Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱԿ ԴԵՊՔԸ, ԵՐԲ ՀԱՅԵՐՆ ՈՒ ԱԶԵՐԻՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԾԻՔ ԷԻՆ

Մարտ 15,2006 00:00

Երեկ
Փարիզում կայացել է ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր
Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել-Ջոնսթոնի
հաղորդումը: Հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար
Տիգրան Թորոսյանը «Առավոտին» հեռախոսով հայտնեց. «Այս հաղորդումը ներկայացնելու անհրաժեշտությունն
առաջացել էր այն պատճառով, որ երբ ԵԽԽՎ Բյուրոյի նախորդ նիստում Ռասսել-Ջոնսթոնը
ներկայացրել էր իր հաշվետվությունը ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ՝
ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Աբդուլքադիր Աթեշն առարկել էր հանձնաժողովի
աշխատանքը բյուրոյի ենթակայության ներքո շարունակելու հարցադրմանը»: Նշենք, որ ԼՂ
հարցով հանձնաժողովն ավարտել է իր աշխատանքները, եւ Ռասսել-Ջոնսթոնը Բյուրոյին առաջարկել
էր երկարացնել հանձնաժողովի գործունեությունը: Սակայն ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության
անդամ Աթեշը նշել էր, որ ԼՂ հարցը Քաղաքական հարցերի հանձնաժողովի հետաքրքրությունների
շրջանակում է եւ ճիշտ կլինի, եթե աշխատանքները շարունակվեն հանձնաժողովի հովանու
ներքո՝ ոչ Բյուրոյի: «Այդ պատճառով ԵԽԽՎ Բյուրոն որոշել էր մի փոքր քննարկում անցկացնել
քաղաքական հարցերի հանձնաժողովի շրջանակներում,- նշեց Տիգրան Թորոսյանը:- Եվ Ռասսել-Ջոնսթոնը
շատ կարճ ներկայացրեց իր հաշվետվությունը, որը ներկայացրել էր Բյուրոյին: Արձանագրեց,
թե գտնում են, որ անհրաժեշտություն կա շարունակել հանձնաժողովի աշխատանքները նույն
կարգավիճակով, այսինքն՝ Բյուրոյի ենթակայության ներքո: Եվ ամենակարեւոր հարցը, որով
պիտի զբաղվի հանձնաժողովը՝ այն է, թե պիտի ի վերջո իրականացվեն Վեհաժողովի այն առաջարկությունները,
որոնք չեն իրականացվել անցած 1 տարվա ընթացքում: Խոսքը հիմնականում ռազմատենչ հայտարարություններից
եւ ատելության կոչերից ձեռնպահ մնալու մասին է»: Ռասսել-Ջոնսթոնը նշել է, թե ցավոք,
ոչինչ չի արվում երկու ժողովուրդներին խնդրի կարգավորմանը նախապատրաստելու համար.
«Պետք է դադարեցվի պատերազմի եւ ատելության քարոզը, որ մարդիկ պատրաստ լինեն խնդրի
լուծմանը»: Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում կարճ ելույթներ են ունեցել
նաեւ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունների ղեկավարները: Տիգրան Թորոսյանը
նշեց. «Սա Ղարաբաղին վերաբերող հարցերի քննարկման ժամանակ առաջին դեպքն էր, որ կողմերը
միակարծիք էին եւ տեսակետները լիովին համընկնում էին: Երկուսս էլ ասացինք, թե մենք
եւս կարծում ենք, որ ճիշտ կլինի՝ հանձնաժողովը շարունակի իր աշխատանքները, զբաղվի
հաշվետվության մեջ արձանագրված հարցերով: Միաժամանակ համակարծիք էինք, որ հանձնաժողովը
գործի Բյուրոյի ենթակայության ներքո: Երբ Քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահը
տեսավ, որ այստեղ իսկապես համաձայնություն կա՝ ելույթ եղավ, թե միգուցե ընդհանուր
առմամբ ճիշտ կլիներ, որ Քաղաքական հարցերի հանձնաժողովի ենթակայությամբ շարունակվեին
աշխատանքները, բայց քանի որ կա նման համաձայնություն՝ թերեւս ավելի լավ է, որ հանձնաժողովը
գործի Բյուրոյի ներքո: Պայմանավորվեցինք, որ հանձնաժողովի նախագահը Բյուրոյին այսօր
կներկայացնի հետեւյալ առաջարկը՝ կողմ են, որ ԼՂ հանձնաժողովը գործի նույն կարգավիճակում,
սակայն խնդրում է Բյուրոյին հետագայում ձեռնպահ մնալ Քաղաքական հարցերի հանձնաժողովի
խնդիրների շրջանակում գտնվող հարցերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելուց»:
Բյուրոյի նիստին Տիգրան Թորոսյանը չի մասնակցելու, սակայն առաջարկել է ստեղծել
մեխանիզմներ՝ դիտարկում անցկացնելու եւ արձանագրելու համար, թե ովքեր չեն կատարում
ԵԽԽՎ բանաձեւի պահանջները: Ըստ պարոն Թորոսյանի՝ դիտարկում անցկացնելու համար տարածաշրջան
կարող են այցելել ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչները: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների կոմիտեում ներկայացվել
է զեկույց «Մարդու իրավունքները զինված ուժերում» թեմայով: Բուլղարացի զեկուցող Ալեքսանդր
Արաբաջիեւն անդրադարձել է նաեւ Հայաստանին՝ ներկայացնելով բավական հին թվական տվյալներ:
Զեկույցում մասնավորապես նշված է. «Պաշտպանության նախարարությունն ընդունում է 56
մահվան դեպքերի փաստը խաղաղության պայմաններում 2001-ին եւ 33 դեպք՝ 2002-ի առաջին
կեսին: ՀԿ-ները հայտարարում են 2003-ին 64 մահվան դեպքի մասին: ԱՄՆ պետքարտուղարության
«Մարդու իրավունքները-2003» զեկույցում նշված են պաշտոնական տվյալներ, որոնց համաձայն՝
զինված ուժերում 2003-ին 35 զինվոր է մահացել, որոնցից 9-ը՝ անհասկանալի պատճառով:
Ավելին՝ համասեռամոլ զորակոչիկները, եզդիները եւ «Եհովայի վկաները» հայտարարել են,
թե նրանք մեկուսացվել են եւ հետապնդվել սպաների եւ այլ զորակոչիկների կողմից: Շատ
տարածված է ծառայությունից խուսափումը՝ կյանքի պայմանները բանակում շատ վատն են,
եւ ավելին՝ զորակոչիկները կարող են ուղարկվել Ղարաբաղ եւ սահմանային շրջաններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել