Լրահոս
Օրվա լրահոսը

Չհարձակման

Մարտ 14,2006 00:00

Չհարձակման «ուժեղ երաշխիք» Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասյան ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը «Նոյյան տապանին» տված հարցազրույցում դարձյալ անդրադարձել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված կացությանը՝ կատարելով մի քանի շեշտադրումներ, որոնք ընդհանուր առմամբ հայտնի լինելով, այնուամենայնիվ, որոշ թարմ երանգներ են պարունակում: Այսպես. ըստ Ֆրեյզերի, ՄՃԽ-ի առաջարկած սցենարով կարգավորման համաձայնագիրը Հայաստանի համար կնշանակեր տարածաշրջանային մեկուսացման վերջն ու Թուրքիայի հետ սահմանի բացումը, Իսկ ԼՂ-ին կշնորհվեր «միջազգայնորեն ճանաչված միջանկյալ կարգավիճակ»: 1991 թ. ԼՂ-ում անցկացված հանրաքվեն, Ֆրեյզերի խոսքերով, «մեծ արժեք» ունենալ չի կարող, քանի որ այն միջազգայնորեն ճանաչված չէ, եւ անցած 15 տարիներին ոչ մի պետություն չի ճանաչել այն: Փոխարենը, եթե «ԼՂ-ն ցանկանում է միջազգային ճանաչում ստանալ եւ ընդունվել որպես հավասար՝ այլ պետությունների շարքում, նա պետք է այնպիսի հանրաքվե անցկացնի, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին եւ կդիտարկվի միջազգային կազմակերպությունների ու առաջին հերթին՝ ԵԱՀԿ-ի կողմից»: Ինչ վերաբերում է վիճելի տարածքներից զորքերը ետ քաշելուն, ապա, Ֆրեյզերի համոզմամբ, հայկական կողմը պետք է ընտրի՝ կա՛մ ետ քաշվել ԼՂ շուրջ օկուպացված տարածքներից, կա՛մ դիրքավորված մնալ մի տարածքում, որն իրեն չի պատկանում: Եթե նա ընտրում է վերջինը, ապա ավելի մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կդիմի ռազմական ուժի՝ փորձելով կրկին վերահսկողություն հաստատել իրեն պատկանող տարածքի վրա: Եթե դա տեղի ունենա, ապա «միջազգային հանրության արձագանքը հազիվ թե շատ ուժեղ լինի, քանի որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը կոչ են անում ազատել օկուպացված տարածքները»: Այսօր այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքն է: «Մենք առաջարկում ենք, որ նա փոխարինի այդ երաշխիքը շատ ավելի ուժեղ երաշխիքով. Ադրբեջանի կողմից հրաժարում՝ վեճը կարգավորելու նպատակով ուժի գործադրման սպառնալիքից, միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում եւ անվտանգության խնդիրներով զբաղվելու նպատակով համատեղ հանձնաժողովի ստեղծում՝ Ադրբեջանի եւ ԼՂ ներգրավմամբ»,- ասում է Ֆրեյզերը: Ըստ վերջինիս նշած բանաձեւի, Ադրբեջանն այդ դեպքում շատ ավելի զսպված կլինի եւ Ղարաբաղին հարվածելու փոքր հնարավորություն կունենա: Իսկ եթե նա այնուհանդերձ դա անի, ապա «կդառնա միջազգայնորեն մերժված պետություն»: Ինչ վերաբերում է Իրանին. եթե կողմերը, ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները, համաձայնեն միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ապա «չեմ կարծում, թե Իրանը նրանց ընդդիմանալու քաղաքական կշիռ կունենա»: ԼՂ կարգավիճակի մասին. ըստ Ֆրեյզերի, Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը նրան միջազգայնորեն ճանաչված լինելու հիմք կտար: Այդ կարգավիճակը ձեռք բերելուց հետո, սակայն, ԼՂ-ն պետք է ընդունի տեղահանված ադրբեջանցիներին եւ նրանց համար համապատասխան կենսապայմաններ ապահովի: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել