Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայրենասիրության

Մարտ 16,2006 00:00

Հայրենասիրության գինը Ինչպես սիրում են ասել ռուսները՝ «պրիեխալի»: Այսինքն՝ բոլոր պարերը պարել էինք, մնում էր մեկը՝ Ջավախքում երկրորդ ճակատ բացելը: Թերեւս սա էր միայն մեզ պակասում կատարելապես երջանիկ լինելու համար: Եվ ինչպե՞ս ավելի վաղուց գլխի չէինք ընկել, թե որտեղ է Հայաստանի փրկության բանալին: Պարզվում է, այն հենց մեր կողքին է՝ ուղիղ մեր քթի տակ՝ Ջավախքում: Մի քանի հանցագործ սվանների պատճառով Ճակատ ես բացում վրացական պետության դեմ, ու խնդրեմ՝ միանգամից լուծվում են հայությանը պատմականորեն հուզող բոլոր հիմնախնդիրները: Համենայնդեպս, այդ տպավորությունն է ստացվում Ծալկայում կատարված ողբերգության հայաստանյան արձագանքներից: Ահա այսպես. մինչդեռ քիչ ավելի լուրջ վերաբերմունքի դեպքում հեշտությամբ կարելի էր հասկանալ, որ Ջավախք՝ հայկական ստորաբաժանումներ մտցնելը (անգամ՝ այդ թեման եռանդով շրջանառելը) ոչ թե Հայաստանի փրկությունը, այլ ստույգ վախճանը կդառնար: Բացատրությունն անսահմանորեն պարզ է. նախ դա կնշանակեր կտրել առանց այդ էլ բազմամյա շրջափակման մեջ շնչահեղձ լինող Հայաստանին Վրաստանի միջոցով արտաքին աշխարհի հետ կապող վերջին պորտալարը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով, ապա իսպառ փչացնել գործերը հենց առաջին այսինքն՝ ղարաբաղյան ճակատում: Էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային հանրության այն կասկածամիտ հատվածը, որը դժվարությամբ, բայց դեռեւս տեղի չի տվել ադրբեջանական քարոզչամեքենայի ճնշումներին ու չի հավատում Հայաստանի՝ ագրեսոր լինելու մասին պնդումներին, անմիջապես կհամալրի մեր չուզողների հոծ շարքերը: Ինչ խոսք. օտար աչքի համար ագրեսորի կերպարը այնժամ առավել քան ամբողջական ու համոզիչ կդառնա՝ Հայաստանն «օկուպացրել է» Ադրբեջանի մի մասը, ստորաբաժանումներ է մտցրել հարեւան Վրաստանի տարածք ու դեռ մի բան էլ տարածքային հավակնություններ ունի Թուրքիայի նկատմամբ: Եվ թող Հայաստանի հույժ ազգային ու հույժ մտավորական շրջանակները դրանից հետո խոսեն պատմական արդարացիությունից ու աշխարհին հակառակն ապացուցեն: Տեսնենք, թե դրանից ինչ դուրս կգա: Նախօրեին Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն սադրանք էր որակել Ծալկայում կատարվածն ու հայտարարել, թե «որոշակի ուժեր փորձում են սրել հարաբերությունները հայ եւ վրացի բնակչության միջեւ»: Իսկապես, որեւէ հիմք չկա Բուրջանաձեին չհավատալու, որովհետեւ միայն հիվանդ երեւակայություն ունեցող մարդը կարող էր ենթադրել, թե ազգային ու տարածքային միասնականության հետ կապված վիթխարի խնդիրներ ունեցող Վրաստանն այժմ էլ մի նոր՝ ոչ պակաս վիթխարի գլխացավանք է սարքում իր համար: Իսկ սպանություններ, ի դեպ, կատարվում են նաեւ Երեւանում, ընդ որում, ոչ պակաս հաճախակի ու ոչ պակաս ցինիկ: Գրեթե ամեն օր հայ երիտասարդներ են սպանվում նաեւ մեր բարեկամ Ռուսաստանում՝ «բարեկամ» սքինհեդների կողմից: Սակայն ՀՀ հայրենասերներին այդ փաստերը, չգիտես ինչու, չեն հուզում, եւ նրանք չեն պահանջում զորք մտցնել, ասենք՝ Երեւանի Սայաթ-Նովայի փողոց կամ ՌԴ Ստավրոպոլի երկրամաս: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել