Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան

Մարտ 15,2006 00:00

Ամերիկյան «դուետը»՝ ՀՀ-ում Ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր Ջեֆ Մանուկյանը (որին ժամանակին ներկայացրել է «Առավոտը») եւ առաջին անգամ Հայաստան այցելած դաշնակահար Գարի Բարնեթը «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 17-ին կներկայացնեն համաշխարհային պրեմիերա: Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ դաշնակահարը հանդես կգա Ջ. Մանուկյանի Դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտի կատարմամբ (դիրիժոր՝ Յուրի Պողոսյան): Նշենք, որ տարբեր նվագախմբերի հետ այս դուետը հանդես է եկել Վիեննայում, Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում, Հռոմում եւ աշխարհի այլ երաժշտական կենտրոններում: Հանդիպեցինք Գարի Բարնեթին: Ներկայումս նա Westfield State Collese-ի (Մասաչուսեթս) պրոֆեսոր է: Զրույցից տեղեկացանք, որ դաշնակահարը քոլեջում դասավանդում է համաշխարհային երաժշտության պատմություն եւ տեղի ղեկավարներից «պատվեր» է ստացել վերադառնալուց հետո քոլեջում կարդալ դասախոսություն հայաստանյան ժամանակակից երաժշտության մասին: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ բացատրել հայ արվեստի հանդեպ ամերիկացիների նման վերաբերմունքը: «Նշեմ, որ Ջեֆը ճանաչված անուն է ոչ միայն Ամերիկայում: Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա «Արցունքների սիմֆոնիան» բազմահազար ունկնդիր է հավաքել ամբողջ աշխարհում: Լինելով նրա մտերիմ բարեկամը, լսելով այդքան հայ ազգի ու հայկական մշակույթի մասին, ինձ էլ հետաքրքիր էր, որ գոնե մեկ անգամ սեփական աչքերով տեսնեմ Հայաստանը: Համերգից հետո պատրաստվում եմ այցելել Երեւանի կոնսերվատորիա: Տեղի մասնագետներն ինձ ավելի մանրամասն կտեղեկացնեն հայկական մշակույթի մասին: Մի գաղտնիք էլ ասեմ. կարծում եմ, Ջեֆն ինձ կների, նա որոշել է այսուհետեւ իր ցանկացած նոր գործ առաջինը ներկայացնել Հայաստանում»: Ինչ վերաբերում է հայ մշակույթի նկատմամբ ամերիկացիների հետաքրքրությանը, դաշնակահարի հավաստմամբ, «հաստատ չեմ կարող ասել՝ ճակատագրի՞, թե՞ ստեղծագործական մեծ բավարարություն ստանալու ակնկալիքով այսօր հայ երաժիշտները սփռված են աշխարհով մեկ: Օրինակ, մեծ համբավ են ձեռք բերել նախկին հայաստանցի կոմպոզիտորներ Պետրոս Հովսեփյանը, Անդրեյ Գասպարովը: Հետաքրքիր է, քանակով փոքր ազգ եք, բայց Եվրոպայի ու Ամերիկայի հայտագրերում մշտապես հանդիպում եմ հայ արվեստագետների: Իսկ ավելի շիտակ ասած՝ արդեն 25 տարի է, որ Ջեֆի մտերիմ բարեկամն եմ, ու երեւի գիտեք, որ նրա նախնիները Ադանայից են: Երեւի շատ եմ տալիս Ջեֆ անունը, բայց շնորհակալ եմ նրան, որ ինձ ինչ-որ տեղ դրդեց ճանաչել հայերին ու շփվել բազմադարյա հայ մշակույթի հետ»: Գ. Բարնեթի տեղեկացմամբ, ինքը Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբին ծանոթացել է տեսաերիզներով. «Երբ այստեղ իմացա, որ այս նվագախումբը ամեն շաբաթ հանդես է գալիս նոր ծրագրով, պարզապես ապշեցի: Այս պահին չեմ կարող մտաբերել որեւէ այլ նվագախումբ, որը այդքան հաճախակի ելույթ ունենա»: Հետաքրքրությանը՝ 1997-ին Ernst Krenek/Joanna Hodges միջազգային փառատոնում գրան պրի շահելուց հետո, աշխարհում իրեն ներկայացնում են, ոչ ավել-ոչ պակաս՝ «չվրիպող վիրտուոզ», արդյոք հնարավո՞ր է, որ, թեկուզ վիրտուոզ երաժիշտը, ոչ մի անգամ «չվրիպի», Գ. Բարնեթը կեսկատակ-կեսլուրջ հայտնեց հետեւյալը. «Եթե ձեր մեջ անգամ չնչին կասկած կա, որ կարող է երեւանյան այս համերգում ինչ-որ բան այն չլինել, մի անհանգստացեք. յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է լսել ու տեսնել ամբողջականության մեջ: Վիրտուոզ երաժիշտն էլ հնարավոր է թույլ տա աննշան սայթաքումներ, բայց անգամ պրոֆեսիոնալ ունկնդիրը դրանց կարեւորություն չի տալիս»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել