Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՈՎԱԶԴԻ

Մարտ 16,2006 00:00

ԳՈՎԱԶԴԻ ԶՈՀԸ Գեղեցկանալու փոխարեն՝ քաղաքացուհին դարձավ անատամ Երեւանի բնակիչ Սոնա Մանասյանը երկու օր առաջ խմբագրություն էր եկել դեմքն այտուցված՝ նրա ոդիսականը սկսվել է ամիսուկես առաջ. «Լսելով հեռուստաեթերով տրվող գովազդը՝ որոշեցի փոքր-ինչ գեղեցկացնել ատամնաշարս եւ դիմեցի գովազդի հերոսին՝ «Հրանտ Դենտ» ատամնաբուժական կլինիկայի բժիշկ Հրանտ Գրիգորյանին: Խնդրեցի վերին ծնոտի առջեւի երկու ատամներս գեղեցկացնել: Նա զննեց ատամնաշարս եւ սկսեց համոզել, թե՝ կողքի մի ատամն էլ պետք է բուժվի ու սարքվի, խոսեց իր նոր գյուտի մասին, մի խոսքով՝ համոզեց: Գործի համար նա պահանջեց 340 դոլար, այն էլ՝ սկզբից, վճարեցի մինչեւ աշխատանքն սկսելը: Ատամս պլոմբելուց հետո սկսվեցին ահավոր ցավեր, շուրջ մի շաբաթ տառապում էի, այդ ընթացքում մի քանի անգամ զանգեցի բժշկին, բայց օգնականն ասում էր, թե տեղում չէ: Մի անգամ էլ գնացի՝ չընդունեց, ասաց՝ գնա, դեղեր խմի՝ կանցնի: Ստիպված եղա դիմել մի այլ բժշկի՝ Կողբացու փողոցում գտնվող կլինիկայի ատամնաբույժ Ռուբենին: Նա պլոմբից մաքրեց ատամս, ցավերս հանգստացան: Կրկին դիմեցի Հրանտին, որ աշխատանքը վերջացնի: Նախ հրաժարվեց, հետո էլ՝ պլոմբեց, բայց դրանից հետո կրկին ահավոր ցավեր ունեցա: Հետագայում պարզվեց, որ պլոմբի տակ բորբոքում է առաջացել՝ դրանից է»: Ըստ ներկայացվածի, այնուհետեւ 8-րդ հիվանդանոցի դիմածնոտային բաժանմունքի բժշկի ախտորոշմամբ Սոնան կրկին հայտնվում է Հ. Գրիգորյանի մոտ, այս անգամ՝ բորբոքված ատամնախոռոչը մաքրելու, ինչի համար անհրաժշտություն է առաջանում հեռացնել առողջ ատամը: Բայց՝ էլի բարդություններ. ատամնաբույժը նրան վիրահատելու համար «Արմենիա» բժշկական կենտրոնում աշխատող ընկերոջ մոտ է տանում: «Այստեղ էլ լինդս կտրեցին, մաքրեցին, 10 կար դրեցին, բայց նաեւ կտրեցին 3 առողջ ատամներիս արմատները: Այսինքն՝ մեկից զրկվեցի, երեքն էլ՝ արմատ չունեն, իսկ Հրանտի գցած 2 ատամն էլ արդեն սեւանում է»,- Սոնայի պատմությունն այսքանով չի ավարտվում: Վիրավորված այն բանից, որ բժիշկն այդքան փորձանքների մեջ գցելուց հետո մի անգամ նույնիսկ չի զանգել ու հետաքրքրվել իրենով, որ հանիրավի այսքան տառապել է, ստիպված իրեն հակացուցված դեղեր է խմել, դրանց, ինչպես նաեւ ռենտգենի համար 150 դոլարի չափ գումար է ծախսել, իսկ հիմա էլ «բուժման» արդյունքում կորցրած ատամները վերականգնելու համար 700 դոլարի չափ գումար է պետք՝ հիվանդն ատամնաբույժից պահանջում է վերադարձնել իր տված 340 դոլարը, եւ՝ ընդամենը: «Ես բողոքող մարդ չեմ, ամիսուկես է՝ դեմքս ուռած այս ու այն կողմ եմ գնում, սպասելով՝ թե վերջապես Հրանտը կհասկանա ու կընդունի իր սխալը, բայց նա միայն վիրավորել ու վարկաբեկել է ինձ, նույնիսկ խոստացել է գումարը վերադարձնել ու խաբել է: Փաստորեն՝ ե՞ս եմ մեղավոր, որ հավատացել եմ գովազդին ու նրա փափուկ խոսքին»,- հուզված ասում էր ակամա «ատամնազուրկ» դարձած մեր այցելուն: Ի դեպ, երկու օր շարունակ մենք էլ փորձեցինք խնդրի շուրջ զրուցել ատամնաբույժ Հրանտ Գրիգորյանի հետ, բայց՝ անարդյունք: Նա չժխտեց, որ Սոնա Մանասյան անունով հիվանդ է ունեցել, սակայն նրա հետ կատարվածը մանրամասնելու համար նախ ասաց, թե կզանգահարի, հետո էլ թե՝ անձամբ կգա, ու չեկավ՝ իր փոխարեն խմբագրություն հասցնելով տեղեկություններ, որ ամբողջն իր դեմ սարքած է անձնական վրեժի մոտիվներով: Բոլոր դեպքերում հակառակ կողմի փաստարկները մեզ չհաջողվեց լսել՝ չնայած պատրաստակամ էինք: Ատամնաբույժ Ռուբենը, ում դիմել էր Սոնան, հաստատեց, որ հիվանդն իր մոտ է եկել ուժեղ ցավերով: Սակայն Հ. Գրիգորյանի կատարած աշխատանքի մասին կարծիք հայտնելուց ձեռնպահ մնաց՝ «նեղ մասնագիտական խնդիր է ու դժվար ապացուցվող»: Դա այդպես է, սակայն նման դեպքերում գործում է նաեւ մասնագիտական համերաշխությունը: Գուցե Ատամնաբույժների ասոցիացիան, ում վրա է դրված ատամնաբուժական կլինիկաների վերահսկողությունը՝ կանցնի «մասնագիտական համերաշխության» պատնեշից եւ կզբաղվի այս խնդրով: Ուշադրություն դարձնենք մի հանգամանքի վրա՝ մենք խոսում ենք հիվանդի ճակատագրի նկատմամբ բժշկի պատասխանատվության մասին, ոչ թե՝ կատարած աշխատանքի որակի, թեպետ «փորփրելու» դեպքում դա էլ դժվար բացահայտվող խնդիր չէ: Սոնայի ասելով՝ անհանգստանալու փոխարեն բժիշկն իրեն մշտապես «հանգստացրել է» տարբեր սպառնալիքներով՝ «թաղի տղերք» եւ այլն: Բացի այդ, հիշատակված 340 դոլարի մուծման դրամարկղային կամ մուտքի կտրոն Սոնա Մանասյանին չեն տվել: Եվ դժվար թե նրա դեպքն այս հարցում բացառիկ լինի՝ սա նույնպես ուշադրության արժանի հանգամանք է: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել