Ինչպես
տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, Ֆուտբոլի ֆեդերացիայի մարտի 15-ին
կայացած գործկոմի նիստի, որում նախագահում էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, օրակարգում
քննարկվել են հայկական ֆուտբոլին առնչվող մի շարք կարեւոր հարցեր: Մրցակարգը
կընդունվի մարտի 21-ին ՀՖՖ գործադիր կոմիտեն քննարկեց 2006 թվականի բարձրագույն
խմբի առաջնության անցկացման կարգը: ՀՖՖ մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի
պետ Ռ. Դալլաքյանը, ներկայացնելով նախկինում ընդունված որոշումը՝ առաջնությունն անցկացնել
11 թիմով եւ 2 շրջանով, ներկայացրեց այս պահի իրավիճակը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ
առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է 8 թիմ: Հաշվի առնելով, որ առաջնության
մասնակից թիմերի քանակը հնարավոր է հասնի 9-ի, ՀՖՖ գործադիր կոմիտեն առաջարկեց քննարկել
առաջնությունը երկու, երեք կամ չորս շրջանով անցկացնելու հարցը: ՀՖՖ նախագահն
առաջարկեց ցանկացած որոշման ընդունման դեպքում բացառել անցած տարվա կարգը (վերջին
տեղերը գրաված թիմերի համար անցկացվել էր առանձին պայքար), քանի որ այդ մոտեցումը
չարդարացրեց իրեն եւ վերջին տեղերը գրաված թիմերը պարապուրդի էին մատնվում: Առաջարկվեց
նույն օրը որոշել առաջնությունն անցկացնել կամ 3 շրջանով, եթե մասնակիցների թիվը
հասնի 9-ի, կամ 4 շրջանով, եթե մասնակիցների թիվը մնա 8, եւ որոշվեց վերջնական վճիռ
կայացնել մարտ 21-ին՝ ելնելով առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրած թիմերի
քանակից: «Արարատ 2-ը» վերանվանվեց «Արարատ», «Դինամո Զենիթը»՝ «Ուլիս» Քննարկվեց
նաեւ «Արարատ» ակումբի դիմումը: ՀՖՖ իրավաբանական բաժինը գործկոմին ներկայացրեց «Արարատ»
անվան շուրջ անցած տարիների ընթացքում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ «Արարատ» ակումբը
դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի բարձրագույն խմբում հանդես եկող
«Արարատ-2» թիմը վերանվանվի «Արարատ»: Ակումբը ՀՖՖ գործադիր կոմիտեին էր ներկայացրել
նաեւ վեճի առնչությամբ ՀՀ տնտեսական դատարանի կայացրած վճիռներն ու որոշումները:
Առաջարկելով քննարկել հարցի բոլոր իրավական նրբերանգները, ՀՖՖ նախագահը միաժամանակ
նշեց, որ իրավական վեճը կողմերի միջեւ կարող է երկար ընթացք ունենալ, իսկ առաջնության
մեկնարկը հեռու չէ, եւ առաջարկեց համաձայնել «Արարատ-2»-ի «Արարատ» վերանվանմանը՝
մեկ անգամ եւս ընդառաջ գնալով «Արարատին»: Չնայած գործկոմի ոչ բոլոր անդամներն էին
համակարծիք ՀՖՖ նախագահի տեսակետին՝ եւս մեկ անգամ ընդառաջել «Արարատին», այնուհանդերձ,
քվեարկեցին վերանվանման օգտին: Ներկայացվեց նաեւ, որ «Դինամո Զենիթ»-ի ակումբը
դիմել է թիմը «Ուլիս» վերանվանելու խնդրանքով: Լսելով ակումբի հետագա ծրագրերը, գործադիր
կոմիտեն հավանություն տվեց թիմի վերանվանմանը: Մինչեւ 17 տարեկանների ազգային
հավաքականի թեկնածուներից կձեւավորվի «Պատանի» թիմը Քննարկվեց նաեւ մինչեւ
17 տարեկանների Ազգային հավաքականի թեկնածուներից առանձին «Պատանի» անունով թիմ ձեւավորելու
եւ այդ թիմի՝ 1-ին խմբի առաջնությանը մասնակցելու հարցը: Ռուբեն Հայրապետյանը
նշելով, որ մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլն այս տարի
անցկացվելու է Հայաստանում, չափազանց կարեւոր համարեց մինչեւ 17 տարեկանների Հայաստանի
հավաքականի արժանապատիվ հանդես գալը եւ որպես կարեւոր նախապայման ընդգծեց հավաքականի
թեկնածուներից առանձին թիմ ձեւավորելու եւ այդ թիմի՝ 1-ին խմբի առաջնությունում հանդես
գալու խնդիրը: Այն հնարավորություն կտա մարզիչներին՝ թե մարզական, թե բարոյահոգեբանական
առումներով ձեւավորել կոլեկտիվ, ինչը հաջողության հասնելու գրավականներից մեկն է:
ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն հավանություն տվեց այս ձեռնարկին: Գործկոմը
հաստատեց նաեւ «Լեռնային Արցախ», «Հայ Արի», «Գանձասար-2», «Արարատ-2» թիմերի մասնակցությունն
1-ին խմբի առաջնությանը: Կստեղծվի մրցաշարի անցկացման կազմկոմիտե Քննարկվեցին
ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նախագահի ընտրության, ՀՖՖ կարգապահական կոմիտեի կանոնակարգում
լրացումներ եւ փոփոխություններ կատարելու, Հայաստանի ազգային հավաքական թիմերի գլխավոր
մարզիչներին իրենց պաշտոններում հաստատելու, Հայաստանում անցկացվելիք մինչեւ 17 տարեկանների
Եվրոպայի առաջնության որակավորման փուլի միջազգային մրցաշարի կազմկոմիտեի նախագահի
ընտրության հարցերը: Ստեղծվելիք ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նախագահ ընտրվեց
ՀՀ Ազգային ակադեմիայի ակադեմիկոս քարտուղար, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ Էդուարդ
Ղազարյանը: Հայաստանում անցկացվելիք մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության
որակավորման փուլի միջազգային մրցաշարի կազմկոմիտեի նախագահ ընտրվեց ՀՖՖ գործադիր
կոմիտեի անդամ Արտակ Մնացականյանը: ՀՖՖ գործադիր կոմիտեն ՀՀ ազգային հավաքականի
գլխավոր մարզիչ Հենկ Վիսմանին, ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել
Պետրոսյանին, ՀՀ մինչեւ 17 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արսեն
Չիլինգարյանին, ՀՀ մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն
Գյուլբուդաղյանցին հաստատեց իրենց պաշտոններում: ՀՖՖ գործադիր
կոմիտեն հավանություն տվեց նաեւ ՀՖՖ կարգապահական կանոնակարգում կատարված փոփոխություններին՝
կատարելով որոշակի ուղղումներ եւ լրացումներ: