Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԵՌՆԱՅԻՆ

Մարտ 17,2006 00:00

«ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐԸ» «ՊԼԱՆԻ ՏԱԿ» Է Ճանաչված քանդակագործ Տիգրան Արզումանյանի հայտնի խմբաքանդակի ճակատագիրը վտանգված է «Դվին» հյուրանոցի սեփականաշնորհումից հետո, որի բակում տեղադրված է քանդակը, այժմ բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Ու հավանաբար շինարարական «վերաձեւումների» արդյունքում եզակի այս գործը «պլանի տակ» կհայտնվի: «Լեռնային պարի» անորոշ ճակատագրով մտահոգ հեղինակը խնդրի մասին քանիցս խոսել է հեռուստատեսությամբ, բայց առայժմ ոչ մի արձագանք: Ներկայումս քանդակը շարունակում է «շիֆերների» շրջափակման մեջ մնալ: Ի դեպ, խորհրդային տարիներին «Լեռնային պարը» առանձնապես չէր գովազդվում հասկանալի պատճառով՝ մեջը ազգային ոգի կա ու խրոխտություն: Կապվեցինք Տիգրան Արզումանյանի հետ: Հեղինակն ասաց, որ պատրաստվում է դիմել քաղաքապետին, որովհետեւ քաղաքապետարանը, ավելի ճիշտ՝ հենց քաղխորհուրդն է ժամանակին (1984թ.) եղել քանդակի պատվիրատուն: «Ուզում եմ իմանալ՝ քաղաքապետը ի՞նչ իրավունքներ ունի քանդակի վերաբերյալ, տեղափոխվելո՞ւ է այն, թե՞ ոչ: Բանն այն է, որ քանդակը կոփածո պղինձ է, մեջն էլ բետոն, իսկ դա նշանակում է, որ տեղափոխելիս այն հաստատ կվնասվի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ քաղաքի ղեկավարությունը պետք է տեր կանգնի այս գործին»,- ասաց քանդակագործը: Նկատենք, որ գոյության 20 տարիների ընթացքում վերոնշյալ քանդակը տեղ է գտել արտերկրի լավագույն կատալոգներում, իսկ նրա մանրակերտը Մոսկվայում մրցանակի է արժանացել: Այնպես որ, սա հեղինակի այցեքարտն է: «Չեմ կարծում, թե որեւէ մեկի ձեռքը գնա այն փչացնել: Եվ չեմ ուզում, որ այս քանդակը վատ վախճան ունենա երեւանյան որոշ հուշարձանների նման: Մանավանդ հիմա տարածքների ու շինությունների սեփականատերերից շատերը, ովքեր հիմնականում հայաստանցի չեն, մեծ իրավունքներ ունեն»,- նշեց քանդակագործը: Տ. Սարգսյանի բախտը քանդակների հարցում կարծես չի բերում, 4 օր առաջ էլ Նուբարաշեն համայնքից գողացել են նրա՝ Ղեւոնդ Ալիշանի բրոնզե կիսանդրին, որը հեղինակի նվերն էր համայնքին: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել