Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ

Մարտ 14,2006 00:00

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՉԵՆ ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ «ՆԵՐԿԱ» ԵՆ Տնօրենները սատարում են կրկնուսույցի մոտ պարապող աշակերտներին Վերջին տարիներին դպրոցներում տարածված երեւույթ է, որ 9-րդ եւ 10-րդ դասարանի աշակերտները բուհ ընդունվելու համար դասերի հաշվին պարապում են ռեպետիտորի մոտ: Եվ որպեսզի տարեվերջին անհարգելի բացակայությունների համար խնդիրներ չունենան, աշակերտները դպրոցի տնօրենի հետ համաձայնության են գալիս: Իսկ վերջիններս էլ կոծկում են նրանց բացակայությունները եւ անտեսելով աշակերտի հաճախելիությունն ու առաջադիմությունը՝ նրան հանձնում ցանկալի գնահատականներով ատեստատ: Ամեն անգամ, երբ այս մասին խոսք է գնում, կրթության ոլորտի պատասխանատուները կտրականապես հերքում են, որ դպրոցներում դա արդեն արմատացած երեւույթ է, եւ հորդորում են գնալ տեղում պարզել ու փաստերով խոսել՝ վստահեցնելով, որ միայն այդ դեպքում կարող են այս կամ այն դպրոցով զբաղվել: Այս անգամ որոշեցինք անել այնպես, ինչպես կրթական չինովնիկներն են հորդորում: Մեր տեղեկություններով, Աղայանի անվան թիվ 63 դպրոցում էլ տասներորդ դասարանցիներից շատերը կրկնուսույցի մոտ պարապելու պատճառաբանությամբ դասերից բացակայում են ու մնում անպատիժ: Երեկ այդ տեղեկատվությունը ճշտելու նպատակով այցելեցինք թիվ 63 դպրոց, որպեսզի տեղում ամեն ինչ պարզվի դասաժամին եւ հենց դպրոցի տնօրեն Գոհար Ափրոյանի ուղեկցությամբ շրջենք 10-րդ դասարաններում: Սկզբում տնօրենին խիստ զայրացրեց, որ դպրոց ենք այցելել առանց քաղաքապետարանի կրթության վարչության թույլտվության եւ իր հետ նախապես պայմանավորվելու: Նա օգնության ակնկալիքով մեր ներկայությամբ հեռախոսով կապվեց կրթության վարչության պետի տեղակալ Արմինե Վարդանյանի հետ՝ միաժամանակ ճշտելով, թե լրագրողն իրավունք ունի՞ դպրոցում շրջայց կատարելու: Վերջինից հույսը կտրելով՝ Գ. Ափրոյանը հիմա էլ սկսեց դժգոհել, որ օրվա ավարտին ենք եկել եւ հնարավոր է, որ վերջին ժամերին տասներորդցիներին չբռնացնենք: Մինչդեռ օրվա ավարտ ասվածը ժամը 12.30-ից 13-ը ընկած ժամանակահատվածն էր, իսկ դասացուցակով 6-7 ժամ ունեցող տասներորդցիները դասերն ավարտում են ժամը 13.40-ին: Դպրոցում երեք տասերից միայն երկուսն էին ներկա՝ 10 ա-ն ու 10 բ-ն: Իսկ 10 գ-ն ընդհանրապես բացակայում էր. «10 գ-ին մենք ենք տուն ուղարկել, քանի որ երկու ուսուցիչ հարգելի պատճառով բացակայում են, իսկ այդ պահին փոխարինող ուսուցիչներ չունեինք»,- արդարացավ տնօրենը: Մեր այցելության պահին 10 բ-ում պատմության դաս էր եւ դասամատյանում գրանցված 26 աշակերտից ներկա էր 12-ը: 14 աշակերտի բացակայությունը տնօրենին անակնկալի բերեց, քանի որ նրա պնդմամբ. «Ես այդ դասարանում երկրորդ ժամին մաթեմատիկա եմ դասավանդել եւ ընդամենը մի չորս բացակա է եղել»: 10 ա-ի մասով, որտեղ 21 աշակերտից 16-ն էր ներկա, տիկին Ափրոյանը պարզաբանեց, որ մեկն ընդհանրապես դպրոցից ազատված է, «մյուսներն էլ հիվանդ են»: Սակայն բացակաների թիվը ճշտելու համար ստիպված եղանք աշակերտներին հատ-հատ հաշվել, քանի որ մատյանում ուսուցիչը ներկա-բացակա դեռ չէր արել: Կրթության եւ գիտության նախարարության հաստատած հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների փոխանցման, ավարտման եւ քննությունների կազմակերպման կարգի համաձայն, աշակերտն իրավունք ունի հարգելի պատճառով 240 ժամ բացակայել: Տնօրենը վկայակոչելով այդ կարգը՝ ասաց, որ աշակերտներն ու նրանց ծնողները այս առիթը օգտագործում են եւ քննաշրջանի սեզոնին բացակայությունների թիվը մեծանում է: Կարգի համաձայն, 240 ժամից ավելի անհարգելի բացակայողները դպրոցից պետք է հեռացվեն: 240 դասաժամը հավասար է 40 օրվա բացակայության: Սակայն նկատենք, որ ռեպետիտորի մոտ պարապող տասներորդցիները բացակայում են ոչ միայն վերջին ամիսներին, այլեւ կլոր տարին, սակայն նրանց անհարգելի բացակայությունները մատյանում չեն գրանցվում, եւ դպրոցի ներքին թղթաբանության արդյունքում տարեվերջին ամեն ինչ իր տեղն է ընկնում: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել