Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆՈՒՄ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ

Մարտ 17,2006 00:00

ՍԱՀՄԱՆՈՒՄ
ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ԲՅՈՒՋԵԻ ԱՎԵԼՑՈՒԿԸ Ըստ «Մեդիամաքս»-ի, Ադրբեջանի
նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «ոչ 10, ոչ էլ 100 տարի հետո մենք չենք
հանդուրժի ԼՂ-ի անջատումը»: Ի. Ալիեւն ասել է այս մասին՝ այսօր Բաքվում ելույթ
ունենալով ադրբեջանցիների երկրորդ համաշխարհային համագումարում: Նա հայտարարել է,
որ Ադրբեջանը տարեցտարի ուժեղացնում է ռազմական զորությունը, եւ այս տարի երկրի ռազմական
բյուջեն կազմել է $600 մլն: «Ես մտադիր եմ Ադրբեջանի ռազմական բյուջեն մոտ
ապագայում հավասարեցնել Հայաստանի ողջ բյուջեին: Հայաստանը երբեք ի վիճակի չի լինի
մրցել մեզ հետ: Լավ կլինի, որ Հայաստանի կառավարությունը գիտակցի դա հնարավորինս
շուտ»,- հայտարարել է Ի. Ալիեւը: Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը ստիպված կլինի վերանայել
իր մասնակցությունը բանակցություններին, եթե Հայաստանը չցուցաբերի կառուցողական մոտեցում:
«Խաղաղ բանակցությունները շարունակվում են 12 տարուց ավելի, սակայն՝ անարդյունավետ:
Հայտնի չէ, թե դեռ որքան դրանք կշարունակվեն: Մենք կողմ ենք խաղաղ գործընթացին, սակայն
երբ բախվում ենք ՀՀ-ի ոչ կառուցողական դիրքորոշմանը, մեր համբերության բաժակը սկսում
է լցվել: Եթե Ադրբեջանը նկատի, որ բանակցությունները կրում են իմիտացիոն բնույթ,
մենք կհրաժարվենք մասնակցել դրանց», – հայտարարել է Իլհամ Ալիեւը: «Հ2»-ի
խնդրանքով անդրադառնալով Ի. Ալիեւի այդ հայտարարություններին՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան
Օսկանյանն ասաց. «Առաջին անգամ չենք լսում Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման
մասին: Թվում է, թե այդ բյուջեն ավելանում է օրեցօր, եւ թերեւս դրա համար են ադրբեջանական
վայ-մարտիկներն անընդհատ սահմանի վրա խախտում զինադադարի ռեժիմը՝ սպառելու համար
զինամթերքի այդ ավելցուկը: Բայց եկեք դրան նայենք գլոբալ համատեքստում: Այսօր քաղաքակիրթ
աշխարհում ազգերն ու պետությունները մրցակցություն չեն ծավալում իրենց ռազմական բյուջեի
չափի շուրջ: Դա այն հարցը չէ, որով կարելի է պարծենալ եւ համեմատվել հարեւանների
հետ: Այսօր մրցակցության ոլորտները այլ տեղերում են: Եվ այդ բոլոր տեղերում Հայաստանն
Ադրբեջանից առաջ է ընկած: Այդ հարցում համեմատության որեւէ տեղ չկա: Սկսած ՄԱԿ-ի
մարդկային զարգացման ցուցանիշներից, ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է: Համաձայն համաշխարհային
գործակցի, որը կանխորոշում է ՀՀ-ում ներդրումային մթնոլորտը, Հայաստանը դարձյալ Ադրբեջանից
առաջ է: Նրանք նույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ չեն: Անհամեմատելի
են նույնիսկ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության կամ
մամուլի ազատության մակարդակներով: Այն գործակիցներով, որոնցով որոշվում են տնտեսության
ազատությունը եւ զարգացումը, ինչպես նաեւ կաշառակերության դեմ պայքարում թափանցիկությունը
եւ արդյունավետությունը, Հայաստանն անհամեմատ լավ վիճակում է, քան Ադրբեջանը: Չնայած
նրան, որ արդեն քանի տարի է, ինչ Ադրբեջանն արդյունահանում է օրական 400 հազար բարել
նավթ, միեւնույն է՝ բնակչության մեկ շնչին ընկնող եկամտով առայսօր չի հասել Հայաստանին:
Լավ կլիներ, որ Ադրբեջանը փորձեր ՀՀ-ին հավասարվել այս ոլորտներում, քան փորձեր մրցակցել
եւ պարծենար իր թվացյալ ռազմական գերազանցությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել