15 հասարակական կազմակերպություններից բաղկացած «Ջավախք» խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ պատշաճ ուշադրություն դարձնել Ջավախքի հայության խնդիրներին, մասնավորապես՝ ճանաչել Ջավախքի հիմնախնդրի քաղաքական բաղադրիչը:
Այս մասին ասված է մարտի 14-ին խորհրդի հրապարակած հայտարարությունում: «Քաջալերված ՀՀ իշխանությունների բացարձակ անտարբերությունից, վրաց շրջանակներն է՛լ ավելի սանձարձակ են դարձել»,- պնդվում է հայտարարությունում: Վերջին շրջանում Վրաստանում կատարված հակահայկական գործողությունների շարքում նշվում են վրացերենի չիմացության պատճառով հայազգի դատավորներին Ջավախքում աշխատանքից հեռացնելը, Վրաց եկեղեցու կողմից ՀՀ տարածքում թեմ հիմնելը, Ծալկայում հայ երիտասարդի սպանությունը: «Չբացառելով երրորդ կողմի, այդ թվում Թուրքիայի եւ Ադրբեջանի մասնակցությունը հակահայկական այս արարքների հրահրման եւ գործադրման մեջ՝ «Ջավախք» խորհուրդը դրանց առաջնային պատասխանատուն է համարում Վրաստանի իշխանություններին եւ Վրաց ուղղափառ եկեղեցուն: Պատասխանատվության իրենց բաժինն ունեն նաեւ ՀՀ իշխանությունները, որոնք ոչինչ չեն արել Ջավախքի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
«Ջավախքի խնդրի առանցքը քաղաքական է. մինչեւ Ջավախքի քաղաքական կարգավիճակը չհստակեցվի եւ Ջավախքը երաշխիքներ չունենա, որ հայության նկատմամբ որեւէ ոտնձգություն չի լինի, այլ հարցեր լուծելն անիմաստ է»,- ըստ «Նոյյան տապանի»՝ հայտարարել է «Ջավախք» խորհրդի ներկայացուցիչ Հրազդան Մադոյանը: Նրա խոսքերով, Հայաստանում ապրող հայերի ճնշող մեծամասնությունը մտահոգված է Ջավախքի խնդրով, որովհետեւ հասկանում է, որ Ջավախքի առանձին խնդիր գոյություն չունի: «Դա, մի կողմից, Հայ դատի խնդիրն է, եւ մյուս կողմից՝ Հայաստանի ֆիզիկական գոյության խնդիրը, որովհետեւ այսօր Ջավախքը միակ հնարավորությունն է Եվրոպայի հետ կապվելու համար: Մենք հասկանում ենք, որ եթե հայերն այնտեղից դուրս գան, ապա նրանց տեղը կզբաղեցնեն թուրքերը. դա նշանակում է, որ Հայաստանը կընկնի կատարյալ շրջափակման մեջ»,- ասել է Մադոյանը: Ըստ վերջինիս, Ջավախքի խնդրի երկու հնարավոր զարգացում կարող է լինել. կա՛մ այն կդառնա երկրորդ Նախիջեւան, կա՛մ երկրորդ Ղարաբաղ: Ըստ խորհրդի ներկայացուցիչների, անհրաժեշտության դեպքում Հայաստանը պետք է զորք մտցնի Ջավախք: Այն հարցին, թե արդյոք Հայաստանն ի վիճակի՞ է երկրորդ ճակատ բացել, խորհրդի ներկայացուցիչ Գագիկ Գինոսյանը պատասխանել է, որ Վրաստանի համար դա կլինի արդեն չորրորդ ճակատը: «Խոսքը Հայաստանի ֆիզիկական գոյության մասին է»,- ասել է նա:
Տեղեկացնենք, որ նախօրեին հայտարարություն էր արել նաեւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն՝ ասելով, թե «Վրաստանի Ախալքալաքի շրջանում որոշակի ուժեր փորձում են սրել հարաբերությունները հայ եւ վրաց բնակչության միջեւ»:
Սեփ. լր.