Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂ

Մարտ 17,2006 00:00

ԼՂ ՀԱՐՑՈՒՄ «ԼՃԱՑՈՒՄ» ՉԿԱ Երեկ Երեւանից Անկարա մեկնեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, որը մինչ այդ եղել էր Ադրբեջանում ու Վրաստանում: Դենիել Ֆրիդին եւ նրան ուղեկցող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Սթիվեն Մանին երեկ ընդունել էր Ռոբերտ Քոչարյանը: Քննարկել էին Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հարցեր, նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված վիճակը եւ հետագա քայլերը: Դենիել Ֆրիդին երեկ ընդունել էր նաեւ Վարդան Օսկանյանը, որի հետ վերոհիշյալ հարցերից բացի՝ քննարկում էր ծավալվել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ու մասնավորապես սահմանի բացման եւ հաղորդակցության ուղիների գործարկման շուրջ: Այդ հանդիպման ընթացքում անդրադարձ էր կատարվել նաեւ Հայաստանում ժողովրդավարության խորացմանն առնչվող հարցերին: Վարդան Օսկանյանը «Հ2» հեռուստաընկերությանը երեկ այս հանդիպման մասին հայտնեց. «Հազարամյակի մարտահրավերի պայմանագրի ստորագրման հարցն էր առաջնայինը: Ֆինանսների նախարարը կստորագրի պայմանագիրը մարտի 27-ին, եւ ես ներկա կլինեմ արարողությանը: Մենք իսկապես գոհ ենք, որ մեզ հաջողվեց ստանալ այս չափի գումարներ: Սա լրջագույն ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռելու ենթակառույցների զգալի բարելավման համար: Ծրագիրը նաեւ առնչվում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին: Այն նոր մակարդակի է բարձրացնելու Հայաստան- ԱՄՆ հարաբերությունները»: Այս բոլոր տեղեկությունները շարադրեցինք ըստ պաշտոնական հաղորդագրությունների: Սակայն երեկ լրագրողները հնարավորություն ունեցան նաեւ անմիջականորեն պրն Ֆրիդից լսել քննարկված խնդիրների մանրամասները: Ասենք, պարզվեց, որ էներգետիկ անվտանգության հարցն արծարծվել է «գազի մատակարարման հետ կապված հունվարյան դժվարությունների լույսի ներքո»: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալը տեղեկացրեց. «Էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման նոր իրավիճակի հետ կապված՝ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն կրկին սկսել են քննարկել ատոմային էներգետիկայի օգտագործման հեռանկարները: Հայաստանում զրուցակիցներս խոսել են ատոմային էներգիայի նոր, անվտանգ եւ տնտեսապես կենսունակ աղբյուրներ ունենալու շահագրգռության մասին: Ես այդ գաղափարները հետս կտանեմ Վաշինգթոն, եւ մենք ուշադիր կքննարկենք դրանք»: Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման բանակցություններին՝ Դենիել Ֆրիդը հայտարարեց, որ դրանք լճացում չեն ապրում: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հետ հանդիպումների հիման վրա նա պնդեց. «Համոզված եմ, որ բանակցությունները կարող են շարունակվել: Մեր քննարկումները Բաքվում եւ Երեւանում լուրջ էին»: Դենիել Ֆրիդը, սակայն, նաեւ նշեց, որ երկու կողմերը շարունակում են «ուժգնորեն պաշտպանել իրենց ազգային շահերը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը տեղեկացրեց, որ մինչ Հայաստան գալը՝ ինքը եւ Դենիել Ֆրիդը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, համաձայնեցրել Բաքվում եւ Երեւանում քննարկվելիք հարցերը ու ստացել համանախագահների լիակատար աջակցությունը: Ըստ Սթիվեն Մանի՝ այս այցի ընթացքում ինքը եւ Դենիել Ֆրիդն ուզում էին պարզել, թե ինչպես են առաջ շարժվելու. «Այն փաստը, որ Ռամբույեում առաջընթաց չգրանցվեց՝ դժվար հարց է, սակայն մենք նախագահների հանդիպումների ժամանակ տեսանք, որ կողմերը առաջ շարժվելու պատրաստակամություն ունեն: Եվ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել այս գործընթացին լավագույն հնարավոր ձեւով»: Եվ վերջապես՝ Դենիել Ֆրիդը կարեւորեց Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացումը եւ նշեց, որ ժողովրդավարությունը Հայաստանում այն հարցն է, որին ԱՄՆ-ը հաճախ անդրադառնում է: Դեռ նախապես էր նշել, թե տարածաշրջան իր այցի կարեւոր նպատակներից մեկը Հարավային Կովկասի ապագան քննության առնելն էր՝ նկատի ունենալով այն ժամանակը, երբ տարածաշրջանային խնդիրները, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Օսեթիայի հարցերը՝ արդեն լուծված կլինեն. «Եվ այս տարածաշրջանի երկրները կկարողանան իրենց ապագան զարգացնել խաղաղ եւ անվտանգ պայմաններում ու կկարողանան իրենց ընտրությունը կատարել ազատ՝ առանց որեւէ արտաքին ճնշումների»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Մամուլի ասուլիսի համար հատկացված ժամանակը շատ քիչ էր, եւ լրագրողները չհասցրին Դենիել Ֆրիդից պարզաբանում ստանալ Ադրբեջանում նրա արած հայտարարության վերաբերյալ, թե ադրբեջանցի տեղահանվածները պիտի վերադառնան իրենց բնակավայրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել