Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԵՂԱԿԱՆ

Մարտ 17,2006 00:00

«ԳԵՂԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ» ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎՍ ՄԻ ՓՈՐՁ Այսօր «Ա1+»-ին փորձելու են վտարել Մարտի 17-ին, սկսած ժամը 12:00-ից, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իրեն իրավունք է վերապահում հարկադրաբար «Ա1+»-ի խմբագրությունը վտարել Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեում զբաղեցրած տարածքից: Այս մասին խմբագրությունն իմացել է երեկ երեկոյան, ժ. 17:15-ին, երբ ԴԱՀԿ աշխատակիցներն այցելել են խմբագրություն: ԴԱՀԿ ներկայացուցիչներն առաջարկել են «Ա1+»-ին ինքնակամ ազատել զբաղեցրած տարածքը: Հարկադիր կատարող Ս. Ստեփանյանի ընդունած որոշումից պարզ է դարձել, որ բացի խմբագրությունը տարածքից վտարելուց, որոշվել է նաեւ խմբագրությունից՝ հօգուտ «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպության, բռնագանձել նաեւ 4 000 դրամ վճարված պետական տուրքը եւ եւս 5000 դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս: Հիշեցնենք, որ «Ա1+»-ին իր զբաղեցրած տարածքից վտարելու գործընթացը նախաձեռնել էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան (նրան է պատկանում հիշյալ շենքը- Ն. Մ.) դեռեւս 2005թ. ամռանը: Մինչ այդ էլ՝ մոտ մեկ տարի շարունակ, ԳԱԱ-ն համառորեն հրաժարվել էր «Ա1+»-ի հետ վարձակալության պայմանագիր կնքել: Ու մինչ միջազգային կառույցներում Հայաստանին վերաբերող բանաձեւերում ու զեկույցներում միջազգային հանրությունը շարունակում է բարձրացնել «Ա1+» հեռուստաընկերությանը եթերից զրկելու հարցն ու հույս հայտնում, որ, ինչպես ԱՄՆ պետդեպի վերջին տարեկան զեկույցում էր ընդգծված՝ Հայաստանի վերջին անկախ հեռուստաընկերությանը, այնուամենայնիվ, գտնվեն հաճախություններ տրամադրելու ձեւեր, իշխանությունները փորձում են վերջնականապես զրկել «Ա1+»-ին ընդհանրապես գործելու որեւէ հնարավորությունից: Ի վերջո, այդ տարածքը զբաղեցնում է «Մելտեքս» ՍՊԸ-ին պատկանող ոչ միայն եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը, այլեւ «Այբ-Ֆե» լրատվական գործակալությունը, «Այբ-Ֆե» շաբաթաթերթն ու «Հեռուստատեսության աշխատողների բարձրագույն դասընթացներ»-ը: Երեկ մեզ հետ զրույցում «Մելտեքս» ՍՊԸ նախագահ, «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը վստահեցրեց, թե իրենք չեն ընկրկելու կատարածուների առաջ ու մտադիր են պայքարել: Թե ի՞նչ ձեւերով, ըստ նրա, կախված է այսօրվա զարգացումներից: Անդրադառնալով տարածքն ազատելու անակնկալ ու շտապեցնող պահանջին՝ պարոն Մովսեսյանն ասաց. «Մեզնից պահանջում են ազատել շենքում մեր զբաղեցրած տարածքը այն հիմնավորմամբ, թե ԳԱԱ Լեզվի ինստիտուտին, որի վարչական շենքը, գտնվում է Սայաթ-Նովա փողոցի վրա, շտապեցնում են ազատել շենքը: իսկ Լեզվի ինստիտուտը պետք է տեղափոխվի Գրիգոր Լուսավորիչ 15 հասցեում գտնվող շենք, ու նրանց տեղավորելու խնդիր կա: ԴԱՀԿ-ին «Ա1+»-ի հասցեն մատնանշած ԳԱԱ-ին հիշեցնեմ, որ տարածքն ազատելու պահանջներին զուգահեռ՝ այս շենքում վարձակալությամբ տարածքներ են տրվում նոր ընկերությունների: Վարձակալությամբ են հանձնվել շենքի երրորդ հարկը, որը տարիներ շարունակ ամբողջովին դատարկ էր: Դրանք առաջ մենք էինք զբաղեցնում, հիմա ազատել ենք»: Բացի այդ, պարզվում է ԳԱԱ-ն մինչ օրս չգիտի նաեւ, թե «Ա1+»-ը շենքի ո՞ր հարկն է զբաղեցնում: Մ. Մովսեսյանի փոխանցմամբ, Ակադեմիան ԴԱՀԿ-ից պահանջել է ապահովել, որ «Ա1+»-ն ազատի նաեւ շենքի երկրորդ հարկը, որն «Ա1+»-ը երբեք չի զբաղեցրել: Այդ հարկում նախկինում ԱԻՄ-ի գրասենյակն էր, որին արդեն վաղուց են վտարել: «Հիմա տարօրինակ իրավիճակ է այս շենքում,- երեկ ասաց «Ա1+»-ի տնօրենը:- Տարօրինակ է այնքանով, որ շենքի նկուղային հարկում վարձակալության հիմունքով արդեն տեղավորվել է ռուսաստանցի գործարար Արա Աբրահամյանի թիմը: Նրանք այնտեղ վերանորոգումներ են սկսել: Դա նշանակում է, որ Ա. Աբրահամյանը ծրագրեր ունի հետագայում վերցնել ամբողջ շենքը, եւ այստեղ միակ խանգարող տարրը «Ա1+»-ն է, որովհետեւ այս շենքում արդեն շուրջ 15 տարի լինելով՝ մենք որոշակի իրավունքներ ունենք շենքը մասնավորեցնելու դեպքում դրան մասնակցելու իմաստով: Որպեսզի այդպիսի իրավունք չունենանք եւ որեւէ մեկին չխանգարենք տիրանալ շենքին, հարկավոր է, որ մեզ անհապաղ հանեն շենքից: Նաեւ դա է մեզ վտարելու հիմնական պատճառը»: Մեր այն հարցին, թե ի՞նչ է լինելու այսօր, պարոն Մովսեսյանը երեկ պատասխանեց. «Լինելու է այն, որ ժամը 12.00-ին կատարածուները պետք է գան: Մենք, իհարկե, դուրս չենք գալու: Տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն»: Հիշեցնենք, որ երբ առաջին անգամ հարց բարձրացվեց «Ա1+»-ին տարածքից վտարելու մասին, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը առժամանակ սառեցրել էր այդ գործընթացը՝ խոստանալով հեռուստաընկերության տարածքի հարցը լուծել: Երեկ ԴԱՀԿ աշխատակիցների ծանուցմամբ պարզվեց, որ խոստումն այդպես էլ օդում է մնացել: Թեեւ «Ա1+»-ի տնօրենը երեկ դեռ հույսը չէր կորցրել. «Այսօր ինձ կանչել են տարածքային կառավարման նախարարություն, որտեղ, կարծես թե, ինչ-որ բան մեզ ուզում են առաջարկել: Տեսնենք ի՞նչ են առաջարկում»: Մ. Մովսեսյանն ասաց, որ եթե հարմար առաջարկ լինի, իրենք մեծ սիրով դուրս կգան այս շենքից. «Այս շենքն ինձ համար այնքան էլ հրապուրիչ չէ, որքան իրենք են կարծում»: Ակնկալիքներ կա՞ն, որ լրագրողական համքարությունն այսօր իր աջակցությունն է հայտնելու «Ա1+»-ին: «Իհարկե: Չեմ կասկածում, որ մեզ աջակցողներ կլինեն»,- համոզմունք հայտնեց պարոն Մովսեսյանը: Իսկ ի՞նչ է մտածում «Ա1+»-ի դեմ հերթական քայլի մասին լրագրողական համքարության ներկայացուցիչ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Ես սրա տրամաբանությունը չեմ տեսնում՝ հանկարծակի հայտնվել են, տարածքն ազատելու համար կարճ ժամկետներ են տվել՝ այն դեպքում, երբ շենքում նոր վարձակալներ կան: Այս դեպքում ինչո՞ւ պիտի հին վարձակալները վտարվեն, որտեղի՞ց են հայտնվել շենքի նոր վարձակալները: Ես այս ամենը դիտում եմ որպես «Ա1+»-ի դեմ սկսված քաղաքական հետապնդումների շարունակություն»,- ասաց Բ. Նավասարդյանը՝ վստահեցնելով, որ «Ա1+»-ն անպաշտպան չի մնա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել