Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ ՄԻՇՏ ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Մարտ 16,2006 00:00

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր (Ավետիք) Աբրահամյանը իր համոզմունքներին հավատարիմ՝ հերթական հաջողությունը նշեց Մայր հայրենիքում:

Երեկ նա «Արմենիա» հյուրանոցում հանդիպեց Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, «Առավոտը» Արթուր Աբրահամի, նրա մենամարտերի մասին շատ է գրել: Բայց երեկ «Յունիբանկի» վարչության նախագահ Վարդան Աթայանի՝ լրագրողների հետ կազմակերպած հանդիպման ժամանակ տեսանք նաեւ, որ նա ոչ միայն չեմպիոն է, այլեւ հաճելի զրուցակից:

Անկեղծ ասած, մտածում էինք, թե «Առավոտում» Արթուր Աբրահամի մասին ավելացնելու այլեւս ոչինչ չկա: Սակայն Արթուրը ներկայացավ նաեւ նոր, մեզ անծանոթ որակներով: Նրա պատասխանները, որ ամեն մեկի մասին չես ասի, հստակ էին, լիարժեք ու նաեւ հումորի առումով՝ դիպուկ: Մասնավորապես, տողերիս հեղինակի հարցին, թե երբեւէ եղե՞լ է, որ հարվածի ուժը գործադրի ռինգից դուրս, պատասխանեց. «Այո, մի քանի անգամ»: Մեր գործընկերուհիներից մեկը փորձեց մանրամասնել, թե ի՞նչը կարող է նրան հունից հանել: «Որ ասեմ՝ կիմանաք ու կարող եք էլի հունից հանել»,- եղավ նրա հումորով պատասխանը:

Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի առանձնահատկությունների մասին պատկերացումներն այնքան էլ խորն ու հիմնավոր չեն: Բայց Արթուրը դրանց բոլորին տալիս էր հիմնավոր պատասխաններ: Մասնավորապես, շատերն իմացան, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի վարկածներով բոլոր չեմպիոններն էլ գրեթե հավասար կարգավիճակ ունեն, որ մենամարտերը հենց այնպես չեն կազմակերպվում, որ սպորտը նաեւ բիզնես է, որ այս կամ այն մրցակցին ձեռնոց նետելու ետեւում մեծ փողեր կան դրված, ու ամեն բան չէ, որ ցանկության վրա է հիմնվում: Նման դեպքերում փողը, որքան էլ մեծ լինի, վճռորոշ չէ, որովհետեւ այս կամ այն վարկածի աշխարհի ոչ մի չեմպիոն չի ցանկանում գոտին կորցնել:

– Ո՞ր երկրի դրոշի ներքո ես հանդես գալիս:

– Գերմանիայի: Դա պարտադիր պայման է: Բայց ես վերջում բարձրացնում եմ նաեւ մեր եռագույնը: Ու նրանք դրանից չեն նեղանում:

– Որտե՞ղ ավելի շատ երկրպագու ունես՝ Գերմանիայո՞ւմ, թե՞ Հայաստանում:

– Ինձ թվում է՝ Գերմանիայում: Բայց որտեղ էլ լինեմ, հայերի աջակցության պակաս չեմ զգում: Ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ով է հայը: Ծնվել եմ Երեւանում՝ Ներքին Չարբախում: Սովորել եմ թիվ 99 միջնակարգ դպրոցում: Հետո ընտանիքով տեղափոխվել ենք Գերմանիա: Այնտեղ ավարտել եմ եւս երկու դպրոց: Այնուհետեւ եկել, ծառայել եմ հայկական բանակում ու կրկին վերադարձել Բեռլին: Սիրողական բռնցքամարտում մի քանի անգամ դարձել եմ Հայաստանի չեմպիոն:

– Մյուս վարկածների չեմպիոնի կոչում նվաճել չե՞ս ցանկանում: Անձնական քաշը փոխելու մտադրություն չունե՞ս:

– Բանակցությունները պրոումոթերների գործն է: Ինչպես ասացի, բռնցքամարտը նաեւ բիզնես է: Իսկ քաշային կարգս կփոխեմ մի քանի տարի հետո:

– Հնարավո՞ր է, որ եղբորդ հետ ռին
գում պայքարես:

– Այդպիսի բան ցանկացողներ շատ կան: Անգամ առաջարկներ են արել: Բայց բացառվում է: Մենք նույնիսկ մարզումների ժամանակ միմյանց դեմ չենք ելնում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել