Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանի նոր փայլատակումը

Մարտ 14,2006 00:00

Հայաստանի
2005 թվականի լավագույն մարզիկ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Լինարեսում
ավարտված շախմատի 20-րդ կարգի միջազգային գերմրցաշարի եզրափակիչ տուրում սեւերով
պարտության մատնելով հունգարացի Պետեր Լեկոյին՝ 14 հնարավորից վաստակեց 8,5 միավոր
ու նվաճեց միանձնյա հաթողի կոչումը: 23-ամյա տաղանդաշատ հայաստանցին ՖԻԴԵ-ի
անցած տարվա գավաթակրի իր տիտղոսին ավելացրեց եւս մի պատվավոր կոչում, որի մասին
երազում են բոլորը, բայց հասնում միայն ընտրյալները: Լինարեսի մրցաշարն ամենահեղինակավոր
մասնագետներն անվանում են նաեւ աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն, քանի որ դրան
մասնակցելու իրավունք ստանում են միայն տվյալ ժամանակի հողագնդի ուժեղագույն շախմատիստները:
Դժվար է միանշանակ ասել, սակայն որքան տեղյակ ենք, սա առաջին դեպքն է, որ հսկաների
լինարեսյան մենամարտի նորեկը հենց առաջին փորձից գերազանցում է ավելի փորձառու հեղինակություններին:
Երկու փուլից բաղկացած (Մորելիայում եւ Լինարեսում) մրցաշարի ամբողջ ընթացքում
Լեւոնն ընթանում էր առաջատարների խմբում՝ ասես, սպասելով մրցաշարային աղյուսակում
մերձակա մրցակիցներից պոկվելու եւ հենց սկզբից առաջատարի ծանր պարտականությունն ստանձնած
Պետեր Լեկոյին շրջանցելու հարմար առիթին: Մի պահ թվաց, թե այդ առիթն ընձեռվեց 13-րդ
տուրում: Լեկոն ուժերն էր չափելու ՖԻԴԵ-ի գործող չեմպիոն բուլղարացի Վեսելին Տոպալովի
հետ, որը հատկապես մրցաշարի երկրորդ հատվածում հանդես էր գալիս մեծ վերելքով: Այդ
հակամարտության հավանական ելքը ոչ-ոքին էր ու այդպես էլ եղավ: Եթե Լեւոնը մեկ միավոր
շահեր ֆրանսիացի Էտյեն Բակրոյից, կես քայլով շրջանցում էր Լեկոյին ու հաջորդ օրը
կարող էր բավարարվել նաեւ ոչ-ոքիով: Սակայն Արոնյանն ավելի ճիշտ էր գնահատել իրավիճակը.
ուժերը պահել էր վերջին օրն առաջատարին վճռորոշ «հարված հասցնելու» համար: Բակրո-Ռաջաբով,
Սվիդլեր-Իվանչուկ եւ Վալյեխո-Տոպալով հանդիպումներում մրցակիցները բաժանեցին միավորը
եւ միայն Լեւոն Արոնյանը հաղթանակ տոնեց՝ նվաճելով չեմպիոնի կոչումը: Ահա
թե ինչպիսի տեսք ստացավ մրցաշարային ամփոփիչ աղյուսակը: 1. Լեւոն Արոնյան
(Հայաստան) 8,5 2-3. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 8,0 Թեյմուր Ռաջաբով
(Ադրբեջան) 8,0 4. Պետեր Լեկո (Հունգարիա) 7,5 5-6. Պյոտր Սվիդլեր
(Ռուսաստան) 6,5 Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 6,5 7. Էտյեն Բակրո (Ֆրանսիա)
6,0 8. Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (Իսպ.) 5,0 Կարծում ենք, արժե մեկ անգամ
էլ հիշել, թե Լեւոն Արոնյանն ինչպես հանդես եկավ այս մրցաշարում: 1-ին փուլ,
Մորելիա (Մեքսիկա), փետրվարի 18-26. Արոնյան-Ռաջաբով՝ 1:0, Իվանչուկ-Արոնյան՝ 1:0,
Արոնյան-Տոպալով՝ 1/2, Վալյեխո-Արոնյան՝ 1/2, Արոնյան-Սվիդլեր՝ 1:0, Բակրո-Արոնյան՝
0:1: 2-րդ փուլ, Լինարես (Իսպանիա), մարտի 3-11. Ռաջաբով-Արոնյան՝ 1/2, Արոնյան-Իվանչուկ՝
1/2, Տոպալով-Արոնյան՝ 1:0, Արոնյան-Վալյեխո՝ 1:0, Սվիդլեր-Արոնյան՝ 1/2, Արոնյան-Բակրո՝
1/2, Լեկո-Արոնյան՝ 0:1: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել