Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՌԱՋԻՆ

Մարտ 14,2006 00:00

«ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔ ԿԴԱՌՆԱ ՎԱՐՉԱՊԵՏԸ» Շավարշ Քոչարյանը երեկ ԱԺ-ին ներկայացրեց իր կուսակցության «ԸՕ»-ի նոր նախագիծը Շավարշ Քոչարյանի գլխավորած ԱԺԿ-ն խորհրդարանում երեկվանից շրջանառության մեջ է դրել սեփական «Ընտրական օրենսգրքի» նախագիծը: Իսկ կոալիցիոն ուժերը «Ազգային միաբանության» եւ «Արդարության» հետ քննարկում են գործող «ԸՕ»-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ «Կյանքը եւ շարունակ կատարելագործվող ընտրակեղծիքները պարտադրում են նորանոր առաջարկություններ՝ կապված այդ ընտրակեղծիքների դեմն առնելու հետ: Մենք գտնում ենք, որ ինչքան շուտ քննարկումները լինեն՝ այնքան լավ, չնայած մեզանում արդեն վատ ավանդույթ է դարձել փոփոխությունները կատարել վերջին պահին»: Պրն Քոչարյանը նկատեց, որ իրենց նախագիծը կարող է բավականին դրական ազդեցություն ունենալ քննարկումների ընթացքի վրա. «Որովհետեւ արդեն սովորություն է դարձել անվերջ քննարկել բաներ, որոնք վաղուց էր պետք անել: Եվ դա է պատճառներից մեկը, որ մենք որոշեցինք ոչ թե մասնակցել այդ անվերջ քննարկումներին, չնայած պատրաստ ենք նաեւ քննարկել, այլ ներկայացնել մի նախագիծ, որը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի համակարգված մոտեցումը»: ԱԺԿ-ի նախագիծն առաջարկում է այնպիսի լուծում, որի դեպքում, ըստ մեր զրուցակցի՝ ընտրական ամբողջ գործընթացը կլինի թափանցիկ, վերահսկելի, վստահված անձերի, դիտորդների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքները ավելի հստակ կլինեն: Ներկայացված է հարյուր տոկոս համամասնական համակարգ, ընտրությունները կլինեն ռեյտինգային, այսինքն՝ ոչ թե կուսակցությունը կամ դաշինքն է որոշելու ցուցակում հայտնվածների հերթականությունը, այլ ընտրողը իր քվեով որոշում է, թե ովքեր են ցուցակից ընտրվելու: Հաջորդ տարբերությունը գործող «ԸՕ»-ից այն է, որ հանձնաժողովները ձեւավորվում են կառավարության մաս կազմող եւ դրա ձեւավորմանը չմասնակցած կուսակցությունների համար հավասար թվով անդամներից: Իսկ հանձնաժողովի նախագահը, տեղակալն ու քարտուղարը եւս պետք է ընտրվեն հետեւյալ կերպ՝ բոլոր տեղամասերը համարակալվում են, առաջինից մինչեւ վերջինը, կենտ համար ունեցողներում հանձնաժողովի նախագահին ներկայացնում են ոչ կառավարական կուսակցությունները, իսկ զույգ համարներովը՝ կառավարության մաս կազմողները, եւ այնտեղ, որտեղ նախագահը կառավարական է, տեղակալն ու քարտուղարը հակառակ ճամբարից են: Ըստ Շավարշ Քոչարյանի, այսպիսով կապահովվի հավասարակշռությունը բոլոր հանձնաժողովներում: Ընտրացուցակների համար պատասխանատուն պետք է լինեն անձնագրային ծառայությունները: Մեկ այլ հետաքրքիր առաջարկ եւս, ըստ որի՝ ամբողջ ընտրական գործընթացին ընտրողների մասնակցությանը կարելի է հետեւել համակարգչի օգնությամբ: Ըստ մեր զրուցակցի, սա մեծ ծախսեր չի պահանջելու, փոխարենը ապահովվելու է թափանցիկությունը: Քվեաթերթիկներն էլ կունենան համարակալված կտրոններ, եւ քվեարկության ժամանակ հատուկ արկղ է տրամադրվելու նաեւ կտրոններին: Սրա արդյունքում այլ տեղամասի համարներ իրավունք չեն ունենա հայտնվել տվյալ տեղամասում: Նաեւ՝ թանաքոտման մասին առաջարկն է, որը մեր զրուցակիցն ամենեւին էլ չի համարում մարդու արժանապատվությունը վիրավորող. «Կարծում եմ, արդյունքների կեղծումը ավելի շատ է վիրավորում մարդու արժանապատվությունը, եւ այն հանգամանքը, որ ինչ-որ հանցագործ կարող է մի տասը-քսան անգամ քվեարկել, խեղաթյուրելով ժողովրդի կամքը, շատ ավելի վիրավորական է, քան թանաքոտումը»: Գաղտնիք չէ, որ ցանկացած օրենք կարելի է խախտել, եւ նույնիսկ ամենաանթերիներն այսօր հանգիստ խախտվում են, ուրեմն ինչի՞ համար են այս շարունակ փոփոխությունները կամ նոր նախագծերի քննարկումները, երբ, միեւնույն է, խախտելու են, կեղծելու են եւ լցոնելու են: ԱԺԿ նախագահը իր հերթին նկատեց, որ այս դեպքում առաջնային է իշխանությունների քաղաքական կամքը. «Եթե իշխանությունը չունի արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք, ապա, այո, դուք ճիշտ եք, ամենաիդեալական օրենսգիրքն էլ չի գործի: Մեր տարիների փորձը ցույց է տալիս, որ ամենաարդար ընտրությունները մենք ունեցել ենք 90 թվականին, երբ գործում էր ամենավատ «ԸՕ»-ն՝ խորհրդայինը, դրանից հետո եղել են բազմաթիվ բարելավումներ, բայց ընտրությունների որակը գնալով վատացել է: Մյուս կողմից, եթե ցանկանում ենք այս իրավիճակից ազատվել, ապա չի կարելի անտեսել «ԸՕ»-ն, որովհետեւ այն փոփոխությունները, որ ներառվում են, հնարավորություն են տալիս բացառել կեղծիքները: Եվ պետք է հաշվի առնենք, որ արդար ընտրություններ անցկացնելու գործում ամենալուրջ դերակատարը մնում է ժողովուրդը, եւ պատահական չէ, որ գունավոր հեղափոխությունները իրականացան հենց ընտրակեղծիքների պատճառով»: Շավարշ Քոչարյանը վերջում մի հետաքրքիր կանխատեսում եւ զգուշացում արեց, որը եթե իրականանա, ապա 2008 թվականին նախագահական ընտրություններ չեն լինելու, այլ՝ 2007-ին մեկ ընտրությամբ երկու հարց կլուծվի. «Ամեն դեպքում նոր քաղաքական իրավիճակ է ստեղծվել փոփոխված սահմանադրությամբ: Հասարակությունը դեռ չի հասկացել 2007 թ. ընտրությունների էությունը, իսկ այն ճակատագրական է լինելու: Վերաբերմունքը խորհրդարանական ընտրություններին եղել է երկրորդական, քանի որ իշխանության խնդիրն ավանդաբար լուծվել է նախագահական ընտրություններում: Սակայն փոփոխված սահմանադրությամբ այդպես չի, որովհետեւ այժմ իշխանության առաջին դեմքը դառնալու է վարչապետը, եթե ունենա ԱԺ մեծամասնություն: Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը երրորդ ժամկետ չի նստելու, եւ սա նշանակում է, որ վերադասավորումներն անխուսափելի են, եւ այդ պատճառով էլ սկսվել են ներիշխանական վերադասավորումները: Ընդդիմության մասին չէի ցանկանա խոսել: Ցավոք սրտի, ընդդիմությունն այս իրավիճակում անպատրաստ է, քանի որ հանրաքվեի հետ կապված իր անհաջող կեցվածքից հետո դեռ չի կարողանում ուշքի գալ: Բայց ես հույս ունեմ, որ շուտով ընդդիմությունն այս վիճակից դուրս կգա, որովհետեւ եթե չունենանք ընդդիմություն, որը կրկին կսկսի վայելել ժողովրդի վստահությունը, ապա հեռանկարը շատ տխուր է լինելու»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել