Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԹԵՐԹ ԿԱՐԴԱԼԸ ՀԱՐԳԻ Է

Մարտ 15,2006 00:00

Հայաստանի բնակչությունը տասն անգամ փոքր է Լեհաստանի բնակչությունից, սակայն Հայաստանում տպվող թերթերի միջին տպաքանակը լեհական թերթերի միջին տպաքանակից քիչ է 100 անգամ:

Փետրվարի 28-ից մարտի 9-ը «Հաղորդակցության եւ մշակույթի Եվրոպական կենտրոնի» (ECCC) հրավերով 20 լրագրողներ ՌԴ-ից, Բելառուսից, Ուկրաինայից եւ ՀՀ-ից Վարշավայում մասնակցում էին «Ժամանակակից աշխարհի պրոբլեմների լուսաբանումը քրիստոնեական ԶԼՄ-ների կողմից» թեմայով դասընթացին:

Տասն օրվա ընթացքում դասընթացի մասնակիցներին իրենց փորձն ու հմտությունները
փոխանցեցին 16 մասնագետներ՝ լրագրողներ, հասարակական գործիչներ, ԶԼՄ-ների ղեկավարներ, կաթոլիկ հոգեւորականներ: Թեմաների շրջանակը լայն էր՝ միջկրոնական կոնֆլիկտների, ներեկեղեցական սկանդալների, տեռորիզմի եւ պատերազմական իրավիճակների լուսաբանում, աղանդներ եւ օկուլտիզմ, եւ այլն:

Քանի որ ECCC-ն գործում է կաթոլիկ եկեղեցու հովանու ներքո, բնականաբար,
դասընթացը վարողները հիմնականում աշխատում էին խնդիրներին նայել կրոնական լույսի
ներքո: Դասավանդողների առնվազն 70%-ը այս կամ այն կերպ անդրադառնում էր արհեստական վիժումների, էֆտանազիայի, հոմոսեքսուալիզմի, ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի թեմաներին:

Լեհաստանում այսօր կան բազմաթիվ կրոնական (հիմնականում՝ կաթոլիկ) ուղղվածության ամսագրեր, թերթեր, շաբաթաթերթեր, նույնիսկ ռադիոկայան՝ «Ռադիո Մարիա»: Հանրային հեռուստատեսությունը, որն ունի երեք ալիք՝ TVP1, TVP2, TVP3, նույնպես ունի հոգեւոր հաղորդումների մեծ խմբագրություն:

Իմիջիայլոց, 32 մլն բնակչություն ունեցող Լեհաստանում գործում են ընդամենը վերը նշած երեք TV-ները, ինչպես նաեւ եւս երկու կոմերցիոն հեռուստատեսություն, գումարած՝ մի քանի կաբելային TV-ներ: Փոխարենը թերթերի տպաքանակն էր ահռելի: Օրինակ, դեռ կոմունիստների ժամանակներում հիմնադրված «Ռեչպոսպոլիտա» օրաթերթը տպագրվում է
շաբաթը վեց անգամ՝ 250-260 հազար տպաքանակով: Խմբագրակազմը բաղկացած է 400 աշխատակցից, որոնցից 170-ը լրագրող են: Այս թերթի բաժնետոմսերի 49%-ը պետական գանձարանին է պատկանում, այսինքն՝ կառավարությանը, իսկ մնացած 51%-ը՝ նորվեգական մի կոնցեռնի: Այն օրերին, երբ մենք այցելեցինք «Ռեչպոսպոլիտայի» խմբագրություն, թերթը գտնվում էր խիստ լարված վիճակում, քանի որ ժամանակին երկրի ներկայիս նախագահը՝ Լեխ Կաչինսկին, երբ դեռ արդարադատության նախարար էր, այս թերթին մեղադրել էր իր դեմ ԿԳԲ-ի թելադրանքով «նյութեր թխելու» մեջ:
Իսկ հիմա, տարիներ անց, որոշ ԶԼՄ-ներ նորից վերաթարմացրել են այս պատմությունը. նախագահ Կաչինսկին, ինչպես նաեւ նրա եղբայրը՝ երկրի ամենամեծ կուսակցության ղեկավարը, ԶԼՄ-ների կողմից, մեղմ ասած, «սիրված չեն»: Հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերում ինչպիսի լուտանքներ ասես չէին թափվում Կաչինսկի եղբայրների գլխին: Սակայն, ի պատասխան, ասենք, նրան, որ բոլոր ԶԼՄ-ները բացահայտորեն Կաչինսկի եղբայրներից մեկին արվամոլ, իսկ մյուսին հիմար էին անվանում, ոչ մի թերթ կամ TV Լեհաստանում չի փակվել: Այնտեղ լրագրողները, նույնիսկ՝ ամենասուր թեմաներով գրողները, չէին վախենում նաեւ ֆիզիկական հաշվեհարդարից:

Թերթերի մեջ մեծ մրցակցություն կար: Լեհաստանի ամենամեծ թերթը՝ «Գազետա Վիբորջան», որ հիմնվել է 1989թ., ավելի ձախ ուղղվածություն ուներ: Թերթը տպագրվում է միջինը 500 հազար օրինակով: Այս թերթի հիմնական մասը բաղկացած է 32 էջից, սակայն յուրաքանչյուր օր թերթն ունի որեւէ ներդիր: Ասենք, մի օր տպագրվում են աշխատանքի հայտեր (Լեհաստանում գործազրկության ամենամեծ տոկոսն է Եվրոպայում՝ մոտ 50%), մեկ այլ օր՝ բիզնեսի եւ տնտեսության մասին, երրորդ օրը՝ կանանց նվիրված հավելված, եւ այսպես շարունակ: Պատահում է, որ ներդիրն ավելի մեծ ծավալ է ունենում, քան բուն թերթը: Կախված ներդիրներից, թերթի տպաքանակը կարող է հասնել մինչեւ 7-8 հարյուր հազարի: Ներդիրների ժամանակ գովազդի քանակն էլ է մեծանում: Սա էլ դեռ բոլորը չէ: «Գազետա Վիբորջան» փորձել է տպաքանակը մեծացնելու հնարավոր բոլոր տեխնոլոգիաները. թերթի մեջ CD է դրել կամ իրականացրել է որոշ գրքերի վաճառք՝ «Վիբորջայի» հետ՝ 30% զեղչով:

Մոտ վեց ամիս տեւած այդ ակցիայի ժամանակ համ վաճառված 26 գրքերի հեղինակներն են գոհ մնացել, համ թերթի տպաքանակն է բարձրացել: Այս թերթում աշխատում է 2000-ից ավելի մարդ: Թերթն իր մասնաճյուղերն ունի Լեհաստանի բոլոր 16 մարզերում: Ողջ երկրով մեկ տպագրվում է 32 էջանոց հիմնական մասն ու ներդիրը, իսկ յուրաքանչյուր մարզում (Վարշավան համարվում է առանձին մարզ)՝ գումարած այդ ամենին նաեւ թերթի «լոկալ» հատվածը, որը կարող է լինել 10-150 էջ:

Այսօր Լեհաստանի թերթերը, չնայած հսկայական տպաքանակին, հիմնականում ապրում են գովազդների հաշվին: Լեհաստանում շատ են նաեւ անվճար թերթերը, ու չնայած «Ագորա» կոնցեռնը՝ «Գազետա Վիբորջայի» հրատարակիչը, գտնում է, որ դրանք փչացնում են շուկան, այնուհանդերձ, մրցակցությունից դուրս չմնալու համար ինքն էլ է անվճար թերթ հրատարակում: Ավելին, գնել եւ փակել է մի այլ անվճար թերթ, որպեսզի այն չդառնա «Վիբորջայի» հավելվածներից մեկի մրցակիցը:

Լեհաստանում մամուլի տարածման մանր ֆիրմաներից բացի, կա երկու մեծ ընկերություն:
Առաջինը պետական «Ռուխն» է, որը գործում է կոմունիստների ժամանակներից, երկու անգամ կոռուպցիոն սկանդալների մեջ է ընկել եւ երկու անգամ անհաջող կերպով փորձել է սեփականաշնորհվել:
Մյուսը «Կոլպորտեր» ընկերությունն է, որը մի քանի տարում մամուլի տարածման շնորհիվ
այնպես է աճել, որ այսօր Լեհաստանի ֆուտբոլի 1-ին լիգայի լավագույն թիմերից մեկի
տերն է:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031