Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐ

Մարտ 15,2006 00:00

ԽՈՇՈՐ ԱՄՍԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ՝ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ Պեկինի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է մոտ երկու տարի: Դա բավականին ժամանակ է պատշաճ մակարդակով նախապատրաստվելու համար: Բայց մյուս կողմից էլ յուրաքանչյուր ամիս խիստ նպատակային չօգտագործելն այլեւս աններելի շռայլություն կլինի: Հենց այդ նպատակով էլ երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրել էր մեր հենակետային մարզաձեւերի ներկայացուցիչներին՝ առաջատար մարզիկներին ու մարզիչներին: Պարոն Ծառուկյանը երբ ստանձնում էր Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնը, բազմիցս հայտարարել է, թե ամեն բան անելու է Պեկինում Հայաստանի դրոշը բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու համար: Ու մարզաշխարհի մարդիկ գործնականորեն համոզվել են դրանում: Երեկ էլ նա հայտարարեց, որ հանրապետության առաջատար մարզիկներին, ովքեր մեր օլիմպիական հավաքականների հավանական թեկնածուներ են, նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին, բացի պետականորեն հասանելիք գումարներից, ապրիլի 1-ից անհատական օլիմպիական թոշակ է սահմանում: Այդ նպատակով նա նախապես դիմել է Սպորտպետկոմին, մարզական ֆեդերացիաներին՝ անցած տարվա ցուցանիշների արդյունքներով անուններ ներկայացնելու առաջարկով: Ստացվել է մոտ հարյուր հոգիանոց ցուցակ: Մարզիկները բաժանվել են պայմանական երեք խմբի: Լավագույնները՝ 12 հոգի, ամսական կստանան $1000-ական, իսկ նրանց մարզիչները գումարի 50 տոկոսի չափով: Երկրորդ խմբի մարզիկներին ու մարզիչներին համապատասխանաբար կտրվի $ 500-ական եւ $ 250-ական, իսկ երրորդ խմբին, որ հիմնականում պատանիներ են, 50 եւ 30- հազարական դրամ: Օլիմպիական թոշակների ընդհանուր գումարը ամսական կազմում է $ 30 հազար: «Ինչպես որ խոստացել ենք,- ասաց Գագիկ Ծառուկյանը,- պետությունը, Սպորտպետկոմը, Օլիմպիական կոմիտեն ձեզ համար անում են հնարավոր ամեն բան, սկսած շուրջտարյա մարզումներ անցկացնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց, մրցումների ու մրցաշարերի գործուղելուց, վերջացրած նյութապես ապահովելով: Պահանջը դրա դիմաց մեկն է. լավ մարզվել, Պեկինում պայքարել Հայաստանի դրոշը բարձրացնելու համար: Այս ցուցակը վերջնական չէ: Կուզենայի, որ ավելի շատ մարզիկներ ընդգրկված լինեին, որպեսզի մեր ընտրությունն էլ մեծ լիներ: Առջեւում Եվրոպայի, աշխարհի առաջնություններն են: Տա Աստված, որ նոր չեմպիոններ ու մրցանակակիրներ ունենանք, որպեսզի նրանք էլ համալրեն այս թոշակը ստացողների շարքերը: Բայց պետք է նաեւ տեղեկացնեմ, որ նրանք, ովքեր կնահանջեն այսօրվա իրենց դիրքերից, ինքնըստինքյան կհանվեն ցուցակից»: ՀԱՕԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Շահեն Հովասափյանը հրաժարական է տվել: Եվ մարզաձեւի ֆեդերացիայի ներկա գտնվող անդամներին առաջարկեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել նոր թեկնածուների անուններ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել