Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ
ԴԵՌԵՎՍ ԱՆՀԱՅՏ ԵՆ

Մարտ 16,2006 00:00

Մարտի
9-ին ծեծկռտուքի արդյունքում մահացել է Երեւանի Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի 10-րդ
դասարանի աշակերտ Էդուարդ Վարդանյանը: Ինչպես երեկ հայտնել էինք, այս մասին
ոստիկանությունից պաշտոնական տեղեկատվություն չի եղել: Երեկ էլ «Առավոտի» հարցմանն
ի պատասխան՝ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Է. Վարդանյանի
մահվան առնչությամբ Կենտրոնի ոստիկանությունում տեղեկություն չունեն: Սակայն ոստիկանությանը
մոտ կանգնած մեր աղբյուրի տրամադրած ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, ոստիկանությունն
այդ դեպքի մասին «սվոդկա» (տեղեկատվություն) ստացել է, սակայն պաշտոնական ամփոփագրում
չի ընդգրկվել, քանի որ դեռ պարզ չէ, որ Է. Վարդանյանը բռնության արդյունքում է մահացել:
Մեր տեղեկություններով, մարտի 9-ին թիվ 7 դպրոցի 9-րդ եւ 10-րդ դասարանի աշակերտների
միջեւ դպրոցում իշխանություն հաստատելու համար վիճաբանություն է ծագել: Դպրոցականների
«ռազբորկան» գնալով թեժացել է, եւ, ականատեսների վկայությամբ, ավելի ուշ արդեն շարունակվել
է դպրոցից ոչ այնքան հեռու գտնվող Կիրովի այգում: Դպրոցի աշակերտների եւ Էդուարդ
Վարդանյանին ճանաչողների պատմելով, երեխան խելացի ու հավասարակշված մարդ է եղել ու
ծեծկռտուքին միջամտել է միայն կռվողներին «բաժանելու» եւ հաշտեցնելու նպատակով, ինչի
ժամանակ էլ գլխին հարված է ստացել: Որոշ ժամանակ անց Է. Վարդանյանի ինքնազգացողությունը
վատացել է, եւ ծնողները երեխային տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց,
որտեղ էլ երեխան գլխի վիրահատությունից հետո մահացել է: Դեպքի առնչությամբ
պարզաբանումներ ստանալու համար երեկ դիմեցինք նաեւ թիվ 7 դպրոցի տնօրեն Վիկտորյա
Ռուխիկյանին: Սկզբում նա պատճառաբանեց, որ «կարեւոր գործով գնում եմ կրթության վարչություն»
եւ որ իրեն հանդիպելու համար ավելի ուշ զանգահարենք: Սակայն տիկին Ռուխիկյանը մինչեւ
աշխատանքային օրվա ավարտը խուսափեց եւ դեպքի հետ կապված այդպես էլ որեւէ պարզաբանում
չտվեց: Մեզ հետ կարճ հեռախոսազրույցում տիկին Ռուխիկյանը ամեն կերպ մահվան պատճառները
հեռացնում էր դպրոցական շրջանակներից՝ անընդհատ շեշտելով, որ երեխան հիվանդ է եղել:
Է. Վարդանյանի մահվան առնչությամբ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում
քննություն է ընթանում: Գործը քննում է դատախազի օգնական Լեւոն Մուսախանյանը: «Առավոտի»
հետ զրույցում պարոն Մուսախանյանը, հիմնվելով դատաբժշկական եզրակացության վրա, հայտնեց,
որ երեխայի մահվան պատճառը գանգուղեղային տրավման չէ. «Նախնական դատաբժշկական եզրակացության
համաձայն, երեխայի վրա բռնության որեւէ հետք չի եղել, իսկ գլխի հետքը վիրահատությունից
հետո է առաջացել: Վիրահատությունից պարզվել է, որ Է. Վարդանյանը ի ծնե գլխուղեղի
թաքնված արատ է ունեցել, որի մասին նույնիսկ երեխայի ծնողները չեն իմացել: Սա նախնական
եզրակացություն է, վերջնական գրավոր եզրակացությունը մոտ 20 օրից կտրվի: Ինչ վերաբերում
է ծեծկռտուքին, մեր միջոցառումները շարունակվում են եւ ավելի ուշ կպարզվեն մանրամասները»:
Դատախազությանը տված բացատրությունում, ըստ Մուսախանյանի, դպրոցականի ծնողները՝ Նաիրա
եւ Հովհաննես Վարդանյանները պատմել են, որ երեխան մի քանի օր բողոքել է աջ աչքի հատվածի
ցավերից եւ մի անգամ էլ ուշագնաց է եղել: Երբ ծնողները երեխայից փորձել են պարզել,
թե արդյոք որեւէ դեպք չի՞ պատահել նրա հետ, երեխան ասել է, թե իբր մի քանի օր առաջ
դպրոցում ընկել է: Երեկ ուշ երեկոյան խմբագրություն զանգեցին Էդ. Վարդանյանի
հարազատները եւ խոստացան փաստաթղթեր ներկայացնել, որոնք վկայում են միջադեպից առաջ
տղայի՝ միանգամայն առողջ լինելու մասին: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել