Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան «դուետը»՝ ՀՀ-ում

Մարտ 15,2006 00:00

Ամերիկահայ
կոմպոզիտոր, դիրիժոր Ջեֆ Մանուկյանը (որին ժամանակին ներկայացրել է «Առավոտը») եւ
առաջին անգամ Հայաստան այցելած դաշնակահար Գարի Բարնեթը «Ա. Խաչատրյան» համերգասրահում
մարտի 17-ին կներկայացնեն համաշխարհային պրեմիերա: Հայաստանի ֆիլհարմոնիկ
նվագախմբի ընկերակցությամբ դաշնակահարը հանդես կգա Ջ. Մանուկյանի Դաշնամուրի եւ նվագախմբի
կոնցերտի կատարմամբ (դիրիժոր՝ Յուրի Պողոսյան): Նշենք, որ տարբեր նվագախմբերի
հետ այս դուետը հանդես է եկել Վիեննայում, Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում, Հռոմում
եւ աշխարհի այլ երաժշտական կենտրոններում: Հանդիպեցինք Գարի Բարնեթին: Ներկայումս
նա Westfield State Collese-ի (Մասաչուսեթս) պրոֆեսոր է: Զրույցից տեղեկացանք, որ
դաշնակահարը քոլեջում դասավանդում է համաշխարհային երաժշտության պատմություն եւ տեղի
ղեկավարներից «պատվեր» է ստացել վերադառնալուց հետո քոլեջում կարդալ դասախոսություն
հայաստանյան ժամանակակից երաժշտության մասին: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ բացատրել հայ
արվեստի հանդեպ ամերիկացիների նման վերաբերմունքը: «Նշեմ, որ Ջեֆը ճանաչված անուն
է ոչ միայն Ամերիկայում: Հայոց ցեղասպանությանը նվիրված նրա «Արցունքների սիմֆոնիան»
բազմահազար ունկնդիր է հավաքել ամբողջ աշխարհում: Լինելով նրա մտերիմ բարեկամը, լսելով
այդքան հայ ազգի ու հայկական մշակույթի մասին, ինձ էլ հետաքրքիր էր, որ գոնե մեկ
անգամ սեփական աչքերով տեսնեմ Հայաստանը: Համերգից հետո պատրաստվում եմ այցելել Երեւանի
կոնսերվատորիա: Տեղի մասնագետներն ինձ ավելի մանրամասն կտեղեկացնեն հայկական մշակույթի
մասին: Մի գաղտնիք էլ ասեմ. կարծում եմ, Ջեֆն ինձ կների, նա որոշել է այսուհետեւ
իր ցանկացած նոր գործ առաջինը ներկայացնել Հայաստանում»: Ինչ վերաբերում է հայ մշակույթի
նկատմամբ ամերիկացիների հետաքրքրությանը, դաշնակահարի հավաստմամբ, «հաստատ չեմ կարող
ասել՝ ճակատագրի՞, թե՞ ստեղծագործական մեծ բավարարություն ստանալու ակնկալիքով այսօր
հայ երաժիշտները սփռված են աշխարհով մեկ: Օրինակ, մեծ համբավ են ձեռք բերել նախկին
հայաստանցի կոմպոզիտորներ Պետրոս Հովսեփյանը, Անդրեյ Գասպարովը: Հետաքրքիր է, քանակով
փոքր ազգ եք, բայց Եվրոպայի ու Ամերիկայի հայտագրերում մշտապես հանդիպում եմ հայ
արվեստագետների: Իսկ ավելի շիտակ ասած՝ արդեն 25 տարի է, որ Ջեֆի մտերիմ բարեկամն
եմ, ու երեւի գիտեք, որ նրա նախնիները Ադանայից են: Երեւի շատ եմ տալիս Ջեֆ անունը,
բայց շնորհակալ եմ նրան, որ ինձ ինչ-որ տեղ դրդեց ճանաչել հայերին ու շփվել բազմադարյա
հայ մշակույթի հետ»: Գ. Բարնեթի տեղեկացմամբ, ինքը Հայաստանի ֆիլհարմոնիկ
նվագախմբին ծանոթացել է տեսաերիզներով. «Երբ այստեղ իմացա, որ այս նվագախումբը ամեն
շաբաթ հանդես է գալիս նոր ծրագրով, պարզապես ապշեցի: Այս պահին չեմ կարող մտաբերել
որեւէ այլ նվագախումբ, որը այդքան հաճախակի ելույթ ունենա»: Հետաքրքրությանը՝ 1997-ին
Ernst Krenek/Joanna Hodges միջազգային փառատոնում գրան պրի շահելուց հետո, աշխարհում
իրեն ներկայացնում են, ոչ ավել-ոչ պակաս՝ «չվրիպող վիրտուոզ», արդյոք հնարավո՞ր է,
որ, թեկուզ վիրտուոզ երաժիշտը, ոչ մի անգամ «չվրիպի», Գ. Բարնեթը կեսկատակ-կեսլուրջ
հայտնեց հետեւյալը. «Եթե ձեր մեջ անգամ չնչին կասկած կա, որ կարող է երեւանյան այս
համերգում ինչ-որ բան այն չլինել, մի անհանգստացեք. յուրաքանչյուր ստեղծագործություն
պետք է լսել ու տեսնել ամբողջականության մեջ: Վիրտուոզ երաժիշտն էլ հնարավոր է թույլ
տա աննշան սայթաքումներ, բայց անգամ պրոֆեսիոնալ ունկնդիրը դրանց կարեւորություն
չի տալիս»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել