Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐ ԱՄՍԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ՝ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ

Մարտ 15,2006 00:00

ԽՈՇՈՐ
ԱՄՍԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ՝ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ Պեկինի ամառային
օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է մոտ երկու տարի: Դա բավականին ժամանակ է պատշաճ
մակարդակով նախապատրաստվելու համար: Բայց մյուս կողմից էլ յուրաքանչյուր ամիս խիստ
նպատակային չօգտագործելն այլեւս աններելի շռայլություն կլինի: Հենց այդ նպատակով
էլ երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրել էր մեր հենակետային մարզաձեւերի
ներկայացուցիչներին՝ առաջատար մարզիկներին ու մարզիչներին: Պարոն Ծառուկյանը երբ
ստանձնում էր Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնը, բազմիցս հայտարարել է,
թե ամեն բան անելու է Պեկինում Հայաստանի դրոշը բարձրացնելու, օրհներգը հնչեցնելու
համար: Ու մարզաշխարհի մարդիկ գործնականորեն համոզվել են դրանում: Երեկ էլ
նա հայտարարեց, որ հանրապետության առաջատար մարզիկներին, ովքեր մեր օլիմպիական հավաքականների
հավանական թեկնածուներ են, նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին, բացի պետականորեն
հասանելիք գումարներից, ապրիլի 1-ից անհատական օլիմպիական թոշակ է սահմանում: Այդ
նպատակով նա նախապես դիմել է Սպորտպետկոմին, մարզական ֆեդերացիաներին՝ անցած տարվա
ցուցանիշների արդյունքներով անուններ ներկայացնելու առաջարկով: Ստացվել է մոտ հարյուր
հոգիանոց ցուցակ: Մարզիկները բաժանվել են պայմանական երեք խմբի: Լավագույնները՝ 12
հոգի, ամսական կստանան $1000-ական, իսկ նրանց մարզիչները գումարի 50 տոկոսի չափով:
Երկրորդ խմբի մարզիկներին ու մարզիչներին համապատասխանաբար կտրվի $ 500-ական եւ $
250-ական, իսկ երրորդ խմբին, որ հիմնականում պատանիներ են, 50 եւ 30- հազարական դրամ:
Օլիմպիական թոշակների ընդհանուր գումարը ամսական կազմում է $ 30 հազար: «Ինչպես
որ խոստացել ենք,- ասաց Գագիկ Ծառուկյանը,- պետությունը, Սպորտպետկոմը, Օլիմպիական
կոմիտեն ձեզ համար անում են հնարավոր ամեն բան, սկսած շուրջտարյա մարզումներ անցկացնելու
համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց, մրցումների ու մրցաշարերի գործուղելուց, վերջացրած
նյութապես ապահովելով: Պահանջը դրա դիմաց մեկն է. լավ մարզվել, Պեկինում պայքարել
Հայաստանի դրոշը բարձրացնելու համար: Այս ցուցակը վերջնական չէ: Կուզենայի, որ ավելի
շատ մարզիկներ ընդգրկված լինեին, որպեսզի մեր ընտրությունն էլ մեծ լիներ: Առջեւում
Եվրոպայի, աշխարհի առաջնություններն են: Տա Աստված, որ նոր չեմպիոններ ու մրցանակակիրներ
ունենանք, որպեսզի նրանք էլ համալրեն այս թոշակը ստացողների շարքերը: Բայց պետք է
նաեւ տեղեկացնեմ, որ նրանք, ովքեր կնահանջեն այսօրվա իրենց դիրքերից, ինքնըստինքյան
կհանվեն ցուցակից»: ՀԱՕԿ-ի նախագահը տեղեկացրեց, որ Ծանրամարտի ֆեդերացիայի
նախագահ Շահեն Հովասափյանը հրաժարական է տվել: Եվ մարզաձեւի ֆեդերացիայի ներկա գտնվող
անդամներին առաջարկեց մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել նոր թեկնածուների անուններ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել