Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր չորսն էլ իմ թեկնածուներն են»

Մարտ 14,2006 00:00

Վստահեցնում է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՊՆ նախարար Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով ԵՊՀ ռեկտորի պաշտոնի հավակնորդներին:

Երեկ ԵՊՀ խորհուրդը նիստ էր հրավիրել՝ հաստատելու բուհի ռեկտորի ընտրության ընթացակարգը: Եթե մյուս բուհերում ռեկտորն ընտրվում էր ձայների պարզ մեծամասնությամբ, ապա այստեղ ռեկտորի պաշտոնում ընտրված կհամարվի այն թեկնածուն, ով կհավաքի խորհրդի ցուցակային կազմի 50%-ից ավելի ձայն: Ըստ ընթացակարգի, քվեարկության երկրորդ փուլ անցկացվում է, եթե քվեարկվել են երկու կամ ավելի թեկնածուներ եւ նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ: Այդ դեպքում երկրորդ փուլ են անցնում առավել ձայներ հավաքած երկու թեկնածուները՝ եթե երկուսը միասին հավաքել են ձայների 50%-ից ավելին: Եթե ոչ՝ ապա նաեւ մյուսները: Երկրորդ փուլն էլ կհամարվի չկայացած, եթե քվեարկված թեկնածուները չհավաքեն ձայների 50%-ից ավելին:

Երեկ նիստից հետո ականատես եղանք, որ ռեկտորի սենյակում Ս. Սարգսյանը հերթով ընդամենը մի քանի րոպեանոց «առանձնազրույց» ունեցավ ռեկտորի թեկնածուներից երկուսի՝ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի եւ ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Արամ Սիմոնյանը մեզ հավաստիացնում էր, որ Ս. Սարգսյանի հետ ընտրությունների մասին որեւէ խոսակցություն չի եղել. «Նա ծանոթացավ մեզ հետ, որովհետեւ ոչ բոլորի հետ էր անձամբ ծանոթ, համենայնդեպս, որեւէ խոսակցություն՝ կապված ընտրությունների հետ, չի եղել: Խոսքը գնում էր համալսարանի հարցերի շուրջ»: Ա. Սիմոնյանի խորին համոզմամբ, ռեկտորի ընտրության հարցում վերեւներից որեւէ ճնշում չի կարող լինել: ԵՊՀ պրոռեկտորը 4 թեկնածուների շանսերն էլ հավասար է գնահատում: Հիշեցնենք՝ նշված երկու թեկնածուներից բացի, ռեկտորի պաշտոնին հավակնում են նաեւ ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Գեղամ Գեւորգյանը եւ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Սամվել Հարությունյանը: «Չորսն էլ միանգամայն արժանի թեկնածուներ են, մոտավորապես նույն մակարդակի կրթական եւ գիտական գործունեություն են ծավալել»,- նշեց պարոն Սիմոնյանը:

Գագիկ Ղազինյանը թեկնածուներից որեւէ մեկի բացարձակ առավելությունը չկարողացավ նշել: Նա չպատասխանեց մեր այն հարցին, թե ինքը նախագահականի եւ ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի նախընտրելի թեկնածո՞ւն է: Իսկ հարցին, թե արդյո՞ք հանրապետականները չեն սատարում Գեղամ Գեւորգյանին, պատասխանեց. «Միգուցե հանրապետականները սատարում են նրան, բայց, իմ կարծիքով, համալսարանը պետք է լինի ապաքաղաքականացված»:

Գ. Գեւորգյանին սատարելու մասին մեկնաբանություն խնդրեցինք ԿԳ փոխնախարար, հանրապետական Արա Ավետիսյանից, ով, ըստ տարածված կարծիքի, բացեիբաց այս թեկնածուի քարոզչությունն է իրականացնում: «Ես կարծիք ունե՞մ, խոսքի, շարժուձեւի, վարմունքի ազատություն ունե՞մ՝ որպես խորհրդի անդամ…,- իր հերթին հռետորական հարց հղեց պարոն Ավետիսյանը:- Բոլորն էլ գիտեն, որ ես Գեղամ Գեւորգյանին դեռ դպրոցական օլիմպիադաներից եմ ճանաչում՝ 70-ական թվականներից, նույն կուրսում ենք սովորել, նույն բնագավառում ենք գիտությամբ զբաղվում»:

ԵՊՀ խորհրդի նախագահ Ս. Սարգսյանն այս պահին կոնկրետ մեկ թեկնածուի չի նախընտրում: Այս մասին հարցին երեկ նա պատասխանեց. «Բոլոր չորսն էլ իմ թեկնածուներն են»:

ԵՊՀ ռեկտորի ընտրություններին մնացել է 8 օր:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել