Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շենքը՝ շրջափակման մեջ

Մարտ 18,2006 00:00

Ետընտրական հաշվեհարդար Թեեւ ՏԻՄ ընտրությունները
մնացել են յոթ սարի ետեւում, սակայն ընտրապայքարի շորշոփը դեռեւս շարունակվում է:
Համայնքների «նշանակված» ղեկավարները, օգտագործելով իրենց իշխանական լծակները, փորձում
են «պատժել» այն բնակիչներին, ովքեր իրենց չեն ցանկացել տեսնել համայնքապետի աթոռին:
Վանաձորում գործող քաղաքապետի մրցակցին՝ Գագիկ Հովսեփյանին սատարողները հայտնվում
են աննախանձելի վիճակում: «Սեւ ցուցակում» է հայտնվել Գր. Լուսավորչի 52 շենքի առաջին
հարկի արեւմտյան մասի տարածքի սեփականատեր Էդվարդ Խլղաթյանը, ում սեփականությունը
հանդիսացող հիշյալ տարածքն արդեն ուղղակիորեն խեղդվում է քաղաքապետի «դաբրոյով» տեղադրված
կրպակներով: Օրերս շենքի բնակիչները հերթական անգամ անակնկալի եկան՝ առավոտյան տեսնելով
իրենց բակում հայտնված նոր կրպակը, որը փակում է ոչ միայն շենքի հիշյալ տարածքի լուսամուտները,
այլեւ նրա առջեւ վաղուց արդեն հայտնված մեկ այլ տաղավարի: «Շենքը կարծես բլոկադայի
են ենթարկել, ի՞նչ են ուզում մեզանից, չենք հասկանում, ոչ շարժվելու տեղ ունենք,
ոչ շնչելու»,- բողոքում էին կրպակի մոտ հավաքված շենքի բնակիչները: Հարկ է
նշել, որ քաղաքապետի եւ տարածքի սեփականատիրոջ՝ Էդվարդ Խլղաթյանի ջրերը վաղուց մի
առվով չեն հոսում. վերջինս երկար տարիներ եղել է Վանաձորի համայնքի ավագանու անդամ
եւ այն էլ՝ ընդդիմադիր անդամ, քաղաքապետի որոշումներին շատ հաճախ դեմ է քվեարկել,
պայքարել է, ըմբոստացել: Քաղաքապետն էլ իր հերթին մերժել է նրա առաջարկությունները:
Մերժել է նաեւ հիշյալ տարածքի հետ կապված դիմումները, որոնցով սեփականատերը խնդրել
է քաղաքապետի թույլտվությունը՝ տարածքին կցակառույց ավելացնելու համար: Մերժումը
հիմնավորվել է «քաղաքաշինության նորմերին անհամապատասխանությամբ»: Մինչդեռ դիմումատուն
ունի «Վանսեյսմշինի» դրական եզրակացությունը կցակառույցի վերաբերյալ: Սակայն
հարկ է նշել, որ նույն շենքի մյուս ծայրին երկհարկանի կցակառույց է ավելացրել քաղաքապետի
փեսան՝ խախտելով երկու շենքերի միջեւ եղած տարածության անվտանգության նորմերը: Զարմանալիորեն
իր փեսայի կցակառույցը քաղաքապետը համարել է «քաղաքաշինության նորմերին համապատասխան»:
Իսկ թե ի՞նչ նորմերի է համապա տասխանում կրպակների առատությունը քաղաքի բանուկ այս
հատվածում, հայտնի է միայն Վանաձոր համայնքի ղեկավարին: ՆԱԻՐԱ
ՎԱՆՅԱՆ Վանաձոր-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել