Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Մարտ 18,2006 00:00

Հարցազրույց ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանի հետ

Օրեր առաջ ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի նախագահ ընտրվեց պալատի նախագահի նախկին հավակնորդ Ենոք Ազարյանը: «Կարծում եմ, այդ հանձնաժողովը հանդիսանալու է փաստաբանական ինստիտուտի զարգացման անկյունաքարը»,- ասաց նա, որից էլ սկսվեց մեր հարցազրույցը:

– Ինչո՞վ է զբաղվելու Ձեր հանձնաժողովը:

– Նկատի ունենալով, որ շուրջ հինգ տարի քննություններ չի անցկացվել եւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով չի նախատեսվում փաստաբանական ինստիտուտի ինքնամաքրման գործընթաց, հետեւաբար մենք խնդիր ունենք գոնե այսուհետեւ փաստաբանների շարքերը համալրել լավագույններից՝ լավագույններին: Հարկ է նշել, որ առաջին անգամ մեզ՝ փաստաբաններիս հնարավորություն ընձեռվեց փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդներից որակավորման քննություններ կազմակերպելու եւ դրանց արդյունքները ամփոփելու, համապատասխան վկայագիր տրամադրելու նպատակով կազմավորել որակավորման հանձնաժողով:

ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը փաստաբանական ինստիտուտի ողնաշարն է, եւ դրա գործունեությունից է կախված փաստաբանության հեղինակության դերի եւ նշանակության բարձրացումը, հետագա գործունեության արդյունավետությունը, ի վերջո՝ փաստաբանավայել կարգավիճակը:

– Պրն Ազարյան, ի՞նչ համամասնությամբ է կազմված հանձնաժողովը:

– Փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը կազմավորվել է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 12 հոդվածի պահանջով, երկու տարի ժամկետով՝ ինն անդամի կազմով, հետեւյալ ներկայացուցչության համամասնությամբ՝ փաստաբանների կազմից առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող՝ վարկանիշային կարգով, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված վեց փաստաբան: ՀՀ արդարադատության նախարարությունից՝ մեկ ներկայացուցիչ՝ ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից՝ մեկ գիտնական իրավաբան, այդ հաստատության ղեկավարի ներկայացմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանից՝ մեկ դատավոր՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ: Նշեմ, որ որակավորման հանձնաձողովի նախագահ ընտրվում է փաստաբան անդամների կազմից:

– Իսկ ինչպե՞ս են անցկացվելու քննությունները:

– Որակավորման քննությունը բաղկացած է հարցերի գրավոր պատասխաններից՝ թեստավորումից եւ բանավոր հարցազրույցից:

– Ինչպե՞ս են որոշվելու քննության պահանջները:

– Որակավորման քննության պահանջները, քննական առարկաների ցանկը, գնահատման չափանիշները սահմանում է որակավորման հաձնաժողովը:

– Փաստորեն՝ հավակնորդը առանց քննություն հանձնելու չի կարող ստանալ փաստաբանի արտոնագիր:

– Առանց որակավորման քննություն հանձնելու եւ համապատասխան վկայագիր ստանալու՝ փաստաբանական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն անձը, որն ունի փաստաբանի կամ դատավորի առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժ:

– Ե՞րբ եք մտադիր անցկացնել քննությունները:

– Դեռ կհայտարարենք դիմումներ ներկայացնելու մասին, կտեղեկացնենք եւ կմանրամասնենք քննության պահանջների, դրա ացկացման կարգի եւ քննության ժամկետների մասին:

– Դո՞ւք եք ուսումնասիրելու հավակնորդների փաստաթղթերը:

– Դիմումները ներկայացնելու սկիզբը հայտարարելուց հետո, հաձնաժողովը երկու ամսվա ընթացքում կուսումնասիրի հավակնորդների փաստաթղթերի համապատասխանությունը օրենքի պահանջներին, հետո միայն կորոշի, թե որ հավակնորդներին թույլատրել մասնակցելու քննությանը, հետեւաբար դիմումը ներկայացնելու պահից հավակնորդը կստանա քննության անցկացման կարգը, որում ներառված կլինեն քննության պահանջները:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել