Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐՆԵՐ

Մարտ 17,2006 00:00

ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՉԿԱ՞Ն Երեկ թիվ 7 դպրոցի տնօրեն Վիկտորյա Ռուխիկյանը բաց ժողով էր հրավիրել՝ քննարկելու դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Վարդանյանի մահվան դեպքի մանրամասները: Հավաքին մասնակցում էին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազի օգնական Լեւոն Մուսախանյանը, ոստիկանության ներկայացուցիչը, քաղաքապետարանի կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, բարձր դասարանների աշակերտների ծնողներ, ինչպես նաեւ երեխայի հարազատները: Հիշեցնենք, որ դպրոցում փետրվարի 27-ին ծեծկռտուք է եղել, եւ միայն մարտի 9-ին Էդուարդ Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Այստեղ հետազոտության արդյունքում պարզվել է, որ երեխան գլխուղեղի արատ ունի եւ, փաստորեն, նրան փրկել չի հաջողվել: Այս մանրամասները երեկ մեզ պատմեցին նրա հարազատները, որ այցելել էին խմբագրություն: Նրանք չեն պնդում, թե մահվան պատճառը եղել է այդ ծեծկռտուքը, սակայն պնդում են, որ երեխան պրակտիկորեն առողջ է եղել, նախկինում որեւէ գանգատ չի ունեցել: Մենք տեսանք այն պատվոգրերը, որ Է. Վարդանյանը ստացել էր սկսած 2000-ից՝ թեթեւ ատլետիկայի մրցույթներում ունեցած հաջողությունների համար: Նա նաեւ դպրոցում է բարձր առաջադիմություն ունեցել. 5-րդ դասարանում հաղթել է պատմության օլիմպիադայում եւ այլն: Երեկ դպրոցում տեղի ունեցած հավաքի ժամանակ Է. Վարդանյանի տատիկն ասում էր. «Այնպիսի հոգեվիճակում ենք, որ չենք կարող բացատրություններ տալ, բայց ուզում ենք վերջ տրվի այն լուրերին, որ երեխան հիվանդ է եղել, մեր երեխան առողջ է եղել»: Տատիկն ասում էր, որ բժիշկները սկզբում երեխայի ծնողներին չեն ասել, որ երեխան ի ծնե արատ է ունեցել. նա կարծում է, որ բժիշկները պարզապես խնայել են ծնողներին: Հավաքին Օ. Վաթյանի խաղաղության կոչերն ու դաստիարակչական ելույթները, թե «ձեր երեխաներին բջջային հեռախոսներ եք տալիս ու ուղարկում դպրոց՝ դասատուների ներվերը ուտելու», խիստ զայրացրին տասներորդցիների ծնողներին, ովքեր վարչության պետին հորդորեցին թեմայից չշեղվել եւ խորհուրդ տվեցին դաստիարակչական աշխատանքներ տանելու փոխարեն դպրոցներում կարգ ու կանոն հաստատել: Ծնողներից մեկը կրթության վարչության պետից հետաքրքրվեց, թե նա նորմա՞լ է համարում, որ դպրոցում նման բարբարոսական ծեծուջարդ է տեղի ունենում: Ծնողները տնօրինությունից երաշխիքներ էին պահանջում, որ կռիվը չի շարունակվի, եւ նոր բախումներ դպրոցականների միջեւ չեն լինի: Նրանց խոսքերով՝ «Արդեն քանի օր է երեխաները ահավոր լարված ու վատ հոգեվիճակի մեջ են: Առավոտից իրիկուն խմբերով գնում-գալիս են եւ լարված մթնոլորտ է»: Տնօրեն Վ. Ռուխիկյանը խոստացավ դպրոց ոստիկան բերել: Նա պնդում էր, որ «այս ամեն ինչում մեղավորներ չկան, եւ սա դժբախտ դեպք է»: (Ի դեպ, Վիկտորյա Ռուխիկյանը գյուղատնտեսության փոխնախարար Լեւոն Ռուխիկյանի կինն է): Երեկ տնօրենը նաեւ հերքում էր, թե դպրոցում ծեծուջարդ է եղել, սակայն դատախազությունը երեկ պարզեց, որ, այնուամենայնիվ, եղել է: Դասընկերները պատմում են, որ իրենք վրա են հասել այն ժամանակ, երբ Էդիկին գցած գետնին՝ ոտքերով հարվածում էին, սակայն պնդում են, որ չեն տեսել, թե ովքեր են եղել հարվածողները: Նրանց խոսքերով, ծեծկռտուքից հետո Էդիկի աչքի տակ կապտուկ էր առաջացել: Նրանք իրենց դասընկերոջ վրա արյուն էլ են նկատել: Հարվածների հետքերը նկատել են նաեւ Էդիկի հարազատները: Տատիկի պատմելով՝ երեխան քեռուն պատմել է, որ իրեն հարվածել են: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել