեր չբացվեն»: Պրն Ներսիսյանը նաեւ հիշում
է մի «ծիծաղաշարժ փաստ». գիտակազմակերպական բաժնի վարիչ Արամ Շահինյանից վերջերս
խնդրել է նախագահության կազմը եւ բյուրոյի կազմը: Եվ նա խոստովանել է, որ որպեսզի
այդ թուղթը տա, պետք է նախագահի համաձայնությունը: «Նրանք վախենում են նույնիսկ նման
հասարակ մի ինֆորմացիա տալ: Պատկերացնո՞ւմ եք, ֆորմալ առումով, ընդհանուր ժողովը
գերագույն ղեկավար մարմինն է, բայց, փաստորեն, նրա անդամները 0 են: Սրա հետ չի կարելի
հաշտվել»: Երեկ խմբագրություն այցելեց ԳԱԱ ֆինանսական վարչության գլխավոր
հաշվապահ Հռիփսիմե Հովհաննիսյանը եւ հայտնեց, որ որեւէ ճնշում իրենց վրա չկա: Այլ
հարց է, որ տիկին Հովհաննիսյանն ի վիճակի չէ հանձնաժողովին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը
պատճենահանել եւ տրամադրել նրանց: Եվ ընդհանրապես Հ. Հովհաննիսյանը չի համաձայնել
հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, որովհետեւ, ըստ նրա, ֆիզիկապես անհնար է օրվա
գործի հետ 13 տարվա վաղեմության փաստաթղթեր գտնել ու տալ: «Հրաժարվեցի, ազատման դիմում
գրեցի, բայց Ֆադեյ Սարգսյանն ասաց, որ եթե հիմա ես դուրս գամ, կմտածեն մի բան այնպես
չէ, եւ պրեզիդենտն է ասել, որ հրաժարվեմ, ասաց՝ ինչ փաստաթուղթ կուզեն՝ տվեք: Մեկ
տարվա փաստաթղթերը տարել, տվել եմ, ինչ ուզում են, թող վերցնեն, պատճենահանեն: Ես
չեմ ուզում դա անել, ես էլ բանուգործ չունե՞մ»: Միաժամանակ տիկին Հովհաննիսյանն իր
վրա է վերցնում բոլոր մեղադրանքների պատասխանատվությունը, եթե այդպիսիք կան. «Եթե
պրեզիդենտը պետք է սրանք գրեր (խոսքը ֆինանսական հաշվետվությունների մասին է- Հ.
Բ.), էլ ինձ չէր պահի: Եթե կա ինչ-որ մեղադրանք, ապա դա ինձ է հասնում, ես ինձ վրա
եմ վերցնում այդ ամենը, եթե այստեղ կա մի բան, ուրեմն ես եմ սխալ արել, օրենքը լավ
չեմ հասկացել, բացթողում եմ արել, պրեզիդենտը ինչո՞ւ է պահում գլխավոր հաշվապահ»:
Ընդհանրապես գլխավոր հաշվապահը աբսուրդ է համարում, որ ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը
պետք է 13 տարվա հաշվետվություն ստուգի. «Ինքս մեղադրում եմ նախագահությանը, որ նման
հանձնաժողով է ստեղծել, որտեղ ես ինձ պետք է ստուգեմ, հանձնաժողովում էլ ե՛ւ մեղադրողն
է, ե՛ւ մեղադրվողը»: Հռիփսիմե Հովհաննիսյանի զարմանքն այսքանով չի սահմանափակվում.
նա նաեւ չի հասկանում, թե ինչու են լռում գիտնականները եւ ինչու են նրանք մենակ թողել
«պապիկին»՝ Ֆադեյ Սարգսյանին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել