Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՎԱԶԴԻ ԶՈՀԸ

Մարտ 16,2006 00:00

Գեղեցկանալու փոխարեն՝ քաղաքացուհին դարձավ անատամ Երեւանի
բնակիչ Սոնա Մանասյանը երկու օր առաջ խմբագրություն էր եկել դեմքն այտուցված՝ նրա
ոդիսականը սկսվել է ամիսուկես առաջ. «Լսելով հեռուստաեթերով տրվող գովազդը՝ որոշեցի
փոքր-ինչ գեղեցկացնել ատամնաշարս եւ դիմեցի գովազդի հերոսին՝ «Հրանտ Դենտ» ատամնաբուժական
կլինիկայի բժիշկ Հրանտ Գրիգորյանին: Խնդրեցի վերին ծնոտի առջեւի երկու ատամներս գեղեցկացնել:
Նա զննեց ատամնաշարս եւ սկսեց համոզել, թե՝ կողքի մի ատամն էլ պետք է բուժվի ու սարքվի,
խոսեց իր նոր գյուտի մասին, մի խոսքով՝ համոզեց: Գործի համար նա պահանջեց 340 դոլար,
այն էլ՝ սկզբից, վճարեցի մինչեւ աշխատանքն սկսելը: Ատամս պլոմբելուց հետո սկսվեցին
ահավոր ցավեր, շուրջ մի շաբաթ տառապում էի, այդ ընթացքում մի քանի անգամ զանգեցի
բժշկին, բայց օգնականն ասում էր, թե տեղում չէ: Մի անգամ էլ գնացի՝ չընդունեց, ասաց՝
գնա, դեղեր խմի՝ կանցնի: Ստիպված եղա դիմել մի այլ բժշկի՝ Կողբացու փողոցում գտնվող
կլինիկայի ատամնաբույժ Ռուբենին: Նա պլոմբից մաքրեց ատամս, ցավերս հանգստացան: Կրկին
դիմեցի Հրանտին, որ աշխատանքը վերջացնի: Նախ հրաժարվեց, հետո էլ՝ պլոմբեց, բայց դրանից
հետո կրկին ահավոր ցավեր ունեցա: Հետագայում պարզվեց, որ պլոմբի տակ բորբոքում է
առաջացել՝ դրանից է»: Ըստ ներկայացվածի, այնուհետեւ 8-րդ հիվանդանոցի դիմածնոտային
բաժանմունքի բժշկի ախտորոշմամբ Սոնան կրկին հայտնվում է Հ. Գրիգորյանի մոտ, այս անգամ՝
բորբոքված ատամնախոռոչը մաքրելու, ինչի համար անհրաժշտություն է առաջանում հեռացնել
առողջ ատամը: Բայց՝ էլի բարդություններ. ատամնաբույժը նրան վիրահատելու համար «Արմենիա»
բժշկական կենտրոնում աշխատող ընկերոջ մոտ է տանում: «Այստեղ էլ լինդս կտրեցին, մաքրեցին,
10 կար դրեցին, բայց նաեւ կտրեցին 3 առողջ ատամներիս արմատները: Այսինքն՝ մեկից զրկվեցի,
երեքն էլ՝ արմատ չունեն, իսկ Հրանտի գցած 2 ատամն էլ արդեն սեւանում է»,- Սոնայի
պատմությունն այսքանով չի ավարտվում: Վիրավորված այն բանից, որ բժիշկն այդքան
փորձանքների մեջ գցելուց հետո մի անգամ նույնիսկ չի զանգել ու հետաքրքրվել իրենով,
որ հանիրավի այսքան տառապել է, ստիպված իրեն հակացուցված դեղեր է խմել, դրանց, ինչպես
նաեւ ռենտգենի համար 150 դոլարի չափ գումար է ծախսել, իսկ հիմա էլ «բուժման» արդյունքում
կորցրած ատամները վերականգնելու համար 700 դոլարի չափ գումար է պետք՝ հիվանդն ատամնաբույժից
պահանջում է վերադարձնել իր տված 340 դոլարը, եւ՝ ընդամենը: «Ես բողոքող մարդ չեմ,
ամիսուկես է՝ դեմքս ուռած այս ու այն կողմ եմ գնում, սպասելով՝ թե վերջապես Հրանտը
կհասկանա ու կընդունի իր սխալը, բայց նա միայն վիրավորել ու վարկաբեկել է ինձ, նույնիսկ
խոստացել է գումարը վերադարձնել ու խաբել է: Փաստորեն՝ ե՞ս եմ մեղավոր, որ հավատացել
եմ գովազդին ու նրա փափուկ խոսքին»,- հուզված ասում էր ակամա «ատամնազուրկ» դարձած
մեր այցելուն: Ի դեպ, երկու օր շարունակ մենք էլ փորձեցինք խնդրի շուրջ զրուցել
ատամնաբույժ Հրանտ Գրիգորյանի հետ, բայց՝ անարդյունք: Նա չժխտեց, որ Սոնա Մանասյան
անունով հիվանդ է ունեցել, սակայն նրա հետ կատարվածը մանրամասնելու համար նախ ասաց,
թե կզանգահարի, հետո էլ թե՝ անձամբ կգա, ու չեկավ՝ իր փոխարեն խմբագրություն հասցնելով
տեղեկություններ, որ ամբողջն իր դեմ սարքած է անձնական վրեժի մոտիվներով: Բոլոր դեպքերում
հակառակ կողմի փաստարկները մեզ չհաջողվեց լսել՝ չնայած պատրաստակամ էինք: Ատամնաբույժ
Ռուբենը, ում դիմել էր Սոնան, հաստատեց, որ հիվանդն իր մոտ է եկել ուժեղ ցավերով:
Սակայն Հ. Գրիգորյանի կատարած աշխատանքի մասին կարծիք հայտնելուց ձեռնպահ մնաց՝ «նեղ
մասնագիտական խնդիր է ու դժվար ապացուցվող»: Դա այդպես է, սակայն նման դեպքերում
գործում է նաեւ մասնագիտական համերաշխությունը: Գուցե Ատամնաբույժների ասոցիացիան,
ում վրա է դրված ատամնաբուժական կլինիկաների վերահսկողությունը՝ կանցնի «մասնագիտական
համերաշխության» պատնեշից եւ կզբաղվի այս խնդրով: Ուշադրություն դարձնենք
մի հանգամանքի վրա՝ մենք խոսում ենք հիվանդի ճակատագրի նկատմամբ բժշկի պատասխանատվության
մասին, ոչ թե՝ կատարած աշխատանքի որակի, թեպետ «փորփրելու» դեպքում դա էլ դժվար բացահայտվող
խնդիր չէ: Սոնայի ասելով՝ անհանգստանալու փոխարեն բժիշկն իրեն մշտապես «հանգստացրել
է» տարբեր սպառնալիքներով՝ «թաղի տղերք» եւ այլն: Բացի այդ, հիշատակված 340 դոլարի
մուծման դրամարկղային կամ մուտքի կտրոն Սոնա Մանասյանին չեն տվել: Եվ դժվար թե նրա
դեպքն այս հարցում բացառիկ լինի՝ սա նույնպես ուշադրության արժանի հանգամանք է: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել