Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շվեյցարացին՝ մեր թատրոնին

Մարտ 14,2006 00:00

«Կադանս»
պրոդյուսերական կենտրոնի եւ Ազգային օպերային թատրոնի բանակցությունների արդյունքում
Հայաստանում է շվեյցարացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինը: Մարտի 17-ին եւ 18-ին,
օպերային թատրոնում հրավիրված դիրիժորը կղեկավարի Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի
համերգային կատարումը: Ընդ որում, երկրորդ օրը, ինչպես նշեց օպերային թատրոնի տնօրեն
Կամո Հովհաննիսյանը, Ագուդինի ցանկությամբ, ներկայացմանը հաղորդակից կլինեն հանրակրթական
եւ երաժշտական դպրոցների սաները: «Կադանս» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն
Նիկա Բաբայանի կարծիքով, Ֆ. Ագուդինի հետ համագործակցությունը հեռանկարային է եւ
խոստումնալից: Հետագայում «Կախարդական սրինգի» համերգային տարբերակը կվերաճի օպերային
բեմադրության: «Իմ կարծիքով հրավիրել ենք ծնունդով արգենտինացի շվեյցարաբնակ տաղանդավոր
դիրիժորի: Արգենտինացիների հետ վերջին շրջանում աշխատելիս հասկացանք, որ նրանք բացի
տաղանդավոր լինելուց, նաեւ իրենց էներգետիկայով էլ համահունչ են մերին: Ֆակունդոն
շահագրգիռ է մեր օպերային թատրոնի հետ տարբեր, այդ թվում՝ հովանավորչական ծրագրեր
իրականացնել: Աշնանը նրա շնորհիվ հայ երաժիշտների առաջին խումբը կմեկնի Եվրոպա: Դիրիժորը
բազմաթիվ միջազգային ծրագրերի է մասնակցում: Նա խոստացել է ամեն ինչ անել հայ կատարողներին
Եվրոպայում եւ Արգենտինայում ներկայացնելու համար»: Ի դեպ, մինչ դիրիժորի ժամանումը,
փորձերն անցկացրել է օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը: Հանդիպեցինք
շվեյցարացի դիրիժոր Ֆակունդո Ագուդինին: Նա պատմեց, որ հայ երաժիշտներից առաջինը
ճանաչել է շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանին: Ընդ որում, վերջինիս «Մեսսան»
իր ղեկավարությամբ քանիցս հաջողությամբ հնչել է Եվրոպայում: Դիրիժորը նշեց, որ երբ
Ն. Բաբայանը առաջարկել է համագործակցել Երեւանի օպերային թատրոնի հետ, ինքն անմիջապես
համաձայնել է, ինչի համար ուրախ է: «Երբ այստեղ առաջին փորձն անցկացրի, հասկացա,
որ շնորհիվ Կարեն Դուրգարյանի՝ «սեւ» աշխատանքն արդեն արված-վերջացրած է: Ինձ մնում
էր միայն որոշ փոքրիկ շտկումներ անել: Ուզում եմ շեշտել, որ բարձրակարգ երաժիշտներ
ունեք, իսկ ձայներն ուղղակի ֆանտաստիկ են: Կարծում եմ, նրանք կարող են հավուր պատշաճի
ներկայացնել Հայաստանը արտերկրում: Իսկ նպատակս է այս ձեռնարկով հիմնել կամուրջ Հայաստանի
եւ Եվրոպայի միջեւ»,- ասաց Ֆ. Ագուդինը: Հարցին՝ ինչու ընտրվեց հենց «Կախարդական
սրինգը», դիրիժորը պատասխանեց. «Նախ սա հիասքանչ, ուղղակի ֆանտաստիկ գործ է, եւ որ
ամենակարեւորն է՝ մատչելի երեխաներին: Առաջիկայում կաշխատենք այս օպերայի, եւ ոչ
միայն, CD-ի, DVD-ի թողարկման եւ դրանք արտերկրում պրոպագանդելու ուղղությամբ»: Գ.
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել