Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԽՆԴԻՐԸ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ԻՐ ԲԱՌԱՊԱՇԱՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԵԼԸ ՉԷ

Մարտ 16,2006 00:00

Ասում
է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը – ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում
նախօրեին դժգոհեցին, թե անցած 1 տարվա ընթացքում չի իրականացվել Վեհաժողովի բանաձեւի
պահանջը՝ ատելության քարոզչությունից ձեռնպահ մնալու վերաբերյալ: Հայաստանում ակնհայտ
է ազգայնական տրամադրությունների աճը, որն արտահայտվեց ինչպես փետրվարի 28-ի հանրահավաքում,
այնպես էլ նորօրյա գլխագին սահմանողների ի հայտ գալով: Սա Ադրբեջանում հնչող ռազմատենչ
կոչերի պատասխա՞նն է: – Գուցե եւ այդ կոչերի պատասխանն է: Մենք գնալով ետ
ենք գնում՝ դեպի 16-17-րդ դարեր, երբ ազգայնականությունն արժեք էր, եւ այսօր, բոլորովին
այլ ժամանակաշրջանում եւ արժեքային համակարգում, փորձում ենք առաջնորդվել այդ արժեքներով՝
կարծելով, թե մեր ծայրահեղ ազգայնական հայտարարություններն ու նացիոնալիստական կոչերը
կարող են հայօգուտ ազդեցություն ունենալ աշխարհում եւ հասկացվել: Ազգայնական տրամադրությունների
աճը եւ ազգամիջյան ատելության քարոզչությունը, որոնցով այսօր հեղեղված է հայկական
մամուլը, եւ որոնցով առաջնորդվող կուսակցությունների ե՛ւ թիվն է աճում, ե՛ւ հնարավորությունները՝
ցույց են տալիս, թե ինչքա՜ն ենք մենք կտրված աշխարհից, ժամանակակից արժեքային համակարգերից
եւ ի՜նչ հին ու ժամանակավրեպ գաղափարներով ենք փորձում քայլել այս նոր աշխարհում:
Որպես օրինակ կարող են ծառայել այն ազգայնական ու ծայրահեղական ելույթները, որոնք
հնչեցին Հանրապետության հրապարակում վերջերս կազմակերպված հանրահավաքի ընթացքում,
ուր կոմունիստական «կամավոր-պարտադիր» սովորույթով տարել էին դպրոցականներին ու ուսանողներին,
որ աշխարհին ու իրենք իրենց ցույց տան իրենց «բազմահազարությունը եւ միասնականությունը»:
Եվ մեր մամուլում կամ նման հանրահավաքներում ոչ մի ելույթ ու կոչ չի հնչել, հնչում
եւ վախենամ՝ հնչելու հօգուտ համակեցության, խաղաղության եւ ընդդեմ պատերազմի: Ե՛վ
մեզանում, ե՛ւ Ադրբեջանում բոլոր անկյուններից հնչում են միայն հոխորտանքներ, պատերազմելու
պատրաստակամություն ու մեղադրանքներ: Իսկ հոխորտացողներից շատերը ո՛չ անցած պատերազմին
են մասնակցել, ո՛չ էլ, ամենայն հավանականությամբ, մասնակցելու են իրենց կողմից սադրածին:
– Հիշենք, թե ինչու առաջացավ նման հանրահավաքի անհրաժեշտությունը: Եթե քնած
մարդուն կացնահարած հանցագործին Ադրբեջանում հռչակում են «տարվա մարդ», իսկ խաչքարերը
Հին Ջուղայում ոչնչացվում կազմակերպված ձեւով՝ այս ամենի առնչությամբ հայ հանրությունն
ու քաղաքական վերնախավը չպիտի՞ ասեն պատասխան խոսք: – Իսկ ինչ է՝ մեր հիմնական
խնդիրն ադրբեջանցիներին համարժեք պատասխանե՞լն է: Իմ կարծիքով, մեր հիմնական խնդիրը
պիտի լինի աշխարհին համաքայլ ընթանալը եւ ոչ թե մարդասպանին կամ հանցագործին իր բառապաշարով
ու վարքագծով հակադարձելը: Այն, որ կենցաղային կամ ազգային հողի վրա մեկը հայ է կացնահարել՝
դեռ չի նշանակում, թե յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք կացնահարել աշխարհի ցանկացած
կետում հանդիպած ցանկացած ադրբեջանցու: Սակայն դատելով հրապարակում եղած ելույթներից
ու մեր լրատվամիջոցներով քարոզվող կիսահիվանդ հայտարարություններից՝ պետք է հենց
դա լինի յուրաքանչյուր հայի հիմնական խնդիրը: Այդ մարդասպանին մի կազմակերպության
կողմից Ադրբեջանում «տարվա մարդ» հռչակելն այդքան աղմուկ չէր հանի եւ իր նպատակին
չէր հասնի, եթե այդ գործին չլիներ հայկական մասնակցությունը: Հայ եւ ադրբեջանցի անպատասխանատու
ազգայնականների ջանքերով այդ մարդասպանը կովկասյան այս երկու հանրապետություններում
այլեւս տարվա մարդ է: Հայաստանում՝ հատկապես: Նրանով են սկսվում ու ավարտվում հանրահավաքները,
եւ նրան ուղղված հայհոյանքները հանդիսանում են հայրենասիրության ապացույց: –
Ձեր գնահատմամբ՝ «արյուն էիր ուզում՝ ստացիր» կարգախոսով ցույցերն արդյոք դրանք կազմակերպող
կուսակցության քաղաքական ասպարեզում ինքնահաստատման ճիգերի արտահայտությո՞ւն չեն:
Որ այդ կուսակցության առաջնորդը պետական պատվերով չի գործում՝ ապացույց դարձավ Գուրգեն
Մարգարյանի սպանության գործով դատավարությունում Հայաստանի պաշտպանության նախարարության
ներկայացուցչի հայտարարությունը, որն այս ամենն անվանեց մարդկային ողբերգության վրա
քաղաքական PR-ի փորձ: – Շատ էական է, գուցե նույնիսկ ուշացած, պաշտպանության
նախարարության ներկայացուցչի հայտարարությունը: Իրոք, վերջին շրջանի զարգացումները
կարող են ծառայել մարդկային ողբերգությունը սեփական շահերի եւ քաղաքական կարիերայի
համար օգտագործելու վառ օրինակ: Մեր իրականության համար նման փորձերը նորություն
չեն: Բոլոր դեպքերում, այս հայտարարությունները ոչ միայն սեփական PR են, այլ
մարդասպանության նախապատրաստում եւ հրապարակայնորեն քիլլեր վարձելու փորձ, որը քաղաքական
գործունեություն չէ՝ հանցագործություն է: Եվ եթե անգամ մեր դատախազության ուշադրությունը
չգրավեց՝ գոնե հասարակական պարսավանքի պետք է արժանանար: Բայց որեւէ արձագանք չեղավ,
եւ ավելին՝ դրան հաջորդեց «բազմահազարանոց» հանրահավաքը, որտեղ հնչեցին նմանատիպ
կոչեր: – Արդյոք մեր պետական այրերն այդքան ոչ լրջմիտ եւ անշրջահայա՞ց են,
որ չէին գիտակցի, թե նման հայտարարություններ խթանելով՝ ընդամենն առիթ էին տալու,
որ հավասարության նշան դրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ մեկի քաղաքացին կացնահարել
է, մյուսի քաղաքացին պատրաստակամություն է հայտնում վճարել սպանության համար: –
Մեր եւ մեր հարեւան Ադրբեջանի միջեւ վաղուց է արդեն դրված հավասարության նշան: Մեր
անպատասխանատու կեցվածքի հետեւանքով վաղուց ենք կորցրել նրանց նկատմամբ ունեցած առավելությունը
եւ դադարել ենք նրանցից տարբերվել միջազգային հանրության աչքերում: Մեր իշխանական
ու իշխանամետ գործիչների հայտարարություններում արդեն մի քանի տարի է ինչ հնչում
է այն միտքը, թե մենք այլեւս նախկին զոհը չենք: Եվ զոհ չլինելը հիմնավորելու նպատակով
տարբեր հրապարակներից ու ատյաններից հանդես են գալիս ռազմատենչ ու «խրոխտ» հայտարարություններով,
հրապարակավ քիլլեր են վարձում կամ սպառնում մեր հարեւաններին՝ մեկին Ղարաբաղի, մյուսին՝
Ախալքալաքի, մեկին էլ Ղարսի համար՝ չհասկանալով, որ այս վարքագիծը տանում է դեպի
պարտություն: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել