Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ

Մարտ 16,2006 00:00

«ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՐԹՎՈՒՄ ԵՆ ԿԻՆՈՍԱԼԱԹՆԵՐՈՎ» Փաստում է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը Մայիս-հունիսին կսկսվեն նրա նոր ֆիլմի նկարահանումները: Սցենարի հետ կապված աշխատանքները դեռեւս չեն ավարտվել եւ դա է պատճառը, որ նա որոշակի ոչինչ ասել չցանկացավ: Դեռեւս ընտրված չէ դերասանական կազմը: «Նույնիսկ իմ տեսադաշտում դեռ չկան նրանք: Երբ աշխատանքներ էին տարվում Ցեղասպանության վերաբերյալ մեծ նախագծի վրա, այս գաղափարը եկավ ընթացքում: Այն ամբողջական, ավարտուն տեսք ունի: Այդպիսի բան եղավ նաեւ 1997-98-ին, երբ պիտի նկարահանվեր «Մարիամը»: Իսկ ցեղասպանության թեման շատ պատասխանատու գործ եմ համարում, քանի որ այդ թեմային անդրադարձ կատարվում է տեղի-անտեղի, խայտառակ բաներ են արվում: Ես՝ որպես արվեստագետ, գտնում եմ, որ եթե մարդ այդ թեմային կպնում է, պետք է ռեալ գնահատի իր հնարավորությունները: Նախագիծը ծավալուն է եւ բավական թանկ արժե: Այս ֆիլմը իմ վաղեմի երազանքներից մեկն է, իմ պապի կյանքն է. շշմելու պատմություն: Այն 1915թ. է պատկերում, երբ պապս 5-6 տարեկան էր: Սյուժեն զեյթունցիների գաղթն է, մի ընտանիքի պատմություն, որի մի մասը քշվում է Սուլեիմանիայի ճահիճներ, իսկ մյուս մասը՝ Տեր Զորի անապատ»,- պատմեց Է. Բաղդասարյանը: Ռեժիսորն ասաց, որ իրեն շատ մարդիկ են օգնում նյութեր հավաքելու: «Այսօր աշխարհը անտարբեր է այդ թեմայի նկատմամբ, որովհետեւ քաղաքական հարթությամբ են փորձում մատուցել թեման, իսկ ի տարբերություն դրա՝ արվեստը ավելի կարճ ճանապարհ է գտնում»,- ասաց Էդգարը: Այն հարցին, թե մեր ֆիլմերը առհասարակ հետաքրքրո՞ւմ են դրսի հանդիսատեսին, կինոռեժիսորը պատասխանեց. «Հավատացնում եմ, դրանք ցուցադրվում են լեփ-լեցուն դահլիճներում եւ նայում են հիմնականում ոչ հայերը: «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմը մեծ հետաքրքրությամբ դիտեցին թե՛ Եվրոպայում, թե՛ ամերիկաներում: Բնականաբար, լավ ֆիլմերը շատ չեն, որովհետեւ լավ բանը չի կարող շատ լինել»: Մեր դիտարկմանը, թե կինոթատրոնների տնօրենները դժգոհում են, որ հայկական ֆիլմերը 3-4 օրից ավելի չեն կարողանում գրավել հանդիսատեսին, պարոն Բաղդասարյանն ասաց. «Մեր հանդիսատեսի պարագայում, երբ ուղեղները բթացած են զանազան սերիալներով, կասետներով կամ ամերիկյան ցածրորակ եւ կոմերցիոն ֆիլմերով, 3-4 օրը արդեն նվաճում է: Հանդիսատեսի հետ շատ լուրջ աշխատել է պետք: Ասում են՝ այս սերունդը արվեստ չի հասկանում: Համաձայն չեմ. «սոված» մարդուն ինչ տաս, այն կուտի: Շատ կարեւոր է, թե ինչպես է կրթվում մեր ապագա երիտասարդը՝ հիմնականում կինոսալաթներով, որը եթե այսօր չկերար, վաղը կթթվի: Ես տգետ եմ համարում այն կարծիքները, որոնք գտնում են, թե կինոն մեր երկրում հեռանկար չունի: Պարզապես պետք է սովորեցնել ունենալ սեփական աշխարհայացք ու գնահատել դիմացինինը, նույնիսկ համաձայն չլինելով դրա հետ: Իսկ այսօր հայկական կինոյի բացը լրացվում է ամեն տեսակ տեսաաղբով, ու քանի որ հայերեն է՝ սպառվում է: Ու նայեք, թե ինչ ֆիլմեր են պահանջարկ վայելում. իրար նման եւ անդեմ, կարծես նույն հեղինակի գործը լինեն: Նոր ֆիլմերը բերում են նոր աշխարհայացք, որը արտահայտում է այսօրվա ժամանակը: Անհանդուրժողականություն կա միմյանց հանդեպ: Եթե մարդու մեջ 77 լավ բան կա, 1 վատ՝ այդ վատի մասին կխոսեն: Կինոքննադատությունը թնդանոթով սպանելուն հավասար է: Ես շատ ֆիլմեր չեմ սիրում, սակայն չեմ անձնավորում: Աշխարհայացքների բախումը նորմալ եւ առողջ երեւույթ է»: Ռեժիսորը ուզում է տեսնել ոչ ստանդարտ, նոր մտածողություն, անհատներ՝ որոնումներով, բնականաբար նաեւ իրենց սխալներով: Նա չի ուզում հավատալ, որ երիտասարդ ռեժիսորներ չկան. «Կան եւ կլինեն»: «Այդ դեպքում ինչո՞ւ չեք դասավանդում» հարցը պարոն Բաղդասարյանը ընդունեց ժպիտով. «Ի՞նչ եք ասում, ինձ մոտ չեն թողնի: Այնտեղ հիմնովին պիտի փոխվի համակարգը: Մենք ունենք հրաշալի պոտենցիալ, սակայն ամեն ինչ անում ենք, որ լղոզվի եւ սերմը պտուղ չտա: Կարծում եմ, որ տաղանդավոր մարդկանց քանակը բոլոր ազգերի մեջ նույնն է: Ուղղակի՝ նայած թե որ ազգը ինչով է նպաստում դրա կայացմանը: Մարդկանց դնում են կաղապարների մեջ: Այսօր դասավանդում են մարդիկ, որոնց անգամ երիտասարդներին մոտ չի կարելի թողնել: Մեզանում բարոյահոգեբանական դաշտը տխրեցնում է, իսկ առանց դրա՝ արվեստ չի լինում: Նայենք թեկուզ պոեզիային: Շատ ցավոտ բան եմ ասում, բայց մեր պոեզիան մասիսասպան է անում: Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք սիրել քար, սար, ջուր, բայց չենք սովորեցնում մարդ սիրել: Մեր պոեզիայում մարդ չկա: Կարեւոր չէ, թե մենք ինչ ենք եղել նախկինում, կարեւոր է՝ ով ենք հիմա: Իսկ մեր վիճակը շատ վատ է: Հարկավոր է վերագնահատել ունեցածը, սովորեցնել երիտասարդներին ունենալ քննադատական միտք: Հերթական պաշտոնյան գալիս, իր անձնական, ընտանիքի, շրջապատի, ընկերության հարցն է լուծում: Մեկ-մեկ ինձ թվում է, թե մեր կադրային քաղաքականությունը թշնամու միջամտությամբ է տարվում»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել