Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ՝ ՋԱՎԱԽՔԻՆ

Մարտ 17,2006 00:00

ՀՀ
ՊԵՏԲՅՈՒՋԵՆ՝ ՋԱՎԱԽՔԻՆ Ըստ «Արդարություն» խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանի՝ «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները»
փաստաթղթում «ընդհանրապես բացակայում է մեր անմիջական 4 հարեւանների հետ բարիդրացիական
հարաբերությունների զարգացման հարցը»: Մասնավորապես անդրադարձավ Վրաստանի
հետ հարաբերությունների հարցին, որոնք, ըստ այս փաստաթղթի՝ Հայաստանի համար ունեն
ռազմավարական նշանակություն: Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց իր դիրքորոշումը. «Հայ-վրացական
հարաբերությունների մակարդակի էական ցուցանիշ եւ կարեւոր ուղղություններից մեկը պիտի
համարվեն Վրաստանում բնակվող հայերի, մասնավորապես՝ ջավախահայության անվտանգության,
օրինական իրավունքների ու շահերի պաշտպանության եւ ապահովման, Ջավախքի ինքնակառավարման,
սոցիալ-տնտեսական, կրթական, հոգեւոր, մշակութային հիմնախնդիրների լուծման հարցում
վրացական իշխանությունների առարկայական եւ ծրագրային մոտեցումները: Այս համատեքստում՝
Հայաստանը վրաց իշխանությունների հետ փոխհամաձայնեցվա՛ծ ձեւով պետք է օժանդակի ջավախահայությանը:
Ճիշտ կլինի, եթե Հայաստանն իր պետբյուջեում միջոցներ նախատեսի Ջավախքի խնդիրների
լուծմանն աջակցելու համար»: «Արդարության» քարտուղարը նաեւ նշեց. «Հարավկովկասյան
երկրների լիարժեք զարգացումն ու անվտանգությունը կարող են ապահովվել միայն այն դեպքում,
երբ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանն ընդգրկված լինեն անվտանգության միեւնույն համակարգում:
Հետեւաբար՝ պետք է իրականացնել տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության միացյալ համակարգի
ստեղծմանն ու գործունեությանն ուղղված քայլեր: Այն կարծիքին եմ, որ հարավկովկասյան
երկրների անվտանգության հրամայականը ենթադրում է, որ այս տարածաշրջանի կայունացման
առանցքը լինեն Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը: Մյուս շահագրգիռ կողմերը՝ ԱՄՆ,
Եվրամիություն, Ռուսաստան, Իրան, կարող են ընդգրկվել Հարավային Կովկասում գոյություն
ունեցող վիճահարույց խնդիրների խաղաղ եւ արդարացի կարգավորման, տարածաշրջանային անվտանգության
ապահովման գործընթացների մեջ: Մենք չենք բացառում որոշակի փուլում Թուրքիայի ընդգրկումը
վերոհիշյալ գործընթացների մեջ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել