Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարացին՝

Մարտ 14,2006 00:00

Շվեյցարացին՝ մեր թատրոնին «Կադանս» պրոդյուսերական կենտրոնի եւ Ազգային օպերային թատրոնի բանակցությունների արդյունքում Հայաստանում է շվեյցարացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինը: Մարտի 17-ին եւ 18-ին, օպերային թատրոնում հրավիրված դիրիժորը կղեկավարի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումը: Ընդ որում, երկրորդ օրը, ինչպես նշեց օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, Ագուդինի ցանկությամբ, ներկայացմանը հաղորդակից կլինեն հանրակրթական եւ երաժշտական դպրոցների սաները: «Կադանս» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկա Բաբայանի կարծիքով, Ֆ. Ագուդինի հետ համագործակցությունը հեռանկարային է եւ խոստումնալից: Հետագայում «Կախարդական սրինգի» համերգային տարբերակը կվերաճի օպերային բեմադրության: «Իմ կարծիքով հրավիրել ենք ծնունդով արգենտինացի շվեյցարաբնակ տաղանդավոր դիրիժորի: Արգենտինացիների հետ վերջին շրջանում աշխատելիս հասկացանք, որ նրանք բացի տաղանդավոր լինելուց, նաեւ իրենց էներգետիկայով էլ համահունչ են մերին: Ֆակունդոն շահագրգիռ է մեր օպերային թատրոնի հետ տարբեր, այդ թվում՝ հովանավորչական ծրագրեր իրականացնել: Աշնանը նրա շնորհիվ հայ երաժիշտների առաջին խումբը կմեկնի Եվրոպա: Դիրիժորը բազմաթիվ միջազգային ծրագրերի է մասնակցում: Նա խոստացել է ամեն ինչ անել հայ կատարողներին Եվրոպայում եւ Արգենտինայում ներկայացնելու համար»: Ի դեպ, մինչ դիրիժորի ժամանումը, փորձերն անցկացրել է օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Հանդիպեցինք շվեյցարացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինին: Նա պատմեց, որ հայ երաժիշտներից առաջինը ճանաչել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանին: Ընդ որում, վերջինիս «Մեսսան» իր ղեկավարությամբ քանիցս հաջողությամբ հնչել է Եվրոպայում: Դիրիժորը նշեց, որ երբ Ն. Բաբայանը առաջարկել է համագործակցել Երեւանի օպերային թատրոնի հետ, ինքն անմիջապես համաձայնել է, ինչի համար ուրախ է: «Երբ այստեղ առաջին փորձն անցկացրի, հասկացա, որ շնորհիվ Կարեն Դուրգարյանի՝ «սեւ» աշխատանքն արդեն արված-վերջացրած է: Ինձ մնում էր միայն որոշ փոքրիկ շտկումներ անել: Ուզում եմ շեշտել, որ բարձրակարգ երաժիշտներ ունեք, իսկ ձայներն ուղղակի ֆանտաստիկ են: Կարծում եմ, նրանք կարող են հավուր պատշաճի ներկայացնել Հայաստանը արտերկրում: Իսկ նպատակս է այս ձեռնարկով հիմնել կամուրջ Հայաստանի եւ Եվրոպայի միջեւ»,- ասաց Ֆ. Ագուդինը: Հարցին՝ ինչու ընտրվեց հենց «Կախարդական սրինգը», դիրիժորը պատասխանեց. «Նախ սա հիասքանչ, ուղղակի ֆանտաստիկ գործ է, եւ որ ամենակարեւորն է՝ մատչելի երեխաներին: Առաջիկայում կաշխատենք այս օպերայի, եւ ոչ միայն, CD-ի, DVD-ի թողարկման եւ դրանք արտերկրում պրոպագանդելու ուղղությամբ»: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել