Կոչ է անում «Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը
Ջավախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների, Ջավախքի «հայաթափման» մասին Հայաստանում աղաղակող ու Ջավախքի խնդիրը մեր երկրում հետեւողականորեն շրջանառող ուժերի կողմից կազմակերպվող սեմինար-քննարկումների ֆոնի վրա առավել քան ցավագին ընդունվեց մարտի 9-ի երեկոյան Ջավախքի Ծալկա շրջկենտրոնում հայկական Ղուշչի գյուղի 23-ամյա մի երիտասարդի՝ Գեւորգ Գեւորգյանի դանակահարման ու սպանության փաստը: Կատարված միջադեպի ժամանակ եւս երկու հայ երիտասարդներ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հայ երիտասարդների վրա հարձակվողները եղել էին մոտ 15 հոգի: Նույն օրն արդեն կասկածներ կային, որ հարձակվողները եկվոր աջարներ կամ սվաններ են եղել։ Կարճ ժամանակ էր պահանջվել, որպեսզի Ծալկայում կատարված սպանության կապակցությամբ դժգոհության ու բողոքի ալիք բարձրանար, որ իրավապահները ծեծի ենթարկեին ցուցարարներին, որ սպանությունը Հայաստանում ու Վրաստանում որակեին որպես «ազգամիջյան»:
«Հզոր Հայրենիք» կուսակցության նախագահ Վարդան Վարդապետյանը, ով օրերս է վերադարձել Ծալկայից, ուր մեկնել էր մասնակցելու հայ երիտասարդի հուղարկավորության արարողությանը՝ «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Հուղարկավորության արարողությունը վերածվեց մեծ հավաքի, որին մասնակցում էր շուրջ 7000 մարդ, այդ թվում՝ տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ծալկայի հարակից շրջաններից ու Ջավախքից եկած մեծ թվով մարդիկ: Տեղի բնակչության հետ մեր շփումները վկայեցին, որ նման միջադեպեր՝ կենցաղային հողի վրա, միշտ լինում են՝ անասնագողություն, գողություն, սպանություններ, որոնք տեղի ոստիկանության կողմից մնում են անպատիժ: Այսինքն՝ Ծալկայում ընդհանուր անպատժելիության մթնոլորտ է տիրում, ինչն էլ պարարտ հող է ստեղծում նման դժբախտ պատահարների, սպանությունների համար»:
Մեր այն հարցին, թե արդյոք այս ամենից հետեւո՞ւմ է, որ կատարված սպանությունը ոչ թե ազգամիջյան, այլ կենցաղային հողի վրա է եղել, պարոն Վարդապետյանը պատասխանեց. «Ծալկայում անգամ տեղի վրաց ազգաբնակչությունն է դժգոհում վերաբնակեցված սվաններից՝ ասելով, որ նրանք քրեական հակումներ ունեն, ու տեղաբնակների հետ նման խնդիրներ պարբերաբար առաջանում են: Հայերի ու վրացիների միջեւ նման դեպքեր երբեւէ չեն արձանագրվել եւ չկան: Չարժե, որ ամեն ինչ, այդ թվում՝ այս դեպքը, որակվի որպես ազգամիջյան: Իսկ ընդհանուր առմամբ, Ծալկայում բավականին լուրջ ու չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն: Կարծում եմ, դրանք պետք է քննարկումների միջոցով վեր հանել եւ փորձել լուծումներ առաջարկել»:
Որքանո՞վ են փոխկապակցված Հայաստանում Ջավախքի խնդիրների վերաբերյալ կազմակերպվող տարբեր քննարկումներն ու ընդունվող հայտարարությունները Ջավախքում տեղի ունեցող զարգացումների հետ: Արդյոք Հայաստանում նման հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունը չե՞ն թողնում այդ տարածաշրջանում լարվածության իմաստով: «Բնականաբար, այդ ալիքը տեղափոխվում է այստեղից այնտեղ, այնտեղից՝ այստեղ: Ես կարծում եմ, պետք է շատ հավասարակշիռ ու զուսպ մոտեցում ցուցաբերել Ջավախքի խնդիրների նկատմամբ: Ի վերջո, մեր հարցադրումները, մեր գործողությունները պետք է նպաստեն Ջավախքում իրավիճակի կայունացմանը, եղած խնդիրների լուծմանը: Վիրահայերի խնդիրները պետք է լուծվեն: Այլ կերպ հնարավոր չէ: Հակառակ դեպքում դրանք կարող են շահարկվել եւ անցանկալի զարգացումներ ստանալ: «Հզոր Հայրենիքը» հենց այդ նպատակով էր կազմակերպել քննարկումների շարք, որպեսզի եղած հիմնախնդիրները հստակեցնելով՝ կառուցողական լուծումներ առաջարկվեին երկու պետությունների փոխադարձ համագործակցության շրջանակներում: Այլ կերպ Ջավախքում այսպիսի լարված սոցիալական վիճակը ցանկացած պահի կարող է այլ հետեւանքներ ունենալ»:
Մարտի 14-ին Երեւանում 15 հասարակական կազմակերպություններ ներառող «Ջավախք» խորհուրդը հայտարարել էր, թե՝ Ջավախքը «Հայ դատի» խնդիր է, ՀՀ իշխանություններից պահանջվել էր զորքեր մտցնել Ջավախք, իսկ պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ի վիճակի՞ է արդյոք երկրորդ ճակատ բացել, խորհրդի «հպարտ» ներկայացուցիչը հակադարձել էր՝ «Վրաստանի համար դա կլինի արդեն չորրորդ ճակատը»:
Անդրադառնալով այսօրինակ հայտարարություններին ու մեր հարցադրմանը՝ որքանո՞վ են դրանք նպաստում ջավախահայության խնդիրների լուծմանը, պարոն Վարդապետյանը նկատեց. «Նմանատիպ հայտարարությունները երբեւէ չեն բխել ջավախահայության շահերից ու հայապահպանության խնդիրներից եւ չեն նպաստել առկա հիմնահարցերի լուծմանը: Գոնե մեր կուսակցությունն իր գործողություններով ամեն ինչ անում է, որպեսզի ջավախահայությունը կարողանա լիարժեքորեն ապրել Ջավախքում: Միջպետական հարաբերությունների սրումը երբեք նպաստավոր վիճակ չի ստեղծի ջավախահայության համար»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ