Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱՅԱՑԱՎ

Մարտ 15,2006 00:00

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱՅԱՑԱՎ ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչը վերահաստատում է, որ իր փաստերով ոչ ոք չի զբաղվում Իր վերջին ասուլիսի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «Առավոտի» հարցին՝ եթե դեռ շարունակում է գործել դատախազությունում ստեղծված հատուկ խումբը հանրաքվեի ընթացքում իրականացված խախտումների վերաբերյալ ահազանգերն ուսումնասիրելու նպատակով, արդյոք քննվե՞լ են այն փաստերը, որ շուրջ 1 ամիս առաջ ասուլիսում ներկայացրեց ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, պատասխանեց. «Մի քանի անգամ արդեն ասել եմ՝ բոլոր այն փաստերն ու հանգամանքները, որոնց մասին իրազեկում են զանգվածային լրատվամիջոցները, մենք ամենայն ուշադրությամբ դարձնում ենք մանրակրկիտ քննության առարկա: Եվ դրանք էլ բացառություն չեն: Նշված բոլոր հանգամանքների շուրջ ունենք ստուգման նյութեր եւ կայացված որոշումներ»: Նկատենք, որ եւ մինչ այդ, եւ դրանից հետո ԿԸՀ-ում «Արդարությունը» ներկայացնող Ֆելիքս Խաչատրյանը հայտնել էր, թե դատախազությունից որեւէ արձագանք չի եղել: Երեկ մեզ հետ զրույցում պարոն Խաչատրյանը վերահաստատեց իր ասածը եւ հավելեց. «2005 թվականի նոյեմբերի 29-ից ի վեր, երբ ես ԿԸՀ նիստում հայտարարեցի, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ կեղծվել է առնվազն մեկ միլիոն ձայն, որից հետո ելույթ եմ ունեցել հանրահավաքում՝ ասելով նույնը, դրանից հետո հրավիրել եմ երկու մամուլի ասուլիս եւ երրորդել եմ իմ ասելիքը՝ ներկայացնելով կոնկրետ փաստեր, կոնկրետ ընտրատեղամասերի համարներով, սակայն այս ամենից հետո ոչ մի արձագանք չի եղել: Որեւէ մեկը, սկսած ԿԸՀ-ից, որը, իմիջիայլոց, պարտավոր էր արձագանքել, քանի որ հենց նա է ամփոփում համապետական ընտրությունների արդյունքները: Իսկ ԿԸՀ իմ այդ հայտարարությունից հետո պարտավոր էր ինքը կանգնեցնել այդ գործընթացը, շտապ-շտապ չպետք է ստորագրեր եւ հայտարարեր, թե հանրաքվեն կայացել է: Այս ամենից հետո ինձնից էլ պետք է փաստեր պահանջեր նման հայտարարություն անելու համար: Ես էլ կներկայացնեի փաստերը, իմ հայտարարությունը կապացուցեի: Սակայն որեւէ արձագանք չեղավ ոչ ԿԸՀ-ի, ոչ դատարանի եւ ոչ էլ դատախազության կողմից: Որեւէ մեկն ինձ չի դիմել եւ իմ ներկայացրած փաստերի առնչությամբ ոչ մի ուսումնասիրություն չի կատարվել»: Իսկ որտե՞ղ են հիմա այդ փաստերը եւ արդյոք չի՞ ստացվում, որ դրանք այդպես էլ կմնան ընդդիմության դարակներում: Ֆելիքս Խաչատրյանը բացատրեց իրենց ծրագիրը, իսկ այն հետեւյալն էր՝ ԱԺ-ն ստեղծի համապատասխան ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկեր տեղեկատվությունը։ «Ընդ որում, մենք ուզում էինք, որ այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեին նաեւ ԿԸՀ-ի, դատախազության, դատարանների ներկայացուցիչներ, այսինքն` լիներ համապետական, համազգային ստուգում: Սակայն ձեզ հայտնի է, որ խորհրդարանը չգնաց այդ քայլին, եւ փաստորեն մեր հայտնաբերած խախտումները, որոնք որեւէ այլ՝ ժողովրդավարական նորմալ երկրում պարզապես «բում» կառաջացնեին եւ էապես կփոխեին պատկերը, մնացին թղթի վրա, եւ ոչ մեկը չգնաց դրանց ետեւից»: Սահմանադրական դատարան առայժմ ընդդիմությունը չի կարող դիմել համապատասխան մեխանիզմների բացակայության պատճառով, սակայն չի բացառվում, որ կդիմի, երբ. «Կլինի դիմելու հնարավորություն, կարծում եմ, իհարկե, պետք է դիմել: Մենք դաշինքում կխորհրդակցենք, քանի որ այսպիսի կեղծիք երբեւէ չի եղել Հայաստանում, կեղծիքներ միշտ էլ եղել են, դրանց մեխանիզմները գնալով կատարելագործվել են, մասշտաբները ընդլայնվում են, բայց այդպիսի համատարած կեղծիք, որին մասնակցեին բոլորը, այդ թվում նաեւ ԿԸՀ-ն, երբեւէ չի եղել: ԿԸՀ-ն շարունակ հայտարարում է, թե ինքը միայն «թվեր հավաքողն» է: Ոչ, ամենեւին այդպես չէ, ԿԸՀ-ն ընտրությունները կազմակերպող, վերահսկող, օրինականությանը հետեւող պետական մարմին է, որն այդ դեպքում իր ֆունկցիաները չի կատարել եւ, փաստորեն, անգործության է մատնվել, ու դրա համար էլ պետք է պատասխանատվություն կրի»: Այսօր ակտիվորեն շրջանառվող «ԸՕ» փոփոխությունների շքերթը, ըստ մեր զրուցակցի, ոչինչ էլ չի տալու: «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ ժամանակին արել է նաեւ Ֆելիքս Խաչատրյանը, սակայն իր առաջարկները չեն էլ քննարկվել, պատճառաբանելով, թե նախ հարկավոր է, որ օրենսգիրքը փորձարկում անցնի: Ըստ էության, այդ փորձարկումը եղավ. «Հանրաքվեն եղավ, դրանից առաջ՝ ՏԻՄ ընտրությունները, կեղծիքների պակաս չկար, այսինքն` փորձարկումն անցավ, հիմա ի՞նչ է կատարվում, ես ներկայացրել եմ 51 կետից բաղկացած իմ առաջարկությունները, թող քննարկում լինի»: Ֆելիքս Խաչատրյանը այն կարծիքին է, որ ԱԺԿ-ի ներկայացրած «ԸՕ»-ի նախագծում «շատ խելացի մտքեր կան, մանրակրկիտ աշխատանք կա, բայց համոզված եմ, որ դա ընթացք չի ստանա»: «Էս օրենսգրքով հնարավո՞ր չէր անցկացնել նորմալ ընտրություն, շատ լավ էլ հնարավոր էր, եթե ես ձեզ հիմա ցույց տամ թիվ 11/20 ԸԸՀ-ի չլրացված, բայց ստորագրված արձանագրության ձեւաթուղթը, դուք ի՞նչ, մտածելու եք, թե «ԸՕ՞»-ն է նման բաներ թույլ տվել: Ամենեւին, նույնիսկ այս «Ընտրական օրենսգրքի» մեջ այդպիսի բան չկա, ուրեմն ո՞ր օրենսգրքով է դա կատարվել: Ուրեմն պա՞րզ չէ, որ այդ ամենը կատարվում է «վերեւում», եւ «ԸՕ»-ն այստեղ ոչ մի մեղք չունի, ուրեմն ի՞նչ օրենքի մասին է խոսքը, օրենքը իշխանությունների ձեռքին դարձել է խաղալիք, ոնց ուզում են` խախտում են: Մեղք ունի իշխանությունը, որը գոնե մեկ անգամ պիտի ասի՝ կանգնենք: Սահմանը չի կարելի անցնել, սա ռուբիկոնն է, սրանից դենը ամեն ինչ խառնվում է իրար»,- ի պատասխան «Ընտրական օրենսգրքի» բարեփոխումների եւ դրանից բխող սպասելիքների, ասաց Ֆելիքս Խաչատրյանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել