Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ

Մարտ 14,2006 00:00

ԱՄԵՆԱԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԻՆ ՔԱՂԱՔԸ Վարշավայի «հին քաղաքը» ընդամենը կեսդարյա պատմություն ունի, սակայն ներկայանում է իբրեւ միջնադարյան կառույց: 1944-ին Հիտլերի հրամանով հողին հավասարեցվեց լեհական մայրաքաղաքը: Եվրոպական պերճաշուք քաղաքներից մեկն ամբողջովին փլատակների վերածվեց: Սակայն այսօր Լեհաստան այցելող տուրիստները հաճույքով զբոսնում են Վարշավայի «հին քաղաքում», որն իրենք՝ լեհերն անվանում են «Stare miasto», եւ իրենից ներկայացնում է ընդամենը Շուկայի հրապարակից (8220Rynek starego miasta8221, թվագրված է՝ 15-18-րդ դարեր) ճառագայթաձեւ ձգվող մի քանի մանր փողոցների համախումբ, ու իր չափսերով ու ճոխությամբ զիջում է եվրոպական այլ «հին քաղաքներին»: Եվ եթե գիդը ճամփորդներին տեղյակ չպահի, որ այս «Ստարե Մյաստոն» ունի ընդամենը մի քանի տասնամյակի պատմություն, ոչ ոք գլխի չի ընկնի, որ թագավորական պալատը կամ Զիգմունդի սյունը, ինչպես նաեւ եկեղեցիները ընդամենը պատճեններն են այն ճարտարապետական հրաշքների, որ գոյություն են ունեցել Լեհաստանում, ասենք, Շոպենի ժամանակ: Լեհերի սերն ու նվիրվածությունը՝ առ իրենց մայրաքաղաքն ու պատմությունը, ամենատպավորիչ բանն էր, որին հանդիպեցի Վարշավայում: Նորակառույց «հին քաղաքը» իսկական հուշարձան է այն հերոսության, որով լեհերը հիսուն-վաթսուն տարի առաջ որոշեցին՝ ժամանակակիցների հիշողությունների, պահպանված նկարների եւ լուսանկարների հիման վրա վերականգնել պատմական Վարշավան, եւ ծախսելով հսկայական միջոցներ ու էներգիա՝ իրականություն դարձրին սկզբնական շրջանում խենթություն թվացող այդ գաղափարը: Այսօր Զիգմունդի սյան մոտ, որը համարվում է տեղացիների եւ զբոսաշրջիկների հիմնական ժամադրավայրը, ասպետական սպառազենով տղամարդիկ թրերով մենամարտում են, պալատական տիկնանց հագուկապով կանայք ճեմում են ու լուսանկարվում ցանկացողների հետ, լսվում է կենդանի երաժշտության ու եկեղեցիների զանգերի ձայնը, Շուկայի հրապարակում վաճառվում են Հին քաղաքը պատկերող նկարներ: Քաղաքում քայլում է նաեւ Մահը՝ գերանդին ուսին: Ընդ որում՝ ոչ թե մեկը, այլ մի քանիսը: Վարշավայում չափազանց շատ են եկեղեցիները եւ աղոթատեղիները: Եկեղեցիների մեծ մասը կաթոլիկ են, սակայն կա նաեւ ուղղափառ եկեղեցի, ինչպես նաեւ՝ հրեական սինագոգ: Հայկական եկեղեցի Վարշավայում չկար, մեզ ասացին, որ կա Կրակովում՝ Լեհաստանի հնագույն ու գեղեցիկ քաղաքներից մեկում: Չնայած նրան, որ լեհերը Եվրոպայի ամենահավատացյալ ժողովուրդն են, նրանք այնքան էլ անմեղ չեն: «Առավոտի» շաբաթ օրվա համարում արդեն գրել էինք, որ մարտի 5-ին Վարշավայում հանդիպեցինք լեսբուհիների մեծաքանակ ցույցի, որին մասնակցում էր մոտ 8-10 հազար մարդ՝ լեսբուհիներ, արվամոլներ, անգամ՝ ֆեմինիստուհիներ: Լեհերը նաեւ հարկ եղածին պես չեն սիրում մերձավորին, մանավանդ՝ ռուսներին: Գնացքի եւ մետրոյի կայարաններում, սյուների վրա կարելի էր տեսնել Վ. Պուտինի լուսանկարը, որի վրա մակագրված էր՝ «Փնտրվում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, վտանգավոր հանցագործ… Մեղադրվում է….»: Մեղադրանքները մի քանիսն էին, սակայն մեր լեհ բարեկամները չցանկացան մանրամասնել, թե հատկապես ինչում է մեղադրվում ՌԴ նախագահը: Վարշավայի ամենաընդունված տրանսպորտի միջոցը տրամվայն է՝ այնպես, ինչպես ողջ Եվրոպայում: Վարշավայում միկրոավտոբուս՝ որպես փոխադրամիջոց, ընդհանրապես չկար: Ավտոբուս, տրամվայ, մետրո, գնացք, ճեպընթաց՝ ահա Վարշավայի քաղաքային եւ մերձքաղաքային փոխադրամիջոցները: Դրանցից մեկանգամյա օգտվելու գինը 2,40-2,60 զլոտի (մոտավորապես՝ 80 ցենտ, 1$=3,1z) էր: Իսկ տրանսպորտի գրեթե բոլոր միջոցներից օգտվելու հնարավորություն տվող 24-ժամյա տոմսն արժեր 7, 20 z՝ մոտ 2,5 դոլար: Տաքսիները քշում էին րոպեն 1,5-2 z-ով՝ դա երեւանյան տաքսիների գների կրկնակի- եռակին է: Վարշավայում է գտնվում Եվրոպայի ամենամեծ վաճառասրահը, որն իրենից ներկայացնում է մարզադաշտում տեղակայված մեծ տոնավաճառ: Մեզ բախտ չվիճակվեց լինել այնտեղ, այլապես կարելի էր անդրադառնալ նաեւ «Հայերը՝ Լեհաստանում» թեմային: Քանի որ, ինչպես պատմում էին մեր լեհ հյուրընկալողները, այդ տոնավաճառում առեւտրով զբաղվածների առնվազն 1/3-ը հայեր են: Չնայած Վարշավայում առկա բազմաթիվ սուպերմարքեթներին, մեծ ու շքեղ խանութներին, գետնանցումներում եւ մետրոյի անցումներում, գետնից 20-30 սմ բարձրության վրա թափված էին վաճառքի հանված հագուստեղեն ու կոշկեղեն: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել