ՇՈՈՒ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ Երեկ խորհրդարանի գիտության եւ կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՌԱՀ-ի եւ ՀՀՌԸԽ-ի տարեկան հաշվետվությունները: Հանձնաժողովի անդամներից ներկա էր յոթ պատգամավոր եւ նրանց հետաքրքրող հարցերն առանձնապես սուր եւ կծուներից չէին: Մասնավորապես ՕԵԿ անդամ Մեխակ Մխիթարյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ են գովազդներն այդքան երկար եւ այդքան հաճախակի ընդմիջում հեռուստահաղորդումները, ինչո՞ւ է «Նոր ալիքով» հնչում ռուսալեզու հաղորդում: Իսկ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանին հետաքրքրեց, թե ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու ղարաբաղյան պատերազմին նվիրված ֆիլմը եւ ով է ֆիլմի ռեժիսորը: Լրագրողներն ակնկալում էին, որ պատգամավորներին հատկապես կհետաքրքրեր արդեն մի քանի շաբաթ առաջ սկսված ՀՀՌԸԽ-ԱԺ հարաբերությունները՝ կապված ԱԺ Կանոնակարգ-օրենքին համապատասխան ամեն կիրակի ԱԺ-ի կողմից Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման հետ: Հիշեցնենք, որ ՀՀՌԸԽ-ի նախագահ Ալեքսան Հարությունյանն արդեն բավականին երկար ժամանակ մամուլում խոսում է այն մասին, որ այդ հաղորդմամբ ոտնահարվում է իր գլխավորած կառույցի ազատ խոսքի իրավունքը: Սակայն պատգամավորները թերեւս դա իրենց կռիվը չհամարելով՝ ոչ մի խոսք չասացին այս մասին: Հնարավոր է՝ դեր խաղաց նաեւ այն, որ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը ինքը խնդրեց, նախքան հարցերին պատասխանելը, անդրադառնալ նաեւ վերոհիշյալին, որի կապակցությամբ էլ Ալեքսան Հարությունյանը հայտարարեց, որ երեկ ինքը հարցի կապակցությամբ նամակով դիմել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանին, որում առաջարկել է ՀՀՌԸԽ-ԱԺ հարաբերություններն այդ մասով տեղափոխել պայմանագրային դաշտ. «Քանի որ կա այդ խնդիրը, ես առաջարկել եմ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, բայց օրենքի պարտադրանքը՝ փաստորեն խնդիրներ է ստեղծում այդ ամենն անել ուղղակի պայմանագրով եւ ոչ թե օրենքի պահանջով: Այսինքն՝ ինչպես, որ ժամին հեռարձակելը թողնել նույնը, բայց որպեսզի խնդիրներ չլինեն, այդ ամենը անել ԱԺ-ի եւ ՀՀՌԸԽ-ի միջեւ պայմանագրով: Այստեղ խնդիրները շատ հստակ են եւ լուծումներն են շատ հստակ, եւ որեւէ մեկը չի պատրաստվում պատերազմ անել կամ դրանից շոու սարքել»: Մ .Ե.