Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հոգով պարարվեստ էին «փրկում»

Մարտ 11,2006 00:00

Երկու հոգով պարարվեստ էին «փրկում» Երեկ «Հայելի» ակումբում քննարկում էր կազմակերպվել, որի հյուրերն էին Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պարարվեստի ամբիոնի դասախոս Զեմֆիրա Երիցյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի մշակույթի համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիզիրյանը: Նրանք անընդհատ հարց էին հնչեցնում, թե ինչու այլ երկրներ կարողանում են իրենց ազգային պարերը ներկայացնել նորովի, իսկ մենք՝ ոչ, կամ «ինչու է պարարվեստը դեգրադացված»: Ու պատասխան չէին գտնում, քանի որ ընդամենը երկուսով էին եւ չկար այլ մասնագետների կարծիքների բախում: Ա. Կիզիրյանը անդրադարձավ հարցազրույցներից մեկում Շարլ Ազնավուրի արտահայտած այն դիտարկմանը, թե չի կարելի Հայաստանը Ֆրանսիային ներկայացնել ֆոլկլորի միջոցով: Հետո այդ ամենի մեղքը բարդեց պետության վրա, որ պատճաշ ուշադրություն չի դարձնում ազգային պարարվեստին: «Ֆոլկլորը պարարվեստի եւ առհասարակ արվեստի հիմքն է, այն պետք է մշակենք, զարգացնենք եւ այդ վիճակով ներկայացնենք հանդիսատեսին…Հատկապես տեխնիկայի առումով շատ ենք հետ գնացել, այսօր չունենք շարժումների այն արսենալը, որ ունեն մեր հարեւանները: Խոսքս հատկապես վերաբերում է պարի պետական անսամբլին, ես կուզենայի ավելի լուրջ եւ ճիշտ մոտեցում լիներ»: Զ. Երիցյանն էլ կարոտախտով հիշեց խորհրդային տարիների գրաքննությունը, երբ նախարարությունից հատուկ վերահսկում էին. ինչ պետք է պարել, ինչ՝ ոչ: «Երբ 1958-ին կազմակերպվեց պարի պետականը, որի մենապարուհին եմ եղել (իր անվանի գործընկերների հավաստմամբ, տիկ. Զեմֆիրան իր բեմական կարիերայի ընթացքում «Երեւանի հայկական շուկա» բեմադրության մեջ՝ «Ավլեմ-թափեմ փոշին», ընդամենը հանդես է եկել հավաքարարի դերապարով- Գ. Հ.), գրեթե պրոֆեսիոնալ պարողներ չկային, 2-3 հոգի էին խորեոգրաֆիկ ուսումնարան ավարտել: Բայց բեմադրությունների ժամանակ գեղարվեստական ղեկավարը՝ Էդվարդ Մանուկյանը, Վահրամ Արիստակեսյանը, Իլյա Արբատովը, Զարեհ Մուրադյանը եւ ուրիշներ աշխատեցին ու կարողացան սարքել հետաքրքիր ծրագիր: Ուզում եմ շեշտել, որ եթե այն տարիներին պարի պետականում պրոֆեսիոնալ չէին, ապա գոնե եկել էին իրենց սիրած արվեստը ներկայացնելու, իրենց հոգին էր խոսում: Դրա համար են բոլորը հիշում հին պարի պետականը… Այսօր մեր լավագույն համարներն են «Կինտոները», «Էնզելին», «Սուսերով պարը» (ի դեպ, բոլորը բեմադրել է Վանուշ Խանամիրյանը- Գ. Հ.)»,- հիշեց տիկ. Երիցյանը… Անուղղակիորեն անդրադարձ եղավ նաեւ Սոֆի Դեւոյանի թատրոնին: «Ես չեմ կարողանում հասկանալ՝ այդ անսամբլում կաբարեի՞ պարողներ են, վարիետեի՞, թե՞ արեւելյան»,- դժգոհեց տիկ. Զեմֆիրան: Հարցին՝ ի վերջո որն է պարի պետականի թերությունը, Զ. Երիցյանը պատասխանեց. «Գծերի հավասարություն կա, կատարում կա, բայց հոգի չկա: Այսօր կրակ չկա պարի պետականի պարերում: Իհարկե, Գագիկ Կարապետյանը մի 3-4 համար ունի՝ «Արցախը», «Հովիվների պարը», որոնք կարող են մշտապես մնալ ծրագրում, բայց դրանք կատարում չունեն»: Կիզիրյանի կարծիքով էլ. «Կատարողների հետ պետք է մեծ աշխատանք տարվի. թե դերասանի վարպետության, թե տեխնիկայի առումով»: Կապվեցինք Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանի հետ, հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է գործընկերների կարծիքը: «Կարծում եմ՝ պարարվեստի խնդիրների մասին քննարկում կազմակերպելու համար պետք էր հրավիրել ոչ թե 2, այլ մեծ թվով մասնագետների: Այդ դեպքում գուցե բանավեճը կամ քննարկումը նպատակին ծառայեր: Ինչ վերաբերում է Ալբերտ Կիզիրյանին եւ Զեմֆիրա Երիցյանին, նրանք ինձ համար «ավտարիտետներ» չեն: Հիշեցնեմ, որ ընդամենը 7 ամիս է, ինչ աշխատում եմ այս կոլեկտիվում, բայց արդեն հասցրել ենք 6 պար բեմադրել: Ունեցել ենք շրջագայություններ, մասնակցել բազմաթիվ միջոցառումների: Պարի պետական անսամբլն իր գոյության շուրջ 50 տարվա պատմության մեջ վերջապես ունեցավ իր առաջին DVD-ն, իսկ 1974-ից հետո նաեւ առաջին CD-ն: Էլ չեմ խոսում այն մասին, որ կրկնակի բարձրացել է աշխատավարձը»,- ասաց Գ. Կարապետյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել