Լրահոս
Օրվա լրահոսը

«Տարիքս

Մարտ 16,2006 00:00

«Տարիքս դարձրին իմ թշնամին» «Առավոտին» է դիմել 13-րդ պոլիկլինիկայի թերապեւտ Լաուրա Բաղդասարյանը, ում մարտի 20-ից ազատելու են աշխատանքից՝ կենսաթոշակային տարիքի պատճառաբանությամբ: «Ես պոլիկլինիկայում աշխատող ամենաերիտասարդ թոշակառուն եմ՝ 64 տարեկան եմ, եւ իմ տարիքը, որը դարձրել են իմ թշնամին, համարում եմ հարստություն: Իմ աշխատատեղը վաճառել են «երիտասարդ կադրի»՝ 54-ամյա սրտաբանին, որը չունենալով համապատասխան մասնագիտացում, 30 օրվա որակավորման արդյունքում վերափոխվել է թերապեւտի»,- ասաց տիկին Լաուրան: Ըստ մեր այցելուի, ինքը 35 տարի աշխատել է որպես տարածքային թերապեւտ, 22 տարի էլ համատեղության կարգով՝ շտապօգնության համակարգում՝ Երեւանում եւ Կիեւում: Աշխատել է նաեւ պոլիկլինիկայում՝ որպես ֆունկցիոնալիստ եւ օնկոլոգ: «Ես առաջինն էի, որ ստացա արտոնագիր եւ յուրաքանչյուր 5 տարին մեկ պարտադիր մասնակցում եմ որակավորման ծրագրերին»,- տեղեկացրեց տիկին Լաուրան: Միայնակ թոշակառուին որեւէ այլ աշխատանք չի առաջարկվել: Նրա միակ տղան բացակայում է հանրապետությունից եւ զանգելուց բացի՝ ոչնչով չի կարողանում «հիշեցնել» իր մասին: «14300 դրամ թոշակը ինձ չի բավարարի ապրելու: Տարիներ առաջ էլ էր ուզում ինձ ազատել աշխատանքից, բայց չկարողացավ՝ քեն պահեց, հիմա էլ ժամանակը եկել է հին դեպքը հիշելու»,- պատմեց տիկին Լաուրան: Որպես երկրորդ պատճառ, նա նշում է պոլիկլինիկայի ղեկավարության հետ գործարքի մեջ չմտնելու իր որոշումը: «Ես չեմ ուզում ներքաշվել մեքենայությունների մեջ: Իմ բուժքույրը՝ Վարդիթեր Ավագյանը, դեկտեմբերին հաշվառելով տարածքը, գրանցել է 2370 բնակիչ, ու քանի որ մենք աշխատավարձ ենք ստանում մեր սպասարկած բնակիչների թվաքանակից ելնելով, իսկ ես շատ լավ գիտեմ, թե նրանք ինչքան են՝ հասկացա, որ այդ թիվը, մեղմ ասած, ուռճացված է: Իմ անձնական հարցումներով, տարածքի 522 ընտանիք բուժքրոջը չի տեսել»,- ասաց բժշկուհին: 13-րդ պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արամ Գալստյանը մեր հարցմանն ի պատասխան՝ ասաց. «Մեզ մոտ բազմաթիվ ստուգումներ են անցկացվել եւ որեւէ խախտում չի արձանագրվել՝ կապված բնակչության հաշվառման հետ: Իսկ Լաուրա Բաղդասարյանին ազատել ենք թոշակի տարիքի կապակցությամբ, փոխարենը ընդունելով մեկ այլ՝ բավականին լավ պատրաստված բժշկի: Ֆիզիոլոգիական արձակուրդից վերադարձող ունենք եւ տեղերը վերադասավորել ենք»: Նա չժխտեց, որ իրենց մոտ աշխատում են այլ թոշակառուներ նույնպես: «Նրանց փոխարինող չունենք,- պարզաբանեց գլխավոր բժիշկը, իսկ իր նախկին թերապեւտին որակեց «անբարեխիղճ ու անպատասխանատու», ավելացնելով՝ «նա ուղղակի զառանցում է»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել