Այսպես է «Ա1+»-ը գնահատում ԱԳՆ-ի պատասխանը
Շատ ժամանակ չի անցել այն օրից, երբ պարզվեց, թե ինչ խեղաթյուրված եւ ուղղակի կեղծ փաստերով լեցուն պատասխան էին Հայաստանի իշխանություններն ուղարկել Եվրոպայի խորհուրդ: Եվ ահա հայտնի դարձավ հերթական նման գրության մասին: Երբ հրապարակվեց ԱՄՆ պետքարտուղարության 2005-ի զեկույցը՝ իշխանական լրատվամիջոցները նկատեցին, թե այս զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածի հիմքը HUMAN RIGHTS WATCH-ի զեկույցն է։ Եվ պարզվեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն դեռ անցած տարի անդրադարձել է այդ զեկույցում արծարծված փաստերին: Մասնավորապես՝ խոսքի ազատության սահմանափակման, «Ա1+»-ին քաղաքական շարժառիթներով եթերազրկելու կապակցությամբ արտգործնախարարության տեղեկանքում տրվել էր հետեւյալ պարզաբանումը. «2005թ. ընթացքում անցկացվել է Երեւան քաղաքի տարածքում հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման երկու մրցույթ, որոնց մասնակցելու հայտ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունները չեն ներկայացրել, ուստի բաց են թողել լիցենզավորվելու (մրցույթին մասնակցելու) ընձեռված հնարավորությունը»։
Թերեւս Հայաստանի իշխանության այս բացատրությունն այնքան էր անհամոզիչ եղել, որ անտեսվել էր, ու նույն պնդումը խոսքի ազատության վերաբերյալ տեղ էր գտել նաեւ ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում։
Իսկ «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն այս գյուտի կապակցությամբ, որից հետեւում էր, թե հնարավորություն կար արտոնագիր ստանալու եւ հենց հեռուստաընկերությունն այն բաց թողեց՝ չմասնակցելով մրցույթին, ասաց. «Նախ հիշեցնեմ, թե ով է ներկայացրել նման պարզաբանում՝ մի մարդ, որը կարծես ընդհանրապես տեղյակ չէ Հայաստանում կատարվողին, քանի որ «թռչող հոլանդացի» է մեր երկրում, եւ ներքին քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումները ձեւավորում է ամպերից նայելով: Սակայն սուտ հայտարարություններն ինձ համար տարօրինակ չեն ու նորություն չեն: Դեմագոգիան դարձրել են քաղաքական խաղաքարտ: 10 մրցույթի մասնակցելուց հետո՝ «Ա1+»-ը հասկացավ, թե մեր առջեւ շարված է պատնեշ, եւ մեր հեռուստաընկերությունը հնարավորություն չի ունենա եթեր ստանալ: Մանավանդ՝ 2005-ին կայացած եթերամալուխային հաճախությունների մրցույթի դեպքում, երբ պահանջ էր ներկայացված, թե հեռարձակվելու են միայն այն հեռուստառադիոընկերությունների ծրագրերը, որոնք ունեն օրինական հեռարձակվելու իրավունք ՀՀ տարածքում: Այսինքն՝ «Ա1+»-ը, չունենալով հեռարձակման իրավունք, նույնիսկ այդ մրցույթում հաղթելու դեպքում չէր կարող հեռարձակել սեփական ծրագրերը: Բացի այդ՝ անցած 10 մրցույթներում մեզ եթեր չտրամադրելը հիմնականում պատճառաբանում էին այն փաստարկով, թե Գրիգոր Ամալյանի սեղանի վրա չենք դրել գումարներ՝ ապացուցելու համար, թե կարող ենք ապահովել ներդրումներ: Իսկ այս մրցույթների դեպքում Գաֆեսջյանն էր մրցակիցը՝ իր ամերիկյան միլիարդներով: Երեւի անիմաստ ու ծիծաղելի կլիներ նորից պայքարի մեջ մտնելը»: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը հիշեցրեց, որ 2004-ի սեպտեմբերին հենց Ռոբերտ Քոչարյանը սեղմեց «Սուպեր-սիստեմի» հեռարձակումը սկսելու կոճակը, որը 2005-ին այդ մրցույթներով նոր ստացավ արտոնագիր: Այսինքն՝ կրկնակի անիմաստ էր պայքարի մեջ մտնել «նախագահի բարձր հովանավորությունը» վայելող նախաձեռնության դեմ. արդյունքները կանխորոշված էին կրկնակի:
Եվս մի փաստարկ, որ հիշեցրեց Սուսաննա Օհանջանյանը՝ նույն 2005-ին «Ա1+»-ը մասնակցել է ռադիոհաճախությունների մրցույթներին եւ մերժվել: Ինչո՞ւ է այս փաստի մասին լռել արտգործնախարարությունը: Հարցը, սակայն, հռետորական է:
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ