Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկների գործի» ժամկետը երկարացվեց

Մարտ 16,2006 00:00

«Բժիշկների գործի» ժամկետը երկարացվեց Արգանդում գտնվող երեխան Հայաստանում չի պաշտպանվում «Բերդի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի գինեկոլոգ Յուրի Նասիբյանի եւ անզգայաբան Գագիկ Մելիքյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության ժամկետը երկարացվեց: Ծննդաբերության ժամանակ, իբր կեսարյան վիրահատության արդյունքում կյանքից զրկվեցին 25-ամյա Կարինե Աթոյանն ու նրա երեխան (8,5 ամսվա հղիությունից հետո): «Առավոտում» գտնվող տուժողի իրավահաջորդ Ս. Աթոյանն ասաց, որ մինչեւ 4 ամսական հղիության ժամանակ ինքը աղջկան մի քանի անգամ բերել էր Երեւան, «Էրեբունի» հիվանդանոց: Նախորդ երկու հղիությունները ընդհատվել էին վիժումներով. «Սահմանամերձ շրջանների աղջիկների մոտ առկա էր վիժումների աճ: Դա պատերազմի սարսափների արդյունքն էր, ու հսկողությունը պետք է լիներ պետական, ինչը չկար»,- ասում է նա: Կարինեն մշտապես գտնվել է բժիշկների հսկողության տակ: Հղիությունը բնականոն է ընթացել: Կ. Աթոյանը, աշխատելով պոլիկլինիկայի գլխավոր հաշվապահ, մինչեւ վերջին օրը աշխատանքի է գնացել, ոչ մի օր չբացակայելով, ֆիզարձակուրդ անգամ չգնալով: «Մի փոքր փոփոխության դեպքում պատրաստ էինք դիմել թեկուզ Երեւանի բժիշկներին: Սակայն որեւէ կասկած չի եղել»,- շարունակում է Ս. Աթոյանը: Սեպտեմբերի 30-ին Կ. Աթոյանը ոտքով, մենակ գնում է պոլիկլինիկա՝ էխոյի («երեխայի դիրքը ստուգելու»): Պատասխանը լինում է դրական: Պատահական մտնում է ճնշումը չափելու, պարզվում է՝ 150 է: Վախեցնում են՝ թե վիճակը լուրջ է: «21-րդ դարում 150 ճնշո՞ւմը դարձավ մահվան պատճառ»,- հարցնում է որդեկորույս մայրը՝ եզրակացնելով. «Էս կեսարյան հատումները շահադիտական ակցիաներ են»: Սակայն Ս. Աթոյանը իրեն, չգիտես ինչու, մեղավոր է ճանաչում, կարծելով, թե կարող էր փրկել աղջկան. «Ինձ վախեցրին՝ վախեցա: Ինձ խաբեցին՝ խաբվեցի: Հենց սա եմ ուզում ասել: Բժիշկն ասաց՝ երեխայիդ վիճակը վատ է՝ ես հավատացի: Խաբվեցի»: Կ. Աթոյանը հրաշքով փրկվել էր, այն էլ մի քանի անգամ. նախ՝ հարեւան ազերիների տանկի կրակոցից. «ապրել ենք, փրկվել: Նկուղներում պատսպարվել ենք, չենք փախել, մնացել ենք այնտեղ: Լույս չունեինք: Հացի փող չունեինք: Ապրել ենք: Այսօր ամեն ինչ ունենք, սակայն բժիշկները խաբեցին, տարան կեսարյան հատման, որպեսզի փող աշխատեն: Կեսարյան հատումն արժե 10 անգամ ավելի, քան սովորական ծննդաբերությունը»,- ասում է Ս. Աթոյանը: (Շրջաններում 300 դոլար արժե կեսարյան հատումը): Մեր այն հարցին՝ արդյոք տվյալ դեպքում խոսք կարող է լինել երեխայի՞, թե՞ պտղի մասին, տուժողի իրավահաջորդը պատասխանեց. «Երեխային չեն էլ փորձել փրկել: Մեզանում չկա արգանդում գտնված երեխայի պաշտպանության մասին օրենք»: Ինչ վերաբերում է բժիշկների դեմ հարուցված քրգործի նախաքննությանը, Ս. Աթոյանը գտնում է, որ այն բավարար է, չնայած այն իրողությանը, որ Բերդի հիվանդանոցի բժիշկները շարունակում են աշխատել, ծնունդ ընդունել: «Ինչու պիտի շարունակեն: Սա առաջին դեպքը չէ Բերդում: Գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանն էլի աշխատում է: Անզգայաբանը, գինեկոլոգը՝ նույնպես: Հայաստանի կեսը չի աշխատում, բայց գլխավոր բժիշկն աշխատում է: Քանի մահ է պետք, որ նրանք չաշխատեն»,- արդարացի զայրույթով շարունակում է տուժողի իրավահաջորդը, որը շատուշատ հարցեր մտադիր է տալ դատարանում: «Ես դեմ եմ բժիշկներին պաշտոններ տալուն: Ադմինիստրատիվ կազմը բժիշկ չպետք է լինի: Ընկնում է փողի ետեւից, մասնագիտությունը մոռանում: Ինչո՞ւ»: Աթոյանները գտնում են, որ մեղադրյալ են ճանաչվել երկու բժիշկ, մինչդեռ նրանք 5-ն են եղել: «Ինչպե՞ս կարելի է ախտորոշման կողքին հարցական դնել: Ձեր դիպլոմի մեջ բժշկի կողքին հարցական կա՞ դրված»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել