Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ

Մարտ 17,2006 00:00

ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ՝ ՋԱՎԱԽՔԻՆ Ըստ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի՝ «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» փաստաթղթում «ընդհանրապես բացակայում է մեր անմիջական 4 հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացման հարցը»: Մասնավորապես անդրադարձավ Վրաստանի հետ հարաբերությունների հարցին, որոնք, ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն: Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր դիրքորոշումը. «Հայ-վրացական հարաբերությունների մակարդակի էական ցուցանիշ եւ կարեւոր ուղղություններից մեկը պիտի համարվեն Վրաստանում բնակվող հայերի, մասնավորապես՝ ջավախահայության անվտանգության, օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության եւ ապահովման, Ջավախքի ինքնակառավարման, սոցիալ-տնտեսական, կրթական, հոգեւոր, մշակութային հիմնախնդիրների լուծման հարցում վրացական իշխանությունների առարկայական եւ ծրագրային մոտեցումները: Այս համատեքստում՝ Հայաստանը վրաց իշխանությունների հետ փոխհամաձայնեցվա՛ծ ձեւով պետք է օժանդակի ջավախահայությանը: Ճիշտ կլինի, եթե Հայաստանն իր պետբյուջեում միջոցներ նախատեսի Ջավախքի խնդիրների լուծմանն աջակցելու համար»: «Արդարության» քարտուղարը նաեւ նշեց. «Հարավկովկասյան երկրների լիարժեք զարգացումն ու անվտանգությունը կարող են ապահովվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանն ընդգրկված լինեն անվտանգության միեւնույն համակարգում: Հետեւաբար՝ պետք է իրականացնել տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության միացյալ համակարգի ստեղծմանն ու գործունեությանն ուղղված քայլեր: Այն կարծիքին եմ, որ հարավկովկասյան երկրների անվտանգության հրամայականը ենթադրում է, որ այս տարածաշրջանի կայունացման առանցքը լինեն Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը: Մյուս շահագրգիռ կողմերը՝ ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան, Իրան, կարող են ընդգրկվել Հարավային Կովկասում գոյություն ունեցող վիճահարույց խնդիրների խաղաղ եւ արդարացի կարգավորման, տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացների մեջ: Մենք չենք բացառում որոշակի փուլում Թուրքիայի ընդգրկումը վերոհիշյալ գործընթացների մեջ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել