Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ ԽԵԼՔ ՈՒՆԵՆ՝ ՓՈՂ ՉՈՒՆԵՆ

Մարտ 18,2006 00:00

Իսկ
մեղրեցիները նաեւ քահանա չունեն Ինչպես հայտնի է, Մեղրին Երեւանից 392 կմ
հեռավորության վրա է գտնվում: Նախկինում (մինչեւ շրջափակումը) 2,5-3 ժամ է տեւել
Նախիջեւանի տարածքով Մեղրիից մայրաքաղաք հասնելը: Իսկ այսօր, մանավանդ ձմռանը՝ 10-12
ժամ: Այստեղ ժամանակին գործող 7-8 գործարանից այժմ աշխատում է միայն մեկը՝ պահածոների
գործարանը, այն էլ՝ իր հզորության 5-10%-ի սահմաններում: Այսօր քաղաքում առաջնայինը
զբաղվածության խնդիրն է: Մեղրեցիները, բացի մի քանի բյուջետային հիմնարկներից եւ
ՌԴ սահմանապահ զորամասից, որտեղ պարտադիր զինծառայությունից հետո մնում են պայմանագրային
զինծառայողներ, զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ, գյուղերում՝ նաեւ
անասնապահությամբ: Հիմնական եկամտի աղբյուրը մեղրեցին համարում է իր բերքն ու բարիքը,
որը վաճառում է տեղի շուկայում, երբեմն էլ Երեւանից կամ մոտիկ քաղաքներից են գալիս՝
փոխանակում այլ ապրանքներով, բայց՝ էժան: Հետաքրքրվեցինք, թե երիտասարդների ժամանցի
համար ի՞նչ պայմաններ կան: Քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ Սիրուն Սարգսյանը
պատասխանեց. «Չէի ասի, որ ամբողջովին կարողանում ենք բավարարել նրանց պահանջները,
այնուամենայնիվ, նրանք անտեսված էլ չեն»: Իսկ թե ինչպես է արտահայտվում նրանց «չանտեսված»
լինելը՝ չասաց: 2005-ի ընթացքում պետությունից հատկացված 30 մլն դրամով ասֆալտապատվել
են կենտրոնական եւ նույնիսկ ոչ կենտրոնական փողոցները: Անցյալ տարի թարմացվել է նաեւ
քաղաքի կոյուղին: Մեղրին նորակառույց առանձնատներով աչքի չի ընկնում: Բազմազավակ
մի կին իր վրդովմունքը հայտնեց. «Երեխաները իրար հետեւից մեծանում են, ամուսնացնելու
խնդիր է առաջ գալիս, պետք է առանձնացնել, բայց որտե՞ղ: Տուն կառուցելը մեր բանը չի»:
Մեղրիում մանկավարժների կարիք չի զգացվում, բայց մեծ է բժիշկների պահանջը: Ծայրամասում
գտնվող միակ հիվանդանոցը հագեցած չէ համապատասխան մասնագետներով եւ հիվանդներին հաճախ
անհրաժեշտ է լինում տեղափոխել մարզկենտրոն՝ Կապան: «Այդ ճանապարհին էլ ի՞նչ իմանաս՝
ի՞նչ կպատահի»,- դժգոհում են մեղրեցիները: Մեղրիում գործող երկու եկեղեցիները քահանա
չունեն: Պատճառը, ըստ մեղրեցիների, տեղի քահանա տեր Հուսիկի՝ Մեղրիից Ավստրիա գնալն
է, ինչի համար նրանք ցավում են: Սյունիքի մարզկենտրոն Կապանն այսօր ունի 14
միջնակարգ դպրոց, 14 մանկապարտեզ եւ 4 երաժշտական դպրոց: Ըստ տեղացիների՝ «Կապանում
խելքի խնդիր չկա, փողի խնդիր կա»: Այստեղ աշխուժություն նկատվում է միայն ամռանը,
երբ ուսանողները վերադառնում են: Գործում են մի քանի բացօթյա սրճարաններ, իսկ դիսկոտեկները
ամենօրյա չեն: Երիտասարդներն են մեկ-մեկ ընկերական խմբերով միջոցառումներ կազմակերպում:
Միակ մանկական զբոսայգում գործում են 30 տարվա վաղեմություն ունեցող կարուսելներ,
եւ այդ պատճառով էլ ծնողները վախենում են երեխաներին թույլ տալ՝ օգտվել այդ հաճույքներից:
Կապանցիները մեծ խանդավառությամբ ընդունում են մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիներին
հանդիպելը: Ճիշտ է, տեղացիներն էլ են կազմակերպում համերգներ, բայց, ինչպես նշեցին՝
նույն բանը միշտ հաճելի չէ լսել: Կապանում քիչ չեն նաեւ աղանդավորները: Տեղացիների
ներկայացմամբ, օրը մի քանի անգամ կարող են դուռը թակել ու ամեն անգամ նոր աստծո անուն
ասել, նոր գրականություն բաժանել. «Մենք էլ արդեն չենք կողմնորոշվում՝ որին հավատալ,
որին ընդունել»: Չնայած դրան, Կապանի նորակառույց սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
բարեխղճորեն կատարվում են բոլոր եկեղեցական արարողությունները, ու արդեն մի քանի
տարի է՝ տեղացիները մեծ շուքով տոնում են Հայ առաքելական եկեղեցու բոլոր տոները,
հատկապես՝ Զատիկը: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել