Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լսվեցին էներգետիկ խնդիրները

Մարտ 17,2006 00:00

ԱԺ
պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հարցերի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ՝ «ՀՀ էներգետիկ
անվտանգությունը» թեմայով: Լսումներին մասնակցում էր ինչպես ԱԺ նախագահ Արթուր
Բաղդասարյանը, այնպես էլ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Վերջինիս ներկայությունը
հիմք տվեց լրագրողներին ենթադրել, որ երեւի լուրջ ասելիք ունի, քանի որ եկել է լսումներին:
Սակայն մի քանի րոպեից պարզ դարձավ, որ պաշտպանության նախարարը եկել էր սովորական
«պտիչկան» ստանալու, եւ հեռացավ Արթուր Բաղդասարյանի ելույթից հետո եւ այն պահին,
երբ էներգետիկայի նախարարը պատասխանում էր պատգամավորների ու լսումների մասնակիցների
հարցերին: Դատելով «Էներգետիկայի մասին» օրինագծի շուրջ դեռեւս նախորդ քառօրյայում
ծագած վիճաբանությունից եւ օրինագծի քվեարկության հետաձգումից՝ սպասվում էր, որ ԱԺ
նախագահը կփորձի շարունակել իր բուռն ընդդիմադիր ելույթներն այս հարցի հետ կապված,
սակայն այս սպասելիքներն էլ ի դերեւ ելան, երբ Արթուր Բաղդասարյանը ամենասովորական,
ըստ որոշ գնահատականների՝ հերթապահ ելույթը ունեցավ եւ հեռացավ դահլիճից: Իր ելույթում
ԱԺ նախագահն անդրադարձավ գազի սակագնի բարձրացմանը եւ կրկնեց իր՝ մի քանի անգամ շեշտած
այն մտահոգությունը, ըստ որի՝ գազի սակագնի բարձրացումը կարող է լուրջ սոցիալական
հետեւանքներ ունենալ մեր հասարակության համար. «Նշանակում է՝ ապրանքների եւ ծառայությունների
գնի բարձրացում, տնտեսության եւ մեր հետագա զարգացումների հետ կապված լուրջ դժվարություններ,
եւ մենք պետք է փորձենք այս իրավիճակում գտնել լուծումներ: Եվ ես հույս ունեմ, որ
լուծումներ կգտնվեն, որոնք հնարավորություն կտան բնակչությանը զերծ պահել թանկացումներից:
Եվ պետությունն էլ իր հերթին պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու եւ բնակչությանը,
եւ տնտեսվարողներին»: Արթուր Բաղդասարյանը հիշեցրեց, որ զուտ ազգային անվտանգության
տեսակետից պետք է շատ ավելի լուրջ ուշադրություն դարձնել էներգետիկ անվտանգությանը.
«Տեսեք, այսօր Իրան-Հայաստան գազամուղի տնտեսական նշանակությունը դժվար է թերագնահատել,
բայց նաեւ պետք է հասկանանք, որ էներգետիկայի ոլորտի հետ կապված առնվազն մի քանի
զարգացումների սցենար պետք է ունենանք: Եվ այստեղ շատ կարեւոր են այս բնագավառում
կառավարության իրականացրած քաղաքականության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը»:
Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել