Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դոստոեւսկին՝

Մարտ 17,2006 00:00

Դոստոեւսկին՝ Սունդուկյանի բեմում Թատերագետ Լեւոն Մութաֆյանը՝ «Ոճիր եւ պատիժ» ներկայացման ռեժիսուրայի մասին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս վերջապես կայացավ Ֆ. Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացման պրեմիերան: Վերջապես, որովհետեւ տարուց ավելի թատրոնը ազդարարում էր սպասվելիք բեմադրության մասին: Առաջին ներկայացումից հետո զրույցի հրավիրեցինք թատերագետ Լեւոն Մութաֆյանին, որը շատ լավ գիտի այս ստեղծագործության բեմական պատմությունը ռուսական թատրոններում: Նրա՝ 2003-ին հրատարակված «Պիտեր Բրուկո» ուսումնասիրությունը ասվածի վառ օրինակն է: Լ. Մութաֆյանին առաջարկեցինք իր մտորումները ներկայացնել թե «Ոճիր եւ պատիժի», թե հայ բեմում ռուս դասականների արդիականության մասին՝ առհասարակ: «Չեմ թաքցնում, անհամբերությամբ էի սպասում ներկայացման պրեմիերային, որովհետեւ այս վեպը Հայնրիխ Բյոլի «Ծաղրածուի աչքերով»-ի եւ Ռաբլեի «Գարգանտյուա եւ Պանտագրյուել»-ի հետ դասական ժառանգության իմ ամենասիրած գործերն են: Բայց հետաքրքրությունս միայն սիրով չէր պայմանավորված. Դոստոեւսկու վեպի մի քանի փառահեղ բեմադրություններ եմ տեսել «Տագանկայի», Սանկտ Պետերբուրգի «Լենկոմի» եւ, վերջապես, «Մոսսովետի» թատրոնների բեմադրությունների հանդիսատեսն եմ եղել: Հայ բեմադրիչ Տիգրան Գասպարյանի բեմականացման մեջ չեմ ուզում տեսնել այդ բեմադրությունների արձագանքները: Ինչո՞ւ ճգնել տեսնել, երբ դրանք պարզապես չկան»,- նշեց թատերագետը: Ըստ նրա, Դոստոեւսկու վեպի երեւանյան բեմադրությունը կտրված է ժամանակի տարածությունից ու կարծես ինքն է ցանկանում իր ժամանակը ստեղծել: «Լավ է, որ բեմադրիչ Գասպարյանը իր համար ստեղծել է խիզախման ինքնահատուկ հարթակ, ջնջել ամեն մի հիշողություն ու գնացել դեպի Դոստոեւսկի՝ վեպը հարմարեցնելով թատրոնի լեզվին: Նա ջանք է թափել նաեւ ստեղծել գրական-դրամատիկ կուռ նյութ: Կարճ ասած՝ կառույցի սյուժե: Եվ այն կա: Կա գործողությունների, դիպվածների տրամաբանական շարունակություն, ինտրիգ կառուցելու եւ հանգուցալուծելու որոշակի հմտություն, սակայն այս յուրատեսակ բարեխղճությունը քիչ է մոտենում Դոստոեւսկու գրողական գեղագիտական ինքնատիպությանը: Գրողի այս վեպն ամբողջապես յուրատիպ մետաֆոր է՝ կառուցված ողբերգական հենքի վրա: Ահա ինչու այն պահանջում էր գրական նյութի մատուցման այլ եղանակներ ու սկզբունքներ, ոչ թե ավանդական սյուժե, ինչը ներկայացրել է բեմադրիչը»,- հայտնեց Լ. Մութաֆյանը: Ուրեմն, ըստ թատերագետի, հարկավոր էին պարադոքսալ լուծումնե՞ր: «Իհարկե, վեպի ենթաշերտն ու ենթաբնագիրը անշուշտ պիտի դառնային բեմավորման նյութը, դիալոգացված պատմությունը ներկայացնելու գաղափարը: Սա մերժելի չէ, սակայն այն չի բխում Դոստոեւսկու վեպի առանձնահատկությունից»,- ասաց մեր զրուցակիցը: «Ինչ-որ ճիգ կա՝ արտասովոր ու նորարար երեւալու, դեպի թատրոնի ժամանակակից լեզուն ու արտահայտչաձեւերը գնալու: Կան ուշագրավ լուծումներ, հստակ ելակետեր, սակայն ամբողջության մեջ հստակ չէ բեմադրաձեւը, ներկայացումը չունի կոմպոզիցիոն, ոճական, ներդաշնակ ամբողջականություն, ինչն էլ ստեղծում է թափթփվածության տպավորույթուն»,- նկատեց Լ. Մութաֆյանը: Վերջինս համաձայն չէ. «Դյուրին չէ Դոստոեւսկի բեմադրելը, ուստի Տիգրան Գասպարյանի բեմադրությունը պիտի համարել նրա որոնումների ոչ թե ամբողջացումը, այլ՝ ընթացքը, փորձը: Նա, իմ կարծիքով, չի խորացել նաեւ ստեղծագործության գաղափարական առանձնահատկությունների մեջ: Դոստոեւսկու փիլիսոփայության առանցքը մարդու եւ սատանայի ներհյուսումն է մեկ անհատի մեջ, երբ հակադրությունները դեգրատացնում են անհատին, որը վերջինիս տանում է գերիրականության գաղափարին: Գրողը չի պաշտպանում այս անհատին. նա անխուսափելի է համարում խորտակումը, դատապարտումը: Ոճիրը, ըստ հեղինակի, ոչ թե սոսկ գործողություն է, այլ մտային ու հոգեբանական դեֆորմացիայի արգասիք»: Ըստ Լ. Մութաֆյանի, այս մոտեցումն է բացակայում, ինչի հետեւանքով էլ գերիշխողը սենտիմենտալ-զգայացունց պատմություն ներկայացնելն է, հերոսի (Ռասկոլնիկովի) մեջ Հիսուս տեսնելու չարդարացված միտումը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել