Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանդակում՝ ինչպես գաղութում

Մարտ 18,2006 00:00

Մայիսի
1-ին կբացվե՞ն Կենդանաբանական այգու դռները «Ես չգիտեմ, թե ինչ կլինի
մինչեւ մայիսի մեկը՝ կկարողանա՞նք աշխատել, թե՞ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում չկարողացավ
կողմնորոշվել Երեւանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Սամվել Ղահրամանյանը: Պատճառը
թռչնագրիպի սպառնալիքն է: Փոխտնօրենը վայրի թռչուններին օդում կրակելով վախեցնելը
չի համարում արդյունավետ միջոց. «Օդում կրակելով՝ թռչնագրիպից չենք փրկվի: Դա միջոց
չէ, սրտի հովանք է: Փորձում ենք այնպես անել, որ օտար թռչուն չիջնի մեր թռչունների
մոտ, որովհետեւ տեսակներ կան, օրինակ՝ ջրլողները, որոնց հնարավոր չէ զերծ պահել թռչունների
հետ շփումից. միակ միջոցը վախեցնելն է: Մեկ այլ միջոց էլ ենք փորձում. մուտքի մոտ
տաշտակ է դրված, որի մեջ թեփով դեզինֆեկցիոն նյութ է պատրաստված, որպեսզի մարդիկ
ներս մտնելիս վարակ չբերեն: Առայժմ ավելի լուրջ միջոցներ չկան: Փորձում ենք ստեղծել
գոնե նվազագույն հիգիենայի պայմանները: Իսկ ընդհանուր առմամբ Կենդանաբանական այգու
կենդանիները ձմեռն անցկացրին նորմալ, եթե մահվան դեպքեր էլ եղել են, ապա միայն ծերության
պատճառով»: Թեեւ բյուջեն այնքան էլ շռայլ չէ մեր կենդանիների հանդեպ եւ սննդի կենտրոնացված
մատակարարում չկա, սակայն պարոն Ղահրամանյանի տվյալներով՝ կենդանիների սնունդը կազմակերպվում
է այգու աշխատակիցների եւ գյուղացիների շնորհիվ, որոնք այգի են բերում վաճառքի համար
ոչ պիտանի, բայց կենդանիների քիմքին հարմար միս: Այն, ճիշտ է, «չի հասնի շուկայում
վաճառվող 2000 դրամանոց մսին»: «Ունենք գյուղացի,- պատմում է այգու փոխտնօրենը,-
որը Գորիսից է: Նա ծերացած, կաղ, վիրավոր կենդանիներ է բերում: Թեեւ թանկ է նստում,
սակայն այդ կենդանիներին պահում ենք, եւ երբ կերը քչություն է անում՝ մորթում ենք:
Մի խոսքով, փառք Աստծո, կենդանիները սոված չեն մնում»: Կենդանիների նեղ վանդակների
խնդիրը ցավագին են ընդունում նաեւ այգու աշխատակիցները. «Երազում ենք, որ կենդանիները
վանդակներում չգտնվեն: Տպավորությունը շատ տխուր է եւ, ընդհանրապես, ես դեմ եմ կենդանաբանական
այսպիսի այգու գոյությանը, երբ կենդանիները փակի տակ են պահվում, այն էլ՝ այսպիսի
պայմաններում: Ես կենդանաբանական այգին նմանեցնում եմ ուղղիչ աշխատանքային գաղութի,
միայն այն տարբերությամբ, որ մարդկանց բանտ են նստեցնում մեղքի համար, իսկ կենդանիներին,
ոչ մեկը չգիտի, թե ինչի համար են փակել»: Գյումրիում նույնպես կենդանաբանական
այգի կա: «Չգիտեմ, կարելի՞ է դրան կենդանաբանական այգի կոչել, բայց այն կա եւ մեր
«քույր» կամ «եղբայր» այգին է: Ղարաբաղում նույնպես միջոցներ ձեռնարկվում են, չգիտեմ
ուր են հասել, բայց իրենց առաջ այդպիսի խնդիր դրել են: Մենք մեր պատրաստակամությունը
հայտնել ենք՝ ինչքան հնարավոր է օգնել»,- ասաց փոխտնօրենը: Իսկ կարելի՞ է մինի կենդանաբանական
այգիներ համարել օլիգարխների առանձնատներում պահվող տարբեր տեսակի վայրի կենդանիների
հավաքածուները եւ որքանո՞վ է, առհասարակ, հարմար դրանք մարդկանց շրջապատում պահելը՝
նույն այդ կենդանիների շահերից ելնելով: «Ես հակված եմ, որ վայրի կենդանին ապրի բնության
մեջ, բայց տարբեր դեպքեր են լինում, օրինակ, անտառում արջի քոթոթ են գտնում, որի
մորը ինչ-որ սրիկա սպանել է: Այդ քոթոթը չէր ապրի, եթե մարդը չբերեր եւ չպահեր»:
ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել