ՀԱՅԱՑՔ ԼՂՀ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻՆ Հարցի լուծմանը նպաստող մի շարք կետեր Սահմանապահ եմ՝ զինվորական եւ իրավաբանական բարձրագույն կրթությամբ, ու 1988-ից հետեւում եմ Կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Կցանկանայի անձնական նկատառումներս արտահայտել ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքի եւ տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ։ Ենթադրենք հայկական կողմը ընդհանուր առմամբ զիջի իր վերահսկողության տակ գտնվող տարածքը՝ փոխարենը ստանալով Ղարաբաղի բաղձալի կարգավիճակը ԼՂԻՄ-ի սահմաններում: Արդյունքն ի՞նչ է լինելու: Միայն պատերազմ: Արժե՞ ուրեմն գնալ այդպիսի զիջումների: Իհարկե, ոչ: Իսկ ի՞նչ պիտի անենք: Հարցը լուծելու շահերից ելնելով՝ առաջարկում եմ. 1. Հայաստանը պիտի հրաժարվի բանակցություններին Ղարաբաղի փոխարեն հանդես գալուց: Հիմք ունենալով ս/թ մարտի 2-ի հարցազրույցը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թող ապահովի ԼՂՀ ներկայությունն իբրեւ բանակցային կողմ: Այլապես բանակցությունների հետագա շարունակումը ներկայիս ձեւաչափերով ժամանակի ձգձգում է՝ ի վնաս Հայաստանի շահերի: Շատերն անտեսում են ղարաբաղցիների գործոնը: Ստորագրելով հայ ժողովրդի շահերից չբխող փաստաթղթի տակ՝ Հայաստանի ո՛չ մի նախագահ չի մնա իր պաշտոնին, ավելին՝ կվերսկսվի պատերազմը: Ես համոզված եմ, որ ՀՀ ներկայիս նախագահը նման քայլի չի գնա: Եթե առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում բանակցությունները համաձայնությամբ չավարտվեն, ապա Ռ. Ս. Քոչարյանից խնդրում եմ իր նախագահության ժամկետը լրանալուց հետո իր թեկնածությունը դնել ԼՂՀ նախագահի պաշտոնի համար եւ բանակցային ամբողջ գործընթացը վերցնել իր վրա: 2. Ստեղծված իրադրության մեջ Հայաստանը պիտի ճանաչի ԼՂՀ անկախությունը ներկայիս սահմաններով եւ իր վերահսկողության տակ գտնվող տարածքով (ԼՂՀ-ի չճանաչելը մինչեւ հիմա հայկական կողմի զիջում է) եւ դառնա ԼՂՀ-ի անկախության պաշտպանության երաշխավորը: 3. Հարց դնել եւ պահանջել բոլորից ոչ թե Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, այլ միայն «ԼՂՀ-ի ճանաչումը»։ Ադրբեջանը Ղարաբաղին ազատություն չի տվել, եւ Ղարաբաղը միանգամայն դեմոկրատական հիմքով հասել է իր ազատությանը։ 4. Ո՛չ մի կրկնական հանրաքվե։ 5. Կտրականապես հրաժարվել ԱՀ֊ի ստիպված հեռացածներին իրենց նախկին բնակավայրերը վերադարձնելու գաղափարից։ Նրանց վերադարձն անհեթեթություն է եւ նոր պատերազմի սկիզբ։ Բոլորը պիտի հասկանան, որ այս ազգերն անկարող են իրար խառնված ապրել։ 6. Հրաժարվել տարածաշրջանում խաղաղարար որեւիցե ուժերի տեղակայումից։ Ծայրահեղ դեպքում թող դրանց տեղավորեն ադրբեջանական կողմում, շփման գծից անդին, որպեսզի նրանց խաղաղեցնեն։ 7. ԼՂՀ-ի հսկողության տակ գտնվող ամբողջ տարածքը ակտիվորեն եւ անհապաղ բնակեցնել եւ յուրացնել։ 8. Ուժեղացնել պաշտպանության գիծը, հիմնավորապես բարելավել ՀՀ-ն եւ Ղարաբաղն իրար կապող կենսական կարեւորություն ունեցող ճանապարհները։ Հեռանկար պիտի ունենալ օգտագործելու Կապան-Կուբաթլի-Միջնավան-Մեղրի երկաթգիծը, որը ելք պիտի ունենա դեպի Իրան։ Այնուհետեւ այդ գծին պիտի միանա Վարդենիսից Ստեփանակերտ երկաթուղին։ 9. Հայկական կողմը հստակորեն պիտի պատկերացնի, թե ինչի կարելի է գնալ, որպեսզի Ղարաբաղի եւ Սյունիքի, նշանակում է նաեւ Հայաստանի անվտանգությունը հարվածի տակ չդնի։ Անհրաժեշտ է ստանալ ազգաբնակչության եւ հասարակայնության աջակցությունը։ Բանակցային կողմերին հասցնել իր տեսակետները՝ ցուցաբերելով կայուն դիրքորոշում։ Ընդ որում՝ ապագա սահմանագիծն ամենուր պիտի լինի հիմնականում ուղիղ, ղարաբաղցիների պաշտպանության համար լավագույն դիրքերով, որպեսզի հարձակման պարագայում Ադրբեջանը հեշտ հաղթանակի պատրանքներ չունենա։ Ինքս անձամբ ունեմ իմ նկատառումները հավանական սահմանագծի վերաբերյալ։ 10. Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանը եւ մնացյալ շրջանների զգալի մասերը ռազմավարական կետեր են, որոնք երբեւիցե եւ որեւէ պայմանով պիտի բանակցության թեմա չդառնան։ 11. Ադրբեջանի կողմից իրականությունը, հայկական կողմի բարի կամքն ու մոտեցումները հաշվի չառնելու պարագայում վերջինիս պիտի անկեղծաբար եւ բացահայտ հայտարարվի, որ Ադրբեջանի կողմից մարտական գործողությունները վերսկսելու դեպքում հայկական կողմը բոլոր միջոցները գործադրելու է պատմական ամբողջ Ղարաբաղն ազատագրելու համար, ընդհուպ մինչեւ Քուռ գետը՝ հաստատելով սահմանը ամենաբնական գծով, ինչպիսին այն եղել է տարածաշրջանը Ռուսաստանի հետ միացնելու պահին եւ Գանձակի միջով Ռուսաստանին միացնող ցամաքային միջանցք բացելու։ 12. Համաձայնագիր կնքելու ժամանակ այն պիտի լինի հարցի փաթեթային լուծման եղանակով։ Եվ Ադրբեջանի համար առաջին կետը պիտի լինի վերոնշյալ սահմաններում ԼՂՀ անկախության ճանաչման պետական որոշման փաստի ընդունումը ԱՀ իշխանության մարմինների կողմից։ Միայն այդ պարագայում կարելի է համաձայնության գնալ Ադրբեջանի հետ։ ԼՂՀ անկախությունը ԼՂԻՄ-ի սահմաններում չհարձակվելու (անվտանգության) երաշխիք չէ, իսկ վերահսկման ենթակա տարածքների առկայությունը գրեթե երաշխիք է, որովհետեւ ինքն իրեն չտիրապետողը միայն նման պայմաններում կհամարձակվի սկսել մարտական գործողությունները ԼՂ-ի դեմ։ ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ Փոխգնդապետ (հոդվածը տպագրվում է կրճատումներով)