Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարիքս դարձրին իմ թշնամին»

Մարտ 16,2006 00:00

«Առավոտին» է դիմել 13-րդ պոլիկլինիկայի
թերապեւտ Լաուրա Բաղդասարյանը, ում մարտի 20-ից ազատելու են աշխատանքից՝ կենսաթոշակային
տարիքի պատճառաբանությամբ: «Ես պոլիկլինիկայում աշխատող ամենաերիտասարդ թոշակառուն
եմ՝ 64 տարեկան եմ, եւ իմ տարիքը, որը դարձրել են իմ թշնամին, համարում եմ հարստություն:
Իմ աշխատատեղը վաճառել են «երիտասարդ կադրի»՝ 54-ամյա սրտաբանին, որը չունենալով
համապատասխան մասնագիտացում, 30 օրվա որակավորման արդյունքում վերափոխվել է թերապեւտի»,-
ասաց տիկին Լաուրան: Ըստ մեր այցելուի, ինքը 35 տարի աշխատել է որպես տարածքային
թերապեւտ, 22 տարի էլ համատեղության կարգով՝ շտապօգնության համակարգում՝ Երեւանում
եւ Կիեւում: Աշխատել է նաեւ պոլիկլինիկայում՝ որպես ֆունկցիոնալիստ եւ օնկոլոգ: «Ես
առաջինն էի, որ ստացա արտոնագիր եւ յուրաքանչյուր 5 տարին մեկ պարտադիր մասնակցում
եմ որակավորման ծրագրերին»,- տեղեկացրեց տիկին Լաուրան: Միայնակ թոշակառուին որեւէ
այլ աշխատանք չի առաջարկվել: Նրա միակ տղան բացակայում է հանրապետությունից եւ զանգելուց
բացի՝ ոչնչով չի կարողանում «հիշեցնել» իր մասին: «14300 դրամ թոշակը ինձ չի բավարարի
ապրելու: Տարիներ առաջ էլ էր ուզում ինձ ազատել աշխատանքից, բայց չկարողացավ՝ քեն
պահեց, հիմա էլ ժամանակը եկել է հին դեպքը հիշելու»,- պատմեց տիկին Լաուրան: Որպես
երկրորդ պատճառ, նա նշում է պոլիկլինիկայի ղեկավարության հետ գործարքի մեջ չմտնելու
իր որոշումը: «Ես չեմ ուզում ներքաշվել մեքենայությունների մեջ: Իմ բուժքույրը՝ Վարդիթեր
Ավագյանը, դեկտեմբերին հաշվառելով տարածքը, գրանցել է 2370 բնակիչ, ու քանի որ մենք
աշխատավարձ ենք ստանում մեր սպասարկած բնակիչների թվաքանակից ելնելով, իսկ ես շատ
լավ գիտեմ, թե նրանք ինչքան են՝ հասկացա, որ այդ թիվը, մեղմ ասած, ուռճացված է: Իմ
անձնական հարցումներով, տարածքի 522 ընտանիք բուժքրոջը չի տեսել»,- ասաց բժշկուհին:
13-րդ պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Արամ Գալստյանը մեր հարցմանն ի պատասխան՝
ասաց. «Մեզ մոտ բազմաթիվ ստուգումներ են անցկացվել եւ որեւէ խախտում չի արձանագրվել՝
կապված բնակչության հաշվառման հետ: Իսկ Լաուրա Բաղդասարյանին ազատել ենք թոշակի տարիքի
կապակցությամբ, փոխարենը ընդունելով մեկ այլ՝ բավականին լավ պատրաստված բժշկի: Ֆիզիոլոգիական
արձակուրդից վերադարձող ունենք եւ տեղերը վերադասավորել ենք»: Նա չժխտեց, որ իրենց
մոտ աշխատում են այլ թոշակառուներ նույնպես: «Նրանց փոխարինող չունենք,- պարզաբանեց
գլխավոր բժիշկը, իսկ իր նախկին թերապեւտին որակեց «անբարեխիղճ ու անպատասխանատու»,
ավելացնելով՝ «նա ուղղակի զառանցում է»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել