Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուլտիմատում՝

Մարտ 17,2006 00:00

Ուլտիմատում՝ քաղաքապետին Վանաձոր թաղամասի բնակիչները քաղաքապետ Սամվել Դարբինյանին 3 օր ժամանակ էին տվել Վերջինս 2005թ. ՏԻՄ ընտրությունների նախօրյակին, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողության ընթացքում «պատահականորեն» ստանձնել էր գլխավոր դերակատարի պարտականությունը ու «կրակն» ընկել. ծանրակշիռ եւ ոչ փոքր խաչը ժամերով պահելը որքան ցավալի, նույնքան էլ դժվար էր: Քաղաքապետի ձեռքերը մեկ-մեկ թուլանում էին, իսկ հարյուրավոր հավատացյալներ հարկադրված խաչը համբուրում էին… լավագույն դեպքում նրա գոտկատեղում: Հենց այս տանջահարությունից հետո էր Ս. Դարբինյանը խոստացել եկեղեցու շինարարական աշխատանքներն ավարտելուն պես վերականգնել Աբովյան փողոցի երթեւեկությունը: «Շինարարությունն ավարտվել է 4-5 ամիս առաջ, բայց փողոցը չեն բացում»,- ասում են վանաձորցիներն ու պնդում, որ եթե այսուհետեւ էլ հույս կապեն քաղաքապետի հետ (ի դեպ, կապալառուն նրա հիմնած հիմնարկն է), նշանակում է տանուլ տալ «խաղը», քանզի պատմական եւ ազգաբնակչության համար կենսական նշանակություն ունեցող փողոցի սկզբնամասում եկեղեցին բիզնես-կենտրոն կառուցելու մտադրություն ունի: Գուգարաց թեմի առաջնորդն այս առնչությամբ դեռեւս փակագծեր չի բացել, բայց «Լոռի» մարզային հեռուստատեսությամբ հասցրել է հորդորել բնակիչներին, թե իբր փողոցի փակումը եւ այն ուղիղ կապով քաղաքային այգուն միացնելը անշառ ու անվտանգ է եկեղեցի այցելողների համար: Քաղաքապետին հասցեագրված վանաձորցիների վերջնագիրը գրեթե այս է բովանդակում: Հեղինակները միաժամանակ հիշեցնում են, որ եթե 3 օրվա ընթացքում միջոցներ չձեռնարկվեն, իրենք եկեղեցու բակում միտինգ են անելու, այնուհետեւ սեփական ուժերով «դեն են շպրտելու» փողոցը փակող 9 մետրանոց «դոմիկը»: Սամվել Վանցիկիչը իր քար լռությամբ կրկին հաստատեց, որ ինքը միակ քաղաքապետն է եւ իզուր չէ գլխավորում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը խախտած պաշտոնյաների սեւ ցուցակը: Հակամարտող կողմերից թե ո՞վ է ճիշտ եւ ո՞վ սխալ, կպարզվի օրենքով: Իսկ մինչ այդ, Վանաձոր քաղաքում գրանցվեց եւս մեկ «ուլտիմատում»՝ դարձյա՛լ ուղղված քաղաքապետին եւ կրկի՛ն 3-օրյա ժամկետով: Այս անգամ Գր. Լուսավորիչ փողոցի թիվ 52 շենքի բնակիչները Սամվել Դարբինյանից պահանջում են անհապաղ չեղյալ համարել տաղավարահատկացման հերթական որոշումը, այլապես իրենք «կարտաքսեն» առանց այդ էլ աքցանի մեջ գտնվող շենքի առաջ, մայթի մեջտեղում հայտնված մարզպետարանի տրանսպորտի բաժնի պետ Վարդան Գեւորգյանի «դոմիկ-խանութը»: ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել