Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԿՐԹՎՈՒՄ ԵՆ ԿԻՆՈՍԱԼԱԹՆԵՐՈՎ»

Մարտ 16,2006 00:00

Փաստում
է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը Մայիս-հունիսին կսկսվեն նրա նոր ֆիլմի նկարահանումները:
Սցենարի հետ կապված աշխատանքները դեռեւս չեն ավարտվել եւ դա է պատճառը, որ նա որոշակի
ոչինչ ասել չցանկացավ: Դեռեւս ընտրված չէ դերասանական կազմը: «Նույնիսկ իմ տեսադաշտում
դեռ չկան նրանք: Երբ աշխատանքներ էին տարվում Ցեղասպանության վերաբերյալ մեծ նախագծի
վրա, այս գաղափարը եկավ ընթացքում: Այն ամբողջական, ավարտուն տեսք ունի: Այդպիսի
բան եղավ նաեւ 1997-98-ին, երբ պիտի նկարահանվեր «Մարիամը»: Իսկ ցեղասպանության թեման
շատ պատասխանատու գործ եմ համարում, քանի որ այդ թեմային անդրադարձ կատարվում է տեղի-անտեղի,
խայտառակ բաներ են արվում: Ես՝ որպես արվեստագետ, գտնում եմ, որ եթե մարդ այդ թեմային
կպնում է, պետք է ռեալ գնահատի իր հնարավորությունները: Նախագիծը ծավալուն է եւ բավական
թանկ արժե: Այս ֆիլմը իմ վաղեմի երազանքներից մեկն է, իմ պապի կյանքն է. շշմելու
պատմություն: Այն 1915թ. է պատկերում, երբ պապս 5-6 տարեկան էր: Սյուժեն զեյթունցիների
գաղթն է, մի ընտանիքի պատմություն, որի մի մասը քշվում է Սուլեիմանիայի ճահիճներ,
իսկ մյուս մասը՝ Տեր Զորի անապատ»,- պատմեց Է. Բաղդասարյանը: Ռեժիսորն ասաց,
որ իրեն շատ մարդիկ են օգնում նյութեր հավաքելու: «Այսօր աշխարհը անտարբեր է այդ
թեմայի նկատմամբ, որովհետեւ քաղաքական հարթությամբ են փորձում մատուցել թեման, իսկ
ի տարբերություն դրա՝ արվեստը ավելի կարճ ճանապարհ է գտնում»,- ասաց Էդգարը: Այն
հարցին, թե մեր ֆիլմերը առհասարակ հետաքրքրո՞ւմ են դրսի հանդիսատեսին, կինոռեժիսորը
պատասխանեց. «Հավատացնում եմ, դրանք ցուցադրվում են լեփ-լեցուն դահլիճներում եւ նայում
են հիմնականում ոչ հայերը: «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմը մեծ հետաքրքրությամբ դիտեցին
թե՛ Եվրոպայում, թե՛ ամերիկաներում: Բնականաբար, լավ ֆիլմերը շատ չեն, որովհետեւ
լավ բանը չի կարող շատ լինել»: Մեր դիտարկմանը, թե կինոթատրոնների տնօրենները դժգոհում
են, որ հայկական ֆիլմերը 3-4 օրից ավելի չեն կարողանում գրավել հանդիսատեսին, պարոն
Բաղդասարյանն ասաց. «Մեր հանդիսատեսի պարագայում, երբ ուղեղները բթացած են զանազան
սերիալներով, կասետներով կամ ամերիկյան ցածրորակ եւ կոմերցիոն ֆիլմերով, 3-4 օրը
արդեն նվաճում է: Հանդիսատեսի հետ շատ լուրջ աշխատել է պետք: Ասում են՝ այս սերունդը
արվեստ չի հասկանում: Համաձայն չեմ. «սոված» մարդուն ինչ տաս, այն կուտի: Շատ կարեւոր
է, թե ինչպես է կրթվում մեր ապագա երիտասարդը՝ հիմնականում կինոսալաթներով, որը եթե
այսօր չկերար, վաղը կթթվի: Ես տգետ եմ համարում այն կարծիքները, որոնք գտնում են,
թե կինոն մեր երկրում հեռանկար չունի: Պարզապես պետք է սովորեցնել ունենալ սեփական
աշխարհայացք ու գնահատել դիմացինինը, նույնիսկ համաձայն չլինելով դրա հետ: Իսկ այսօր
հայկական կինոյի բացը լրացվում է ամեն տեսակ տեսաաղբով, ու քանի որ հայերեն է՝ սպառվում
է: Ու նայեք, թե ինչ ֆիլմեր են պահանջարկ վայելում. իրար նման եւ անդեմ, կարծես նույն
հեղինակի գործը լինեն: Նոր ֆիլմերը բերում են նոր աշխարհայացք, որը արտահայտում է
այսօրվա ժամանակը: Անհանդուրժողականություն կա միմյանց հանդեպ: Եթե մարդու մեջ 77
լավ բան կա, 1 վատ՝ այդ վատի մասին կխոսեն: Կինոքննադատությունը թնդանոթով սպանելուն
հավասար է: Ես շատ ֆիլմեր չեմ սիրում, սակայն չեմ անձնավորում: Աշխարհայացքների բախումը
նորմալ եւ առողջ երեւույթ է»: Ռեժիսորը ուզում է տեսնել ոչ ստանդարտ, նոր մտածողություն,
անհատներ՝ որոնումներով, բնականաբար նաեւ իրենց սխալներով: Նա չի ուզում հավատալ,
որ երիտասարդ ռեժիսորներ չկան. «Կան եւ կլինեն»: «Այդ դեպքում ինչո՞ւ չեք դասավանդում»
հարցը պարոն Բաղդասարյանը ընդունեց ժպիտով. «Ի՞նչ եք ասում, ինձ մոտ չեն թողնի: Այնտեղ
հիմնովին պիտի փոխվի համակարգը: Մենք ունենք հրաշալի պոտենցիալ, սակայն ամեն ինչ
անում ենք, որ լղոզվի եւ սերմը պտուղ չտա: Կարծում եմ, որ տաղանդավոր մարդկանց քանակը
բոլոր ազգերի մեջ նույնն է: Ուղղակի՝ նայած թե որ ազգը ինչով է նպաստում դրա կայացմանը:
Մարդկանց դնում են կաղապարների մեջ: Այսօր դասավանդում են մարդիկ, որոնց անգամ երիտասարդներին
մոտ չի կարելի թողնել: Մեզանում բարոյահոգեբանական դաշտը տխրեցնում է, իսկ առանց
դրա՝ արվեստ չի լինում: Նայենք թեկուզ պոեզիային: Շատ ցավոտ բան եմ ասում, բայց մեր
պոեզիան մասիսասպան է անում: Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք սիրել քար, սար,
ջուր, բայց չենք սովորեցնում մարդ սիրել: Մեր պոեզիայում մարդ չկա: Կարեւոր չէ, թե
մենք ինչ ենք եղել նախկինում, կարեւոր է՝ ով ենք հիմա: Իսկ մեր վիճակը շատ վատ է:
Հարկավոր է վերագնահատել ունեցածը, սովորեցնել երիտասարդներին ունենալ քննադատական
միտք: Հերթական պաշտոնյան գալիս, իր անձնական, ընտանիքի, շրջապատի, ընկերության հարցն
է լուծում: Մեկ-մեկ ինձ թվում է, թե մեր կադրային քաղաքականությունը թշնամու միջամտությամբ
է տարվում»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել